Պատմագիտության դասեր 2

Պատմագիտության դասեր 2
Ադրբեջանում պետական մակարդակի է բարձրացվել «տեսությունը», որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում «պատմականորեն միշտ թյուրք-ադրբեջանցիներ են ապրել, իսկ ներկայիս հայ բնակչության նախնիները ցարական Ռուսաստանի կողմից այնտեղ են տեղափոխվել 19-րդ դարի սկզբներին՝ Թուրքիայից եւ Իրանից՝ համաձայն Թուրքմենչայի եւ Ադրիանապոլսի պայմանագրերի»:



Անցյալի ադրբեջանցի հեղինակների վկայությունները, մինչդեռ, հերքում են այդ տեսակետը: Մասնավորապես, Միրզա Ջեմալ Ղարաբաղիի «Ղարաբաղի պատմությունը» [գրքում](http://zerrspiegel.orientphil.uni-halle.de/t1154.html) հերթականությամբ հիշվում են «Ղարաբաղի վիլայեթի հայկական մելիքությունները՝ Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ եւ Թալիշ»: Հեղինակը պատահական անձ չէ, երկար տարիներ գրագիր է եղել Շուշիի Իբրահիմ, ապա Մեհթի-ղուլի խանի մոտ: Նա իր աշխատությունը գրել է 1847թ.-ին, ըստ երեւույթին՝ ի նշանավորումն ցեղակից Փանահ բեկի Ղարաբաղում հայտնվելու հարյուրերորդ տարեդարձի: Եթե նրա օրոք Ղարաբաղում տեղի ունեցած լիներ հայ բնակչության վերաբնակեցում, ապա Միրզա Ջեմալն անպայման կհիշատակեր: Մինչդեռ նա գրել է բոլորովին այլ երեւույթի մասին:



Թվարկելով «Ղարաբաղի վիլայեթի» նշանավոր քաղաքները, ադրբեջանցի հեղինակը հիշատակում է Բարդան եւ Բեյլագանը: Առաջինի մասին ասում է, որ հին ժամանակներում «նրա բնակիչները եղել են հայեր, որ արաբական տիրապետության օրոք, 886թ. իսլամ են ընդունել»: Այսինքն, Միրզա Ջեմալը փաստում է, որ 9-րդ դարում Բարդան դեռեւս հայկական քաղաք էր: Ինչ վերաբերում է Բեյլագանին, ապա ադրբեջանցի հեղինակը ցավով գրում է, որ քաղաքը մոնղոլական արշավանքների ժամանակ հիմնովին կործանվել է: Ուշագրավն այն է, որ Միրզա Ջեմալը որոշակի միջարկում է անում եւ ասում, որ եթե այդ քաղաքի շուրջ տարածքում «հինգ-վեց հազար գերդաստան վերաբնակեցվեր, ապա բերրի հողերը կմշակվեին եւ մեծ օգուտներ կստանային»: Այսինքն, 1847թ. դրությամբ, երբ գրվում էր «Ղարաբաղի պատմությունը», Մուղանի տափաստանը լիովին անմարդաբնակ էր, կարիք կար այնտեղ վերաբնակեցնել հինգ-վեց հազար գերդաստան, որպեսզի հող մշակեն եւ արդյունք ստանան:



Ի դեպ, այդ դրությունը շարունակվել է եւս մեկ դար, մինչեւ որ Ադրբեջանի կոմունիստ առաջնորդ Միրջաֆար Բաղիրովի միջնորդությամբ խորհրդային կառավարությունը 1947-49 թվականներին ՀԽՍՀ-ից մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիների վերաբնակեցրել է Կուր-արաքսյան դաշտավայրում, եւ կազմավորվել են Ժդանովի եւ Աղջաբեդիի շրջանները: Այս մեծ վերաբնակեցումից տուժել են նաեւ Արցախի մի շարք լեռնային գյուղեր, որոնց բնակիչներին բռնությամբ տեղափոխել են Ժդանովի շրջան, որտեղ նրանք հիմնադրել են մի քանի բնակավայրեր: Վերջին հայերն այդ բնակավայրերից բռնատեղահանվել են 1988թվականին: