Facebook-ը սուզվում է, Լոնդոնը՝ համոզում, Թրամփը՝ դիմագրավում

Facebook-ը սուզվում է, Լոնդոնը՝ համոզում, Թրամփը՝ դիմագրավում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի առիթով ասել էր, որ կյանքի տեմպն անհամեմատ արագացել է ժամանակակից աշխարհում: «1962-ի Կարիբյան ճգնաժամի օրերին JFK-ն (ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին) որոշում կայացնելու համար ամբողջ երկու շաբաթ ժամանակ ուներ: Ես 2013-ին` Ասադի քիմիական զենք կիրառմանը պատասխանելիս, ընդամենը երկու օր ժամանակ ունեի: Այդքան մեծացել է որոշումներ կայացնելու ճնշումը եւ տեմպը»: Օբաման ավելի քան ճիշտ է, նույնիսկ եթե պատասխանելը մի կողմ թողնվի, ինչը վերջնահաշվում իշխանությունների եւ առաջնորդների խնդիրն է, միայն breaking news իրադարձություններն արձանագրել-հետեւելուն էլ ժամանակը չի բավարարում ժամանակակից աշխարհում: Դեռ շաբաթվա կեսն է անցել, բայց միջազգային սկանդալային զարգացումների հաշիվն արդեն հնարավոր չէ պահել:



**Ցուկերբերգը խոսեց, բայց հարցերը մնացին**



Իհարկե, ամենամեծ աղմուկի մեջ Facebook-ը եւ Cambridge Analytica-ն են հայտնվել: Cambridge Analytica-ն Մեծ Բրիտանիայում գրանցված քաղաքական խորհրդատվական կազմակերպություն է, որը, ինչպես բացահայտեցին բրիտանական Channel 4-ի լրագրողները եւ Cambridge Analytica-ի նախկին աշխատակիցներից մեկը, 2014-ից ռուսական «Լուկօյլի» ներգրավվածությամբ եւ Թրամփի ստրատեգ Սթիվեն Բեննոնի ապահոված 15 միլիոն դոլարի ֆինանսավորմամբ հոգեբանական ներգործության ալգորիթմներն են մշակել` ԱՄՆ ընտրություններում կարողացածի չափ ընտրողների վրա ներազդելու համար: Ալգորիթմները մշակելու համար Cambridge Analytica-ի կողմից Facebook-ի սերվերներից 50 միլիոն ֆեյսբուքյան օգտատիրոջ տվյալներ են վերցվել եւ մշակվել` առանց նրանց գիտության, գործող կանոնների ոտնահարմամբ: Cambridge Analytica-ի այս շաբաթ պաշտոնանկ արված տնօրեն Ալեքսանդր Նիքսը Channel 4-ի թաքնված տեսախցիկների առջեւ, չկասկածելով, որ լրագրողների հետ է խոսում եւ տեսագրվում է, ահագին գլուխ էր գովացել, թե իրենք ինչպես են օգնել Թրամփին՝ 2016-ի ընտրություններում հաղթելու: Այժմ Cambridge Analytica-ի դեմ ապօրինի գործունեության համար հետաքննություն է սկսված, եւ կարելի կասկած չունենալ, որ ընկերությունը ոչ միայն տուգանքների ենթարկվելով կարողությունը կկորցնի, այլեւ մի քանիսը, հավանաբար, ճաղերից այն կողմ կհայտնվեն:



Facebook-ի դեմ այս շաբաթ նույնպես հետաքննություն սկսվեց օգտատերերի տվյալների ապօրինի օգտագործման ամբաստանությամբ: Թե՛ Բրիտանիայի, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի խորհրդարանների հանձնաժողովները Մարկ Ցուկերբերգին հրավիրում են հարցաքննության: Ցուկերբերգը շաբաթվա սկզբից ոչինչ չէր մեկնաբանում, լռություն էր պահպանում, մինչ Facebook-ի 100 միլիարդ դոլար գնահատված արժեքը երկու-երեք օրում 50 միլիարդ դոլարի անկում գրանցեց: Երեկ Ցուկերբերգը վերջապես լռությունը խախտեց, CNN-ին տված հարցազրույցում ափսոսանք հայտնեց կատարվածի համար, որոշ չափով ներկայացրեց, թե տվյալների հոսքն ինչպես է եղել, ում է ինքը մեղադրում, այսուհետ ինչ պետք է արվի եւ այլն, բայց շատ ավելի հարցեր մնացին անպատասխան: Ցուկերբերգին, միեւնույն է, սպասում են թե՛ ԱՄՆ Կոնգրեսում, թե՛ ՄԹ Համայնքների պալատում, թե՛ ԵՄ խորհրդարանում: Հետաքրքիր է, թե այս փորձությունից հետո Facebook-ի արժեքից ինչ կմնա մեկ շաբաթ, մեկ ամիս հետո, եթե, իհարկե, Facebook-ն ապագա ունենա եւ ընդհանրապես մնա:



**Մեյը մոբիլիզացնում է Եվրոպան**



Գալով Սոլսբերիում ՌԴ-ի իրականացրած մահափորձի շուրջ զարգացումներին, չնայած Facebook-ի եւ Cambridge Analytica-ի սկանդալն այժմ դա էլ է ստվերել, չորեքշաբթի Միացյալ Թագավորության ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ հանդես եկավ` վերստին կրկնելով, որ ռուսական ГРУ-ի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի մահափորձը կազմակերպվել է Կրեմլից: Հայտնի է, որ Կրեմլը հայտարարում է, թե, իբր, Ռուսաստանը չի կանգնած մահափորձի ետեւում, սակայն անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները համատեղ հայտարարությամբ նման մեղադրանք ներկայացրին Ռուսաստանին, նույնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արեցին հիշյալ երկրները ներկայացնող դեսպանները: Իսկ ընթացիկ երկուշաբթի օրը` մարտի 19-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների գագաթնաժողովում եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացրեց մահափորձի մանրամասները: Ե՛վ ԵՄ անդամ երկրները, ե՛ւ ՆԱՏՕ-ն հայտարարեցին Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության մասին, կատարվածը գնահատեցին որպես Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպայի հանդեպ քիմիական զենքի գործադրում եւ Ռուսաստանից պահանջեցին բացատրություն:



Որքան էլ Ռուսաստանը թութակում է, թե, իբր, Կրեմլը չի կանգնած մահափորձի ետեւում, բրիտանական Porton Down-ի գիտնականները հաստատել են, որ Սոլսբերիում կիրառված քիմիական թունանյութը Ռուսաստանում սինթեզվող новичок խմբից է, որը ռազմական կիրառության քիմիական նյութ է: Այս շաբաթ արդեն Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի գործադրմանը հետեւող միջազգային կառույցի՝ OPCW-ի (Organization for the Prohibition of Chemical Weapons) գիտաշխատողները ժամանեցին Մեծ Բրիտանիա, Սոլսբերի` հանցանքի վայրի եւ կիրառված քիմիական թունանյութի փորձաքննություն անցկացնելու համար:



Իհարկե, Եվրոպայի դեմ քիմիական զենք գործադրելն այն հանցանքը չէ, որ Ռուսաստանին ներվի, եւ ՌԴ դիվանագետների արտաքսումից հետո այժմ Բրիտանիայի կառավարությունը Լոնդոնում գտնվող ՌԴ քաղաքացիների եւ կազմակերպությունների բանկային հաշիվների հետաքննությամբ է զբաղված` դրանց հնարավոր սառեցման համար: Ըստ մամուլ հասած լուրերի, վարչապետ Թերեզա Մեյն աշխատում է նաեւ այն ուղղությամբ, որ ԵՄ մյուս երկրներից էլ ռուս դիվանագետներին արտաքսեն: Սա սկիզբն է:



**Թրամփի չվերջացող խնդիրներն ու պատմությունները**



Վերջապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, դեպի ում ձգվում են Facebook-ը եւ Cambridge Analytica-ը ցնցած սկանդալի թելերը: Սակայն հնարավոր է Թրամփը գուցե այդ մասին դեռ չի էլ մտածում, որովհետեւ մի քանի այլ սկանդալներ նրան արդեն խեղդում են: Մի կողմ թողած արդեն քանի օր տեւող աղմուկը, որ առաջացրեց Թրամփի` ՌԴ նախագահ Պուտինին զանգահարելը եւ շնորհավորելը, երբ բոլոր խորհրդականները հորդորել էին չզանգել: Թրամփի ավելի մեծ խնդիրն այն է, որ 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը վերջապես հարցաքննելու է Թրամփին, հնարավոր է` հենց այս շաբաթ: Եվ, ահա, երեկ հրաժարական ներկայացրեց Թրամփի անձնական փաստաբանների խմբի ղեկավարը, այն խմբի, որը կառուցում է Թրամփի պաշտպանությունը Մյուլլերի հետաքննությունում: Հարցաքննության նախօրեին նման հնչեղ հրաժարականը խոսում է Թրամփի դիրքերի թուլության, եթե ոչ` անհուսության մասին:



Ընդ որում՝ Թրամփը շաբաթվա սկզբից թվիթերյան հարձակում էր ծավալել Մյուլլերի դեմ, բայց ոչնչի չհասավ, քանի որ Կոնգրեսում անգամ հանրապետականները Թրամփին հրապարակավ զգուշացրին, որ ԱՄՆ-ն իրավունքի եւ օրենքի երկիր է, եւ եթե ԱՄՆ նախագահը միջամտի կամ խոչընդոտի Մյուլլերի հետաքննությանը, առավել եւս՝ փորձի նրան աշխատանքից հեռացնել, դա սկիզբ կդնի Թրամփի նախագահության վերջին, ուղղակի Թրամփի դեմ Կոնգրեսում իմփիչմենթի գործընթաց կսկսեն: Արդյունքում Թրամփն այս շաբաթ պատրաստվում է երեւի իր կյանքի ամենաճակատագրական հանցաքննությանը:



Այդքանը քիչ էր, մի ուրիշ խնդիր էլ շոումեն Թրամփի համար իր նախկին սիրուհիներն են ստեղծել: Նրանցից մի քանիսը, ովքեր սեքս-ինդուստրիայի ճանաչված ֆիգուրներ են` մոտավորապես Քիմ Քարդաշյանի կարգի, Թրամփի դեմ հայցեր են ներկայացրել դատարան իրենց ունեցած սեքսուալ արկածների թեմատիկայով: Թրամփը չի կարող հերքել նրանց հետ ունեցած արկածների փաստը, քանի որ տարբեր ժամանակներում բոլորին էլ ինչ-որ գումարներ է վճարել լռելու դիմաց եւ լռելու պարտավորությունն էլ ամրագրել է NDA (Non Disclosure Agreement) տեղեկություն չհրապարակելու պայմանագրերով: Այժմ Թրամփի իրավաբաններն այդ կանանց հրապարակավ սպառնում են, թե մի քանի միլիոնի դատական հայցեր կներկայացնեն, եթե նրանք խոսեն: Կանանց իրավաբաններն էլ փաստարկում են, որ նրանք իրավունք ունեն խոսելու: Համարյա հայկական հեռուստաեթերի «Կիսաբաց լուսամուտների» պատմություն, միայն ոչ թե սցենարիստների կողմից հորինված, այլ իրական եւ այն էլ՝ ԱՄՆ նախագահին ներառող: Ծավալվող տաբլոիդային այդ պատմության գլխավոր արարն առաջիկա կիրակի է` մարտի 25-ին, երբ սեքս աստղերից մեկը, ինչպես արդեն քանի շաբաթ հայտարարվում է, գնում է եթերում հարցազրույցի։