Շուշիի մասին

Շուշիի մասին
«Ղարաբաղի պատմության» հեղինակը, [պատմելով](http://zerrspiegel.orientphil.uni-halle.de/t1154.html) Փանահ բեկի Ղարաբաղում հայտնվելու մասին, գրում է, որ սարիջալու ցեղապետը, որ հավատարիմ մարդկանց տեղափոխել էր Իրաքից, նախապես կառուցում է Բայաթ կոչված ամրոցը, հետո տեղափոխվում Շահբուլաղ, որը Խաչենի մելիքությունից նվաճում է արյունալի կռիվներից հետո: Այնուհետեւ Փանահը, երկյուղ ունենալով, որ նստավայրը գտնվում է բաց տեղանքում եւ հակառակորդ խաների կողմից հարձակման դեպքում դժվար կլինի պաշտպանվել, տեւական ժամանակ նոր ամրոց ունենալու մտատանջությունների մեջ էր:



Այդ ժամանակ նրան օգնության է գալիս Վարանդային մելիք Շահնազարը եւ առաջարկում, որ Փանահը տեղափոխվի Շուշի: Այդ ժամանակ Շուշիում բնակչություն չկար, տարածքը պատկանում էր Շոշ (Շուշիքնեդ) գյուղի բնակչությանը, որտեղ նրանք հացահատիկ էին ցանում:



Այսպիսով Շուշիի երկու՝ Իբրահիմ եւ Մեհթի-գուլի, խաների մոտ երկար ժամանակ գրագիր աշխատած ադրբեջանցի հեղինակը վկայում է, որ Փանահը Շուշիի տարածքը նվեր է ստացել Վարանդայի մելիք Շահնազարից, որն, ամենայն հավանականությամբ, մի այլ տեղից փոխհատուցել է Շոշ գյուղի բնակիչների հողային վնասը: Ուշադրություն է գրավում նաեւ այն, որ «Ղարաբաղի պատմության» վերջաբանում, նշելով Փանահի կողմից կատարված շինարարական աշխատանքները, Միրզա Ջեմալ Ղարաբաղին ասում է, որ նա կառուցել է «Շուշիի նախկին ամրոցի պարիսպները»:



Դա պետք է հասկանալ այն իմաստով, որ Շուշին Փանահից շատ դարեր առաջ եղել է ամրոց, եւ սարիջալու ցեղապետը ոչ թե ոչնչից բերդ է կառուցել, այլ ընդամենը վերականգնել է ժամանակի ընթացքում ավերված պարիսպները: Դիտարժան է նաեւ, որ նախապես նոր նստավայրն անվանվել է Փանահաբադ, սակայն դա քննությանը չի դիմացել: Շուտով վերականգնվել է բերդաքաղաքի նախնական Շուշի անվանումը: Ահա թե Շուշիի մասին ինչ պիտի իմանան ադրբեջանցիները: