Խայտառակ վիճակ

Խայտառակ վիճակ
Ընդամենը 2 օր առաջ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սկանդալային բացահայտումներ արեց, թե ինչ վիճակում են մեր հոգեբուժարանները եւ, առհասարակ՝ հոգեկան առողջության պահպանման խնդիրները։



ՄԻՊ-ը հոգեբուժարաններ կատարած այցելությունների արդյունքում պարզել էր, որ, չնայած հոգեբուժական օգնությունը մեզանում անվճար է, բայց կան վճարովի ապօրինի ծառայությունների տրամադրման դեպքեր։ Չնայած հարկադիր բուժման հետ կապված հարցերը հստակ կանոնակարգված են եւ օրենսդրությամբ սահմանված, սակայն կան բազում խախտումներ։ Չնայած մարդու նկատմամբ ֆիզիկական բռնությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է, սակայն հոգեբուժարաններում համատարած կիրառվում են «օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ»։



ՄԻՊ-ն արձանագրել է նաեւ, որ հոգեբուժարաններում կիրառվում են ժամկետանց դեղեր, հիվանդներին զբոսանքի չեն հանում, մասնագետների քանակն ու որակը չեն համապատասխանում պահանջվող ստանդարտներին, հոգեբուժարանները գերծանրաբեռնված են, կանանց եւ տղամարդկանց միասին են պահում, կենցաղային, սանիտարահիգիենիկ, սննդի մատակարարման պայմաններն անթույլատրելի են, կա վերանորոգման, վերազինման, նոր բուժմեթոդների կիրառման անհրաժեշտություն եւ այլն, եւ այլն։ Երբ թվարկված խախտումների ու բացթողումների ցանկին ծանոթանում ես, որքան էլ Արման Թաթոյանը փորձել է մեղմ ձեւակերպել, հասկանում ես, որ խայտառակ իրավիճակ է։ Դրանից վատ վիճակ մեկ էլ կարող է կալանավայրերում լինել։ Մինչդեռ խոսքը բուժհաստատությունների մասին է, որոնք պետք է պետության ամենօրյա հոգածության ներքո լինեին, որովհետեւ ոչ ոք եւ ոչ մեկիս հարազատներն ապահովագրված չեն հիվանդություններից, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված հիվանդություններից։