Ադրբեջանից՝ Ադրբեջա՞ն

Ադրբեջանից՝ Ադրբեջա՞ն
Պատմելով Պարսկաստանում գահակալական պատերազմին Փանահ խանի մասնակցության մասին, «Ղարաբաղի պատմության» հեղինակը գրում է. «Փանահ խանը, խարդախ եւ կեղծ թշնամուն ճնշելու համար իր զորքերով եւ Ղարաբաղի նշանավոր հեծյալներով շարժվեց դեպի Ադրբեջան»:



Բաքվի քարոզչամեքենան եւ նրա պատվերը կատարող պատմաբանները [պնդում են](http://zerrspiegel.orientphil.uni-halle.de/t1154.html), որ «Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում»: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, 19-րդ դարի առաջին կեսի հեղինակը, որն, ի դեպ, իր աշխատությունը գրել է պարսկերեն, Ղարաբաղը եւ Ադրբեջանը համարում է առանձին վարչական միավորներ: «Ադրբեջան» ասելիս նա նկատի է ունենում Պարսկաստանի Ատրպատական նահանգը՝ Թավրիզ կենտրոնով: Այս դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում. Փանահը զորքով շարժվում է Ատրպատական, որպեսզի միանա Զենդ Քերիմ խանին, եւ երկուսով պատժեն ուխտադրուժ Ֆաթալի խանին, որը «խաբեությամբ գերի էր տարել Փանահի որդի Իբրահիմին եւ պահում էր Ուրմիայի ամրոցում»:



Այս պատմության շարունակությունը բավական հետաքրքրական է այն իմաստով, որ հեղինակը, նկարագրելով Շիրազում Փանահի մահը եւ նրա թաղումը, կատարում է մի կարեւորագույն ընդգծում, որ նա «հուղարկավորվեց իր սեփական կալվածքում, որը ներկայումս հայտնի է Աղդամ անունով»: Հասկացվում է, որ իրեն Շուշիի եւ Ղարաբաղի խան հռչակած Փանահն իրականում բուն Խամսայի մելիքություններն ընդգրկող տարածքում սեփականություն չի ունեցել, ուստի թաղվել է Աղդամում: Ի դեպ, «Խամսայի մելիքություններում» Րաֆֆին ասում է, որ Փանահն այդ փոքրիկ կալվածքը գնել էր Խաչենի մելիքից: Ահա իրական պատմությունը սա է՝ վկայված Միրզա Ջելալ Ղարաբաղիից: