Ես գտնում եմ, որ մեր ազգին որեւէ կուսակցություն պետք չէ

Ես գտնում եմ, որ մեր ազգին որեւէ կուսակցություն պետք չէ
_Հարցազրույց արցախյան հրամանատար __**Արկադի Կարապետյանի (Արկո)**__ հետ։_



**- Պարոն Կարապետյան, Ալիեւը գրեթե ամեն օր հայտարարում է, որ Երեւանը, Հայաստանի շրջանների մեծ մասն իրենցն են: Ու սա շատերը զուտ հռետորաբանություն չեն համարում, այլ իրական պատերազմի սպառնալիք, ու պահանջում, որ միջազգային հանրությունը հիմա, քանի դեռ պատերազմ չկա, արձագանքի:**



Շատ ճիշտ են մտածում այդ մարդիկ: Ալիեւը 2016 թվականին Սարսանգի գործը տարավ Եվրոպա՝ այնտեղից պատերազմ սկսելու դաբրո ստանալու համար: Եվ ստացավ: Ու սկսեց պատերազմ: Ապրիլյան պատերազմը, եթե հիշում եք, դրանից հետո էր: Հիմա ինքն ասում է՝ նորից եմ ուզում պատերազմել, բայց էս անգամ՝ Հայաստանի հետ: Էդքան բան: Ասում է, չէ՞, Երեւանն իմն է… Հո հենց այնպես չի՞ ասում: Էդ ինչո՞ւ հանկարծ սկսեց նման հայտարարություններ անել:



**- Մեզ մոտ ասում են՝ ֆաշիստ է, հռետորաբանություն է եւ այլն:**



Թշնամուն թերագնահատելուց զահլես գնում է: Ֆաշիստ է, գիժ է, ինչ է, բայց իր ազգին զգոնության մեջ է պահում: Եվ ես պատերազմի հնարավորությունը համարում եմ շատ մոտ: Հենց Հայաստանի հետ, ոչ միայն Ղարաբաղի: Չնայած Ղարաբաղն էլ է Հայաստան: Սա ասում եմ, որ մարդիկ զգան, ոչ միայն իշխանությունը, ժողովուրդն էլ լուրջ վերաբերվի՝ լուրջ չեն վերաբերվում: Էդտեղ՝ Երեւանում կան, չէ՞, մարդիկ, որ ասում են՝ թուրքերի հետ խաղաղություն եւ այլն: Եթե մարդն ուզում է քեզ սպանի, իր հետ ի՞նչ խաղաղություն: Էլեմենտար բաներ եմ ասում, ըտենց մի եսիմ ինչ չեմ ասում: Ես պատահական չեմ համարում իր առաջադրումը եւ չեմ բացառում, որ մինչեւ մայիսի 26-ը՝ իրենց հանրապետության կազմավորման 100-ամյակին, ինքն ուզենա իր ժողովրդին նվեր անի: Գուցե իրենց էդ պլաններից հրաժարվեն, մի քիչ հետո կռիվն սկսվի: Բայց այդ վտանգը շատ մեծ է: Բայց ասում եմ՝ հանկարծ որ սկսեն, ասեմ, որ մինչեւ մայիսի տոները՝ մեր, մենք իրենց ջախջախելու ենք:



**- Լավ, այս իրավիճակում ելքը ո՞րն է:**



Մեր միասնության մեջ է, մեր համախմբման:



**- Իսկ այդ միասնությանը նպաստո՞ւմ է, որ հայրենիքի համար արյուն թափած, այդքան ավանդ ներդրած մարդիկ այսօր բանտերում են՝ Ժիրայր Սեֆիլյան, Սամվել Բաբայան:**



Մենակ Սամվել Բաբայանը չէ, որ ավանդ ունի: Երկրորդ՝ եթե պատմությունը չգիտեք, դրա մեջ մի մտեք: Իմ դիրքորոշումն այն է, որ ո՛չ Ժիրոն պետք է նստի, ո՛չ Սամվել Բաբայանը: Ես այդպես եմ համարում՝ որպես մարդ, որպես հրամանատար: Բայց այդտեղ շատ հարցեր կան, որոնց մասին տեղյակ չեք:



**- Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ ռազմի դաշտում եղե՞լ եք:**



Ժիրայր Սեֆիլյանն իմ զինվորն է եղել, իմ ենթական: Բայց էդ էլ կապ չունի, ես համարում եմ, որ մեզ դատապարտյալներ պետք չեն: Ոչ մեկը: Ինքը՝ առավել եւս: Ես համարում եմ, որ որեւէ հարց կարելի է նստել-քննարկել, ես համարում եմ, որ նման տղաների հետ կարելի էր նստել եւ լեզու գտնել, գալ ընդհանուր հայտարարի եւ իրենց ներուժն էլ օգտագործել: Ես այդպես եմ մտածում, հիմա թե դատարանն ինչ է մտածում, ընդդիմությունը՝ ինչ, իշխանությունը՝ ինչ, դա ինձ չի վերաբերում:



**- Կոմանդոսը, օրինակ, ասել էր, որ ցավ է ապրում Սեֆիլյանի համար, բայց, ըստ նրա, զինվորականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ: Համամի՞տ եք:**



Զինվորականն արդեն քաղաքականությամբ է զբաղվում, որովհետեւ ամենամեծ առաքելությունն է կատարում՝ հայրենիքը պաշտպանում է: Էդ իմաստով ինքն ամենամեծ քաղաքագետն է, բայց օրենքն արգելում է որեւէ զինվորականի մտնել կուսակցության մեջ: Ես, առհասարակ, գտնում եմ, որ մեր ազգին, ավելին՝ մարդկությանը, որեւէ կուսակցություն պետք չէ: Կուսակցությունները պառակտման լավագույն միջոցն են՝ որեւէ ազգի: Բայց դե, էսօրվա դրությամբ ողջ աշխարհն այդ սխեմայով է ապրում, հիմա իմ ասածը ոնց որ տարօրինակ է, մի քիչ այնպես, կարծես ես ժամանակակից աշխարհի մարդ չեմ, բայց ես էդպես եմ մտածում: Սրանք, ինձ թվում է, շատ պարզ բաներ են:



**- Այսինքն՝ կուսակցություններն են քայքայում երկիրը:**



Այո, բոլորը:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**