10․5 տարի՝ Ժիրայր Սեֆիլյանին եվ 10 տարվա հեռանկար՝ Սերժ Սարգսյանին

10․5 տարի՝ Ժիրայր Սեֆիլյանին եվ 10 տարվա հեռանկար՝ Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանը նախօրեին ըստ էության խոսեց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտադրության մասին՝ մեկ հավելումով․ «Սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»։



Գրականագետ **Ազատ Եղիազարյան**ի համար դա առանձնապես մի մեծ «հավելում» չէ․ «Ես կգերադասեի, որ այդ 2 անգամվա առաջադրման ժամկետների օրենքը պահպանվեր, բայց եթե իրենք որոշել են այդպես, մենք ոչինչ չենք կարող հակադրել, իսկ այդ փողոցային միջոցառումներին ես շատ չեմ վստահում։ Եթե ՀՀԿ-ն եւ ինքը՝ Սերժ Սարգսյանը, որոշել է առաջադրվել, իսկ այդ հարցազրույցից հետո դա է երեւում, մեզ մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ կլինի։ Ինձ համար այստեղ գիտե՞ք ինչն է կարեւոր՝ ի՞նչ են անելու հիմա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, որովհետեւ մենք մտել ենք զարգացման մի այնպիսի փուլ, երբ կտրուկ միջոցառումներ են պետք, օրինակ՝ օլիգարխներին կտրել այս իշխանությունից։ Հո մենակ խոսքը Սամվել Ալեքսանյանի մասի՞ն չէ, խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, ովքեր իշխանության մեջ են եւ հսկայական հարստություն են կուտակել եւ ըստ էության որոշում են նաեւ, թե օրենքը որ կողմ շուռ տան։ Կարո՞ղ են ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, որ մնում են 3-րդ ժամկետով, այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա եւ դրա դեմն առնել։ Այս արտագաղթն ինչպե՞ս պետք է կանգնեցնենք, ինչպե՞ս պետք է 4 մլն դարձնենք, չէ՞ որ ժողովուրդն այս ամենը տեսնում, հուսահատվում եւ գնում է։ Մեր վիճակն ամենեւին լավ չէ, ինչպես հիմա ուզում են ներկայացնեն, բայց պետք է այս վիճակից դուրս գանք, եւ եթե հաջորդ 4-5 տարին երկրի ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, եւ երկրի պատասխանատվությունն ստանձնելու են ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը, ահա այդ մասին պետք է մտածել։ Վերջիվերջո, ինձ համար կարեւոր չէ՝ Կարեն Կարապետյան, թե Սերժ Սարգսյան, կարեւորն այն է, թե ինչ ծրագրով են գալիս եւ ինչ են ուզում անել, ես դրա պատասխանը չունեմ։ Միանգամայն անորոշ է իրավիճակը․ եթե այս նույն մարդիկ պետք է մնան ղեկավարության մեջ, ովքեր շրջապատում են Սերժ Սարգսյանին եւ նույն բարոյականությամբ պետք է աշխատեն, ապա ես ոչ մի բանի չեմ հավատում։ Ընդհանուր մթնոլորտը պետք է փոխվի, 5 տարի հետո էլի ինչ-որ մարդիկ պետք է մեր գլխին ինչ-որ մարդկանց պարտադրեն։ Մարդիկ երկրից հեռանում են ավելի շատ դրանից»։



Ազատ Եղիազարյանն անդրադարձավ նաեւ երեկ Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուս տղաներին ազատազրկման դատապարտելու որոշումներին։ Գրականագետի կարծիքով՝ կարելի էր մի քիչ մեղմ լինել, բայց Հայաստանի ներսում զինված պայքարը կամ դրա կոչերը չեն արդարացնում, ինչքան էլ որ համակրանքով է վերաբերվում այդ տղաներին․ «Մեզ բավական են սահմանի վրայի կրակոցները, գիտեմ, որ նրանց ասածի մեջ շատ արդարացի բաներ կան, բայց զենք վերցնելը ես չեմ արդարացնում»։



Քանդակագործ **Լեւոն Թոքմաջյանը** զարմացավ՝ տեղեկանալով, որ Ժիրայր Սեֆիլյանին դատարանը դատապարտել է 10․5 տարվա ազատազրկման․ «Մի մարդ, որ կռվեց Շուշիում, ազատագրեց այն, ու հիմա նրան դատապարտո՞ւմ են։ Հայրենասեր տղա է, ինչի՞ համար, մարդուն գաղափարի համար դատապարտո՞ւմ են»։



Այս փաստը կարո՞ղ է դիմադրության ալիք բարձրացնել, հատկապես որ Սեֆիլյանը դատարանում ասել է, որ դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ եւ վճռական։ Թոքմաջյանը պատասխանեց․ «Օրեր առաջ ինձ հրավիրել էին օպերային թատրոն, որտեղ Վրուբելի գողացված նկարի վերադարձին նվիրված համերգ էր, մի քիչ քաղաքականացված էր, բայց դե՝ հիմա այդպես է՝ ռուսների առաջ մենք ռեւերանսներ ենք անում։ Մի փոքր նկարն այդ ինչ եղավ, որ Ռուսաստանում Պուտինը դա հանդիսավոր նվիրեց, հիմա էլ մենք Օպերայում հատուկ համերգ ենք տալիս։ Այդ ժամանակ դրսում Հաց բերողին նվիրված երթ էր, ես նայում էի ու մտածում՝ այսքան ժողովրդով հնարավո՞ր է ինչ-որ բան անել, սկսեցի հաշվել, շատ-շատ 400-500 հոգի մարդ լիներ։ Չէ՝ իհարկե, այսքան ժողովուրդը չի կարող հարց լուծել։ Հիմա Սեֆիլյանը, որ ասում է դիմադրությունը դառնալու է ավելի կոշտ, ի՞նչ նկատի ունի, որ ժողովրդին ոտքի՞ հանի․ ուժով ժողովրդին ոտքի չես հանի։ Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ Ծառուկյանն էլ համարյա ժողովրդին ոտքի էր հանել, ինչքան մարդ կար հրապարակում, բայց ի՞նչ արեց՝ ժողովրդի գլխին հանկարծ սառը ջուր լցրեց, ու բոլորս հիասթափվեցինք։ Դրանից հետո ժողովուրդը դեռ ուշքի չի եկել, որովհետեւ չի հավատում ոչ մի բանի։ Այստեղ է հարցը, եթե Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացրին, ուրեմն նա գլխացավանք է իրենց համար։ Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի․ ես այդ կարծիքին եմ, որպեսզի ինչ-որ բան ստացվի։ Այն, ինչ հիմա կատարվում է մեր կյանքում՝ փոփոխություններ՝ պառլամենտական եւ այլ բնույթի, դա ժողովրդի կյանքի ու կենցաղի հետ ոչ մի կապ չունի։ Ես էլ ժողովորդի մարդ եմ, անկախ նրանից, որ ժողովրդական նկարիչ եմ, դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ՝ ժողովուրդը տխուր-տրտում՝ արձանների տակ նստած, ինչո՞վ ուրախանա»։



Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարին, ապա Թոքմաջյանը կարծում է, որ նրա կուսակցությունը հենց նրան էլ կառաջադրի, անակնկալ այստեղ չի տեսնում, ավելին՝ ուշադիր կարդացել է նրա խոսքը, բայց չի հանդիպել ամենակարեւորին․ «Որ ամեն ինչ կանի ժողովրդի բարեկեցության համար՝ այդ բառերը չկար»։



Ճարտարապետ **Անահիտ Թարխանյանը** նշում է բարոյական սկզբունքներից ամենակարեւորը՝ արդարությունը, որովհետեւ դա այն է, ինչ մարդուն կապիկից դարձրեց մարդ․ «Դա շատ անարդար վճիռ էր թե՛ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ, թե՛ Գեւորգ Սաֆարյանի, եւ շարունակել այդպես անարդար վերաբերվել նրանց հանդեպ, ցանկացած մարդու մոտ ցավ է առաջացնում։ Շատ ինքնակամ մի որոշում թե՛ դատավորի կողմից, թե՛ դատախազի, չեմ ուզում հեռու գնալ, այսօրվա օրով տեսնում ենք, թե Մարտի 1-ի գործերն ինչպիսի արձագանք ստացան եւ ստանում են Եվրոպական դատարանում։ Բոլորիս մեջ արդարության սկզբունքն ամենաառաջնայինն է, եւ երբ արդարություն չի լինում, շատ մեծ վրդովմունք ու ցավ է առաջանում»։ 10․5 տարի՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ գրեթե 10 տարվա հեռանկար վարչապետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանին․ այս լուրերը գրեթե հաջորդեցին իրար։ «Ցանկացած մարդ ինչ պաշտոն էլ որ զբաղեցնի, երբ հստակ ձեւակերպում է, որ ինքը պատրաստվում է իր փորձը փոխանցել երիտասարդ սերունդներին, այստեղ պետք է ոչ թե խոսել նրա մասին, որ ինքը պատրաստ է փորձի փոխանցում անել, այլ թե ինչ փորձի մասին է խոսքը գնում։ Այսինքն՝ այս պարագայում ես կուզեի լսել, թե Սերժ Սարգսյանն ինչն է ուզում փոխանցել երիտասարդներին՝ ո՛ր սկզբունքները, ո՛ր նախաձեռնությունները, ինչն է ուզում փոխանցել իր այդ 10 տարիների կուտակած փորձից, գիտելիքներից, գուցե նաեւ՝ բարոյական սկզբունքներից, միջազգային փորձից, անձնական հարաբերություններից»,- ընդգծում է Թարխանյանը։





**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**