Դեգրադացիա

Դեգրադացիա
Մարտի 21-ից սկսվել է իրանցիների Նոր տարին՝ Նովրուզ բայրամը, որը տեւում է 13 օր։ Այս օրերին Հայաստան են ժամանել մեծ թվով իրանցիներ՝ ընտանիքներով, մեծ խմբերով։



Հատուկ չարտերային թռիչքներ են նախատեսվել, տուրօպերատորներն են մեծ աշխատանք տարել, հատկապես մայրաքաղաքում ամենուրեք լսվում է պարսկերեն խոսք, չադրաներով կանայք են շրջում, հայ երեխաներից տարբերվող իրանցի մանուկներ են վազվզում։ Լավ է՝ պետք է ուրախանանք Հայաստան մտնող ամեն զբոսաշրջիկով՝ հասկանալով, որ նրանք ոչ միայն ֆինանսական ներարկում են անում մեր տնտեսության մեջ, այլեւ փարատում են փակ սահմաններով, փակուղի մղված երկրի կարգավիճակի մասին պատկերացումները։ Երկիր, որը հրապուրիչ չէ օտարազգիների համար։ Անգամ եթե այդ օտարազգին արեւելյան փակ երկրից ժամանող զբոսաշրջիկն է, որը եկել է մի քանի օր զվարճանալու, հանգստանալու, իր երկրում արգելված զբաղմունքներին տրվելու։ Այս առումով այն նեգատիվը, որ մեր հասարակության որոշ հատված զգում է իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ, պետք է հաղթահարվի։ Այն պատիվ չի բերում մեզ, օգտակար չէ եւ մեր մասին ոչ մի լավ բան չի ասում։



Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ վերաբերվենք, երբ տեսնում ենք, թե ինչպես են երիտասարդ հայ աղջիկները խմբերով այցելում իրանցիների գիշերային ակումբները՝ նրանց զվարճացնելու եւ մի քանի դրամ «աշխատելու»։ Ընդ որում՝ եթե անցյալում այդ ակումբներ այցելում էին «գիշերային թիթեռնիկները», որոնց տեսքից ու հագուկապից հստակ երեւում էր «պրոֆեսիոնալ» ուղղվածությունը, ապա այժմ այդ ակումբներ մտնող աղջիկների ե՛ւ տարիքն է ավելի նվազել, ե՛ւ արտաքինն էլ նշված կատեգորիային պատկանելու մասին չի վկայում։ Տխուր, տհաճ իրողություն, որի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։