Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի հողային ձեռքբերում ենք ունեցել Նախիջեւանի հատվածում

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի  հողային ձեռքբերում ենք ունեցել Նախիջեւանի հատվածում
Իր վերջին հարցազրույցում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը փորձեց հիմնավորել, թե ինչու է սահմանադրական փոփոխություններից հետո հրաժարվում իր՝ վարչապետ չդառնալու խոստումից: Առաջին «պատճառը», որի մասին նա հիշատակեց, երկրի անվտանգության խնդիրներն են։ «Մյուս կողմից՝ չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել…»,- ասաց նա՝ ակնարկելով, որ նոր «Սասնա ծռերի» հայտնության վտանգ կա։ Ապա «մեկ հավելում»՝ «ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»։ Ակնարկն այն մասին էր, որ իրեն արժանի փոխարինող չունի եւ առաջիկայում զբաղվելու է ժառանգորդ աճեցնելով։ Թե ինչու հազարավոր անդամներ ունեցող կուսակցությունում միակն ու անփոխարինելին ինքն է, ՀՀԿ-ում կարծիքները տարբեր են։ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ արժանավորներ շատ կան, սակայն այս պահին ամենաարժանավորը Սերժ Սարգսյանն է․ «ՀՀ քաղաքական գործիչներից ու ՀՀԿ գործիչների թվում ավելի պատրաստված, իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներն ավելի ճկուն դիմակայող գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունենք»: Շարմազանովին զարմացնում է հարցը, թե ով է պատվիրակել Սարգսյանին ապագայի լիդերներ թրծելու գործում։ «Ժողովուրդը՝ վերջին ընտրությամբ»,- պատասխանում է նա։ Իսկ պոտենցիալ լիդերների շարքում հնչեցնում է անուններ՝ Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Գեւորգ Կոստանյան, իր անունը համեստորեն չի տալիս։ ՀՀԿ երիտասարդ սերնդի պատգամավորներից շատերը հրաժարվում են մեկնաբանել առաջնորդի մտքերը։ Մենք զրուցեցինք ամենաերիտասարդի՝ **Միհրան Հակոբյանի** հետ։



**- Ձեր կարծիքով՝ երիտհանրապետականներն ինչո՞ւ չեն գոհացնում Սերժ Սարգսյանին, եւ նա ստիպված է դառնալ վարչապետ՝ հայտարարելով, որ չի հավակնում այդ պաշտոնին, բայց ստիպված է։**



Ես կարծում եմ՝ Դուք սխալ հարցադրում եք անում եւ նման հարցադրում կարող եք յոթ ձեւով անել, բայց երկրի ու ՀՀԿ ղեկավարը նշում է, որ ինքն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի երիտասարդ կադրերի թրծման գործընթացին։ Սա շատ կարեւոր է փորձի փոխանակման տեսանկյունից, հնարավորությունների ընձեռման, դրսեւորման տեսանկյունից, սա շատ գովելի եւ խոստումնալից մոտեցում է։ Սերնդափոխության առջեւ ցանկացած երկիր է կանգնած, եւ կարծում եմ, որ սերնդափոխությունը պետք է լինի հարթ ու սահուն, էվոլյուցիոն ճանապարհով․ այդ դեպքում թրծվելը եւ թրծվածություն ապահովելը փորձառու մարդկանց կողմից շատ կարեւոր ու դրական է։ Հատկապես մի երկրի կողմից, որն ունի արտաքին լրջագույն մարտահրավերներ։



**- Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չի հաջողվել մինչ օրս թրծել երիտասարդ լիդերներ, որպեսզի հեռանար՝ անհոգ, որ իր աթոռին արժանի ժառանգորդներ կան, եւ չասեր՝ զբաղվելու եմ նոր սերունդ պատրաստելով։**



Չի փաստարկում, հավելում է, որ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու այդ հանգամանքին։ Մինչեւ հիմա էլ է արել, որովհետեւ, եթե դուք տեսնեք՝ պետական կառավարման համակարգում բավականաչափ ընդգրկված են երիտասարդ մարդիկ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ երիտասարդներին մեծ տեղ է տվել թե՛ քաղաքական համակարգում, թե՛ պետական համակարգում, պարզապես հիմա դա ավելի մեծ չափերի է հասնում։



**- Սակայն չկա՞ն այս պահին արժանի փոխարինողներ, ժառանգորդներ։**



Խոսքն ընդհանրապես ժառանգորդների մասին չէ, իշխանությունը ոչ մեկը տնից չի բերում, որ ժառանգի, դա միապետություն չէ, որ արյունով փոխանցվի։ Դա ընդամենը քաղաքական սերնդափոխության խնդիր է, թիմային խնդիր է, որտեղ ավելի շատ փորձառություն ունեցող մարդիկ իրենց ունեցածն են փոխանցում ավելի քիչ փորձառություն ունեցող մարդկանց։ Համալսարանում էլ եթե մաստեր-կլաս անելու հարց է լինում, ես էլ եմ իմ փորձառությունը փոխանցում 20 տարեկաններին, թեպետ ես ընդամենը 33 տարեկան եմ։



**- Այսինքն՝ եթե լիներ արժանի փոխարինող, Սերժ Սարգսյանը կհեռանա՞ր։**



Դա արժանիի եւ ոչ արժանիի հարց չէ, Ձեր հարցադրումը կոռեկտ չէ, եւ խնդիրն էլ այստեղ փոխարինելու եւ չփոխարինելու մասին չէ։ Եթե անփոխարինելիության մաս եք գտել այդ հարցազրույցում, չարաչար սխալվել եք։



**- Այդտեղ ակնարկ կար։**



Չարաչար սխալվում եք, այնտեղ կար այն, ինչ կար։ Հիմա նստել՝ մութ սենյակում սեւ կատու որոնել այն դեպքում, երբ այդ կատուն այդտեղ չէ, սխալվում եք։ Սերժ Սարգսյանն ընդամենը նշում է, որ երիտասարդ գործիչների թրծվածությանն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու, դա պետք չէ սենսացիա ընդունել։ Միշտ ուշադրություն դարձրել է, հիմա ավելի շատ է դարձնելու։



**- Իսկ ինչպե՞ս է թրծելու, գուցե ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություննե՞ր է կարդալու։**



Դա ժամանակը ցույց կտա։



**- Դուք, օրինակ, ուզում եք, որ Սերժ Սարգսյանն անձա՞մբ մաստեր-կլասներ անցկացնի։**



Նորից եմ կրկնում՝ դրանք ընթացիկ հարցեր են, ձեւաչափերը կարող են որոշվել ընթացքում, այս պահին ճիշտ չէ խոսելը։ Ժամանակը կգա՝ բոլորը կտեսնեն, թե ոնց է այդ գործընթացը լինելու։



**- Դուք տպավորություն չե՞ք ստացել, որ Սերժ Սարգսյանն առաջադրելու է վարչապետի թեկնածություն։**



Այո, ստացել եմ, առաջադրվելու է, որովհետեւ քաղաքական իրավիճակն է այդպիսին, իրողություններն են այդպիսին, մեր երկրի, պետության շահերն են այդպիսին պահանջում։ Դա իմ տպավորությունն է, բայց, ինչպես տեքստում նշված է, քննարկումների արդյունքում կորոշվի։



**- Այդ առաջադրման հիմքում կար նաեւ մտահոգություն, որ ընդդիմությունը հնարավոր է նորից զինված փողոց դուրս գա։ Ո՞ր ուժի հետ են կապված կասկածները։**



Մտահոգություն չկար, այդտեղ հստակ կար մի բան, որ զենքի ճանապարհով այս երկրում ոչ մի բան չի լուծվել ու չի էլ լուծվելու, դրա վառ ապացույցը մենք տեսել ենք։ Երբ նման փորձեր են եղել, դրանք դատապարտված են եղել մեր ժողովրդի անհանդուրժողական վերաբերմունքով։ Մեր ժողովուրդը չի հանդուրժելու, որ ինչ-որ մեկը զենքով փորձի էս երկրում հարց լուծել։



**- Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ականներդ ՀՀԿ ղեկավարի առաջադրումը պայմանավորում եք երկրի անվտանգության խնդիրներով, մինչդեռ հենց նրա գերագույն հրամանատարության ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, 100-ից ավելի զոհ ունեցանք, տարածքներ զիջեցինք։**



Ոչ, մենք չունեցանք տարածքային կորուստներ, մենք այդ 800 հեկտարի նկատմամբ վերահսկողության խնդիր ունենք։ Ու եթե հիմա մենք սկսենք հեկտարներով հաշվել, ապա Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջեւանի հատվածում։



**- Ե՞րբ, ինչի՞ մասին է խոսքը։**



Ուսումնասիրեք՝ կտեսնեք։ Դա թմբկահարելու դաշտից չէ, դրա համար էլ չի արվել։ Այնուամենայնիվ, մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, եւ պատերազմական գործողությունների վերսկսմամբ ոչ մեկը չի կարող ասել, որ երաշխավորված ենք։



**- Կարո՞ղ է ասեք՝ զոհեր էլ չենք ունեցել։**



Ո՞նց եք պատկերացնում պատերազմի պայմաններում… Իհարկե, զոհերը շատ ցավալի են, բայց եթե դու պատերազմական վիճակում ես, ապա դրանք անխուսափելի են։



**- Հրադադարի պայմաններում մեկ օրում նման ցուցանիշ եղել է միայն Սերժ Սարգսյանի հրամանատարության ժամանակ։**



Շատ կներեք, հիմա ոնց որ մեղադրեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե այդքան զոհեր ենք ունեցել պատերազմի շրջանում։ Ինչ է, դուք կարծում եք, թե 94-ին պատերազմը վերջացել է, եւ հրադադարն էլ խախտվել է միայն ապրիլյա՞ն պատերազմով։ Այո, ապրիլին մարտական գործողություններ են ծավալվել, եւ դրա հետեւանքով ունեցել ենք զոհեր։ Ցավալի է, որ մինչ օրս Ադրբեջանի հետ չենք կարողանում հասնել արժանապատիվ հաշտության։ Դա մեզնից չի գալիս, այլ գալիս է նրանից, որ մենք ունենք մեզնից արեւելք գտնվող մի ոչ ադեկվատ պետության ղեկավարություն, որոնք ամեն պահի փորձում են իրավիճակը շիկացնել։



**- Այդուհանդերձ, ինչո՞ւ է այդպես ստացվել, որ Սերժ Սարգսյանը միակն է, ով կարող է ստանձնել երկրի անվտանգության երաշխավորի առաքելությունը։**



Որովհետեւ Սերժ Սարգսյանի նման փորձառու պետական գործիչ մեր իրականության մեջ այս պայմաններում գոյություն չունի։



**- Իսկ ինչո՞ւ իր փորձը ձեզ չի փոխանցել։**



Փոխանցել է այնքանով, որքանով դա հնարավոր է եղել, առաջիկայում էլ դա շարունակվելու է։



**- Դուք լավատե՞ս եք, որ առաջիկայում երիտասարդներիդ մեջ կգնվի մեկը, ով կհասնի Սերժ Սարգսյանի մակարդակին։**



Ժամանակը ցույց կտա։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**