Դա անխուսափելի է եւ կոչվում է գլոբալիզացիա

Դա անխուսափելի է եւ կոչվում է գլոբալիզացիա
Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում, հատկապես տեղեկատվական եւ տրանսպորտային կոմունիկացիաների առաջընթացի պայմաններում, աշխարհն անհամեմատ ավելի փոքր է դարձել, տարբեր մշակույթներ սերտաճում են միմյանց հետ, մարդիկ արդեն աշխարհագրական մեծ հեռավորությունների վրա շատ ավելի հեշտությամբ են համագործակցում, ու այդ ամենը, բնականաբար, ստեղծում է այնպիսի մի իրավիճակ, որ մարդիկ ստիպված են ընդունելու որոշակի վերազգային կանոնակարգ, որին որ պիտի սկսեն հարմարեցնել սեփական ներմշակութային կամ ներազգային կանոնակարգերը, որն էլ իր հերթին բերում է տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց վարքականոնների նույնականացման: Դա է պատճառը, որ այսօր, առավել քան երբեւէ, աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ նման են միմյանց իրենց կենցաղով, հագուկապով, դավանած արժեքներով ու անգամ՝ արտաքինով:



Դա անխուսափելի գործընթաց է եւ կոչվում է գլոբալիզացիա: Մարդկության խնդիրն է՝ ժամանակակից գլոբալիզացիոն համահարթեցման դարաշրջանում կարողանալ պահպանել իրենց մշակութային բազմազանությունը, որովհետեւ մշակութային տարբերությունները ժամանակակից աշխարհում հաճախ նաեւ խոչընդոտում են մարդկանց ինքնահաստատմանն ու առաջընթացին, ու տարբեր մշակույթներին բնորոշ շատ առանձնահատկություններ, որոնք նախկինում լրիվ կամ մասնակիորեն մեկուսի մշակույթների պայմաններում մարդկանց համար պրակտիկ անհրաժեշտություններ էին, այսօր ուղղակի ավելորդություններ կամ նույնիսկ խանգարող երեւույթներ են դառնում։



Հետեւաբար, մարդիկ աստիճանաբար սկսում են մերժել դրանք, որի արդյունքում խստագույնս տուժում է մշակութային բազմազանությունը: Եվ դա է պատճառը, որ ժամանակակից աշխարհում մարդկանց մշակութային, սեռական ու ռասայական առանձնահատկությունների նկատմամբ իրենց անձնային իրավունքների գերակա լինելու խնդիրն անկյունաքարային է դառնում: Սակայն անձը պարտադիր կերպով ունի սեռ, իր մեջ պարտադիր կերպով կրում է որոշակի մշակույթ եւ ինչ-որ ռասայի ներկայացուցիչ է, եւ հենց դրանցով է պայմանավորված նրա ինքնությունը: Ահա, այս դիլեման է ժամանակակից մարդու թիվ մեկ խնդիրը, ու մարդկային քաղաքակրթության հետագա ընթացքը կախված կլինի հենց այս դիլեմայի լուծման այն տարբերակից, որը որ կընտրի մարդկությունը 21-րդ դարում: