Բակո Սահակյանի այցն ԱՄՆ՝ ադրբեջանական դիվանագիտության անհաջողությունն էր

Բակո Սահակյանի այցն ԱՄՆ՝ ադրբեջանական դիվանագիտության անհաջողությունն էր
Հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը միջազգային նշանակության կարեւոր իրադարձություն է, որը, սակայն, պետք չէ չափազանցնել՝ կարծում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան **Արման Նավասարդյանը**․ «Չափազանցնել այն, ինչ հիմա արվում է, եւ ասել, որ սա դարակազմիկ երեւույթ է Հայաստանի համար, եւ այն կլուծի մեր բոլոր հարցերը, ես ձեռնպահ կմնայի։ Շատ լավ է, որ հարյուրից ավելի երկրներից գալու են․ սա կլինի մշակութային դիվանագիտության փայլուն հնարավորություններից մեկը, բայց դա կանցնի-կգնա։ Մենք դրա կողքին ունենք ավելի սուր, հրատապ, այժմեական խնդիրներ»։



Թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հայկական կողմն ինչպես կարող է օգտագործել ի շահ իրեն, Արման Նավասարդյանը կարծում է, որ լավագույն դիվանագիտությունն այն է, որը հմտորեն օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում՝ բացառապես նաեւ մշակույթի միջոցները․ «Հենց ֆրանսիական դիվանագիտության ուժը դրանում է կայանում, իմիջիայլոց, Խորհրդային Միությունը շատ լավ էր օգտագործում դա։ Ես, օրինակ, աշխատում էի երկրներում, որտեղ շատ հակախորհրդային տրամադրություններ կային Աֆղանստանի պատերազմի ժամանակ, եւ հանկարծ Մոսկվան ուղարկում էր Մեծ թատրոն կամ մի մեծ ցուցահանդես՝ Պուշկինի թանգարանից, եւ նույն ամերիկացիներն ու ֆրանսիացիներն ինձ հարց էին տալիս, թե երկիրը, որն ագրեսիա է կազմակերպում այլ երկրի դեմ, ինչպե՞ս կարող է ունենալ այսպիսի մշակույթ։ Սա ասացի այն առումով, որ մենք այս առիթը պետք է օգտագործենք մեր խնդիրները լուծելու համար՝ նախ պրոպագանդել մեր մշակույթը եւ դրա կողքին աննկատ, 2-րդ շերտով բարձրացնել այն հարցերը, որոնք այսօր դրված են մեր առաջ՝ Արցախ։ Օրինակ, իմ նպատակներից մեկն այս է՝ ում բերում եմ Հայաստան, տանում եմ Արցախ։



Իսրայելի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսքինին ես տարա Արցախ, որտեղ նա Բակո Սահակյանի հետ հանդիպեց։ Այս ուղղությամբ պետք է քայլեր արվեն, բացատրել, թե Հայաստանն ինչպիսի երկիր է, իրենից ինչ է ներկայացնում, եւ ինչ խնդիրների առաջ ենք մենք կանգնած, որովհետեւ ղարաբաղյան հարցը ես չեմ դիտում Հայաստանի, Ադրբեջանի կամ Արցախի մեջ որպես տարածքային հակասության հարց, ես համոզված եմ, որ այսօր մեր տարածաշրջանում տեղի է ունենում արմենացիդ քաղաքականություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, հայերին ոչնչացնելու ծրագրված քաղաքականություն է վարվում։ 1915-ի եղեռնն իր տրամաբանական շարունակությունն է ունեցել եւ ունենում է առայսօր։ Սա իրողություն է, որ պետք է կարողանանք հասկացնել քաղաքակիրթ աշխարհին, որ այստեղ, այս տարածքում Հայաստանի դեմ մղված այս ամբողջ քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Հայաստանին՝ առաջին քրիստոնյա պետությանը, այլեւ սա ուղղված է քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Էրդողանի քաղաքականությունն այսօր այդ ուղղությամբ է զարգանում, եւ Հայաստանն արգելքներից մեկն է նրա ճանապարհին։ Երբ մի ամիս առաջ Ալիեւն ասաց, որ Երեւանը, Սեւանը պետք է գրավեն, շատերն ասացին, որ պարծենկոտություն է անում, բայց ես համաձայն չեմ, սա հենց այնպես ասված բան չէ, դա սցենարային մի մաս է, այն, ինչ Թուրքիան չի ասում, ասում է Ադրբեջանի բերանով։ Հիմա ամեն մի միջոցառում պետք է օգտագործվի այս ուղղությամբ, կա պրոպագանդա, հակապրոպագանդա, անգամ դեզինֆորմացիա՝ սրանք են դիվանագիտության հիմնական գործիքները»։



Անդրադառնալով մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցին ԱՄՆ եւ դրա քաղաքական նշանակությանը, Արման Նավասարդյանն ընդգծեց, որ դա քաղաքական կարեւոր երեւույթ էր։ «Ես առանց տատանվելու կարող եմ ասել, որ սա ադրբեջանական դիվանագիտության անհաջողությունն է եւ հայկական դիվանագիտության հաջողությունը։ Իր տեսակի մեջ սա ճեղքում էր՝ Բակո Սահակյանի այցելությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հատկապես այսօրվա տորբուլենտային իրավիճակում։ Արեւմուտք-Արեւելք առճակատման ժամանակ եւ Լեռնային Ղարաբաղի հարցում այն քաղաքականությունը, որ այսօր Ադրբեջանն է վարում, կարծում եմ, որ սա շատ կարեւոր է։ Սա նաեւ չի նշանակում հարցի լուծում այն առումով, որ վաղը ԱՄՆ-ն փոխում է իր ամբողջ ձեւաչափը՝ խոսքը գնում է միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու մասին։ Չնայած նման ընթացքը խոսում է այն մասին, որ Ղարաբաղը կարող է միջազգային օբյեկտից վերածվել սուբյեկտի, եթե այս ձեւ շարունակվի, որովհետեւ կա նաեւ Ֆրանսիայի քաղաքականությունը, որը գնում է այս ճանապարհով։ Եվ ես շատ եմ կարեւորում, որ այնտեղ դա օրենսդրական մարմիններն են, այսինքն՝ սրանք այն ուժերն են, որ այսօր գերակայում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունում, որովհետեւ, եթե ասում են Պոմպեոյի գալուց հետո Կովկասն ընդհանրապես կընկնի ԱՄՆ ուշադրության կենտրոնից, ես համաձայն չեմ դրա հետ։ Սա խոսում է այն մասին, որ այս գործընթացը կարող է շարունակվել, եւ Ֆրանիսիան կգնա այս ուղղությամբ։ Եվ այստեղ անմիջապես հարց է ծագում՝ իսկ Ռուսաստա՞նը։ Կա Մինսկի խումբ, որն իր տեսակի մեջ ուրույն մեխանիզմ է եւ այսօրվա քաղաքական բարդ իրավիճակում այս տարածաշրջանում իրենից ներկայացնում է մասնակիցների կոնսենսուս՝ ի տարբերություն մյուս քաղաքական երեւույթներին, որն Ուկրաինան է, Սիրիան։ Այսինքն՝ այս 3 համանախագահներն ունիսոն են գնում, աշխատում են մի ձեւ եւ ուզում են համաձայնության գալ։ Հիմա, եթե Ռուսաստանը հետ մնաց այս գործընթացից, եւ Ամերիկան, Ֆրանսիան ավելի ուժեղանան, դա կստացվի 3-1, եւ դա ո՛չ Հայաստանի օգտին կխոսի, ո՛չ էլ Ռուսաստանի։ Սա ասում եմ նրա համար, որ մեր դիվանագիտությունն այսօր ամեն ինչ պիտի անի, որ նման պատվիրակության հաջորդ այցելությունը լինի Մոսկվա»,- եզրափակեց Նավասարդյանը։