Ի սկզբանե էր Բանը

Ի սկզբանե էր Բանը
Մի զուսպ, հավասարակշիռ, ծանր, անտողատակ խոսք լիներ՝ այս օրվա հետ հեղինակի չեզոքությամբ գար-սթափեցներ: Կայքից կայք ես անցնում, եղածը բամբասանք է, հոխորտանք, փողոցային զազրախոսություն, որ արդեն վարակել է նույնիսկ մտավորականի համարում ունեցող մարդկանց, դարձել մի տեսակ «օրինաչափություն»: Որպեսզի իր տեսակի մեջ ավելի նվիրյալ երեւան: Որպեսզի ռիթմից չընկնեն: Բարեկրթությունը դիտվում է նոնսենս, եւ հրապարակային խոսքը որքան գետնաքարշ-կենցաղային, այնքան, ըստ երեւույթին, մեծամասնությունից պահանջված է: Մենք կորցրել ենք Բառի հանդեպ հարգանքը:



Մենք վերածվել ենք ամբոխի: Բոլոր պայմանականությունները վերացել են: Ֆեյսբուքը հեղեղված է գռեհկաբանություններով: «Ստատուս» գրողին թվում է՝ որքան հայհոյախառը խոսի, այնքան կարեւորվում է: Սարսափելի է տեսնել, որ նման գրությունները գրեթե նույն բառապաշարով եւ ոճով «քոմենթ» են անում Հայոց աշխարհի փափկասունը տիկնայք (աղջիկները): Համացանցում կայքեր, բլոգներ կան՝ իբր գրական հարթակներ են: Ահավոր է: Ոչ մի «հեղինակ» գրական հայերենով չի գրում, ամեն մեկն՝ իր գավառի, թաղի, փողոցի լեզվով: Եւ մեծամասամբ՝ բավարարված կամ չբավարարված սեռական հաճույքների, տվայտանքների մասին: Մի անգամ «Կամասութրա» են կարդացել՝ տպավորվել-մնացել է: Մի զգաստացնող, ծնողական ապտակի պես, խոսք լիներ՝ այս առավոտի հետ խումհարահար բոլորիս երեսին «պայթեր»... Պատասխանատու խոսք լիներ: Չկա:



Ինչ որ ունեցել ենք՝ անցյալի գրքերում է: Ո՞վ է կարդում: Հիմա բոլորն «ասող» են: Ամեն մեկն ունի «համազգային ծրագիր», տիրապետում է «տիեզերական գաղտնագրությանը»: Բոլորը բոլորից դժգոհ են, նյարդայնացած, զսպանակի պես կծկված: Ե՞րբ, ու՞մ գլխին է ճայթելու այս հավաքական դժգոհությունը: Այս լուռ թշնամանքն ինչպե՞ս է պարպվելու: Վեհացնող, գետնաքարշ առօրյայից կտրող մի բան լիներ՝ գիրք, ներկայացում, ֆիլմ, օպերա, քանդակ, մի արձան կամ Մարզահամերգայինի նման հպարտացնող կառույց, դեպի ուր մարդիկ գնային մաքուր երկյուղածությամբ: Ոչինչ չկա, որովհետեւ ասպարեզից արտաքսվել է Խոսքը: Ասվել է «Արցախով՝ դեպի Մուսալեռ», եւ հավաքել հարյուր հազարավորների: Հիմա ի՞նչ կարգախոս ունենք, ի՞նչ նպատակ ենք նետում ապագային: Չգիտենք, օրախնդիր, օրավարձու-հացկատակ գոյություն ենք: Մի բան էլ ավելի՝ ճամպրուկները կապած՝ ընդունող-ապաստանող երկրի փնտրտուքի մեջ ենք: Մի ոտքով ենք այստեղ, մյուսն օվկիանոսից անդին է, եվրոպաներում, նվազագույնը՝ ռուսաստանների ինչ-որ գերանակապ տների ավանում: Հայրենիքը Խոսող չունի, ներսից դատարկվել է: Մնացածը ժամանակի եւ հանգամանքների խնդիր է՝ ե՞րբ, ինչպե՞ս: Բոլոր որոնումներն անիմաստ են, եթե որպես վճռական Խոսք չեն ձեւակերպվում: Աբովյանի «Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում» բացականչությունից է ծնվել ազատագրական շարժումը: Ո՞րն է աշխարհին նետած՝ մեր այսօրվա Խոսքը: Չկա: Հայոց խոսքի աշխարհում խախտվել է «Ի սկզբանե էր Բանը» սկզբունքը: Ո՞վ է վերականգնելու: Ով վերականգնի՝ կդառնա ժամանակի Հերոսը: Մյուսներն անցողիկ են...