Հայաստանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ երբևէ տարածքներ չեն նվաճել

Հայաստանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ երբևէ տարածքներ չեն նվաճել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում այսպիսի մի հայտարարություն է արել. «Ոչ, մենք չունեցանք տարածքային կորուստներ, մենք այդ 800 հեկտարի նկատմամբ վերահսկողության խնդիր ունենք։ Ու եթե հիմա մենք սկսենք հեկտարներով հաշվել, ապա Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջեւանի հատվածում»: Այսինքն՝ պատգամավորը Արցախում 800 հեկտար տարածքային կորուստը փորձում է արդարացնել Նախիջևանում ինչ-որ անհայտ տարածքային «նվաճումների» միջոցով, իբրև թե՝ ինչպես նրանք են նվաճել, այնպես էլ՝ մենք:

Հարց է առաջանում, Հայաստանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ տարածքներ նվաճել են, թե՞ ոչ։ Նշենք, որ Միհրան Հակոբյանը կա՛մ մտավոր խնդիրներ ունի կա՛մ էլ զբաղված է ստահոդ ու քարոզչական տեղեկատվության տարածմամբ։ Հայաստանի զինված ուժերը երբևէ այդպիսի գործողություն չեն իրականացրել և չեն էլ կարող, քանի որ համանման գործողությունների արդյունքում ՀՀ-ն հանդես կգա ագրեսորի դիրքերից, իսկ դա էլ միջազգային սկանդալի և լրջագույն կոնֆլիկտի պատճառ կդառնա, որի մեջ կներգրավվեն տարածաշրջանային գրեթե բոլոր երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը։ Եթե Հայաստանը զորք մտցնի Նախիջևանի տարածք, ապա պատասխան հարված կստացվի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից։

Իրականում ի՞նչ գործողություններ են Նախիջևանի սահմանագծի երկայնքով իրականացրել Հայաստանի Զինված ուժերը:

2014 թվականին Նախիջևանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսը վերափոխվեց և առանձին 5-րդ բանակի կարգավիճակ ստացավ: Վերափոխումն այդ իրականացվել էր թուրք զինվորականների հաճախակի այցելություններից հետո: Ադպիսով ադրբեջանցիները փորձում էին ցույց տալ, որ Նախիջևանում տեղակայված զորքերը պատրաստ են ամեն պահ անցնել հարձակման: Ռազմաքաղաքական այս ակտի արդյունքներն երկար սպասեցնել չտվեցին, հենց 2014 թվականին Երասխում ադրբեջանցի դիպուկահարները խոցեցին ՀՀ ԶՈՒ-ի երկու զինծառայողների:

Հայկական կողմի պատասխանը նույնպես բավական կոշտ էր, Նախիջևանի հետ սահմանագծի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնող 4-րդ բանակային կորպուսի համապատասխան ստորաբաժանումները հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ ի հաշիվ շփման գծի և ՀՀ տարածքի առաջ տվեցին հայկական դիրքերը: Այսինքն հայկական զորքերը որևէ կերպ չեն խախտել Նախիջևանի հետ սահմանը, պարզապես մարտական հենակետերն են մարտական հերթապահություն իրականացնելու տեսանկյունից առավել նպատակահարմար տարածքներ տեղափոխել։

Մի՞թե այս գործողությունը որևէ կերպ համարժեք է Արցախի Հանրապետության արձանագրած տարածքային կորստի հետ։ Ինչպես տեսնում ենք համեմատության նույնիսկ չնչին եզր էլ չկա։ Փաստորեն Միհրան Հակոբյանը զբաղված է պարզունակ քարոզչությամբ և այդ ճանապարհին կանգ չի առնում նույնիսկ ակնհայտը խեղաթյուրելու առջև։

2014 թ․ իրականացված գործողության հետ կապված արժի նշել, որ Նախիջևանի Սադարակ գյուղից մինչև Երևան 60 կմ է, այսինքն մայրաքաղաքը ուղիղ հարվածի տակ է, բայց վերևում նշված ռազմական տեղաշարժերի շնորհիվ այլևս շփման գծի ողջ երկայնքով գրեթե բոլոր բարձունքները վերահսկում են հայկական զորքերը: Այսինքն Նախիջևանի ամբողջ տարածքը գտնվում է հայակական կրակի սպառնալիքի ներքո: Սադարակ գյուղն առանց խոշոր տրամաչափի հրետանային միջոցների կիրառման հնարավոր է հաշված րոպեների ընթացքում հողին հավասարեցնել: (Գյուղն այդ ավելի շքեղ է քան Երևան քաղաքի կենտրոնը):