Թալինի քաղաքապետն ու ընկերները

Թալինի քաղաքապետն ու ընկերները
Սարգիս Արամյանը 2012թ. օգոստոսի 5-ին ստանձնել է Թալինի քաղաքապետի պաշտոնը: Նոյեմբեր ամսին հիմնադրել է «Թալին եւ ընկերներ» զարգացման հիմնադրամը, որի տնօրենն է Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ավետիք Ավետիսյանը, ում քաղաքապետը հաճախակի է միանվագ պարգեւատրում պաշտոնային դրույքի` 170 հազար դրամի չափով՝ ծառայությունները բարեխիղճ եւ որակյալ կատարելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, քաղաքապետի եղբայր Արամ Արամյանը, ով նաեւ ավագանու անդամ է, եւ Արթուր Կարապետյանը: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ «Թալին եւ ընկերներ» զարգացման հիմնադրամի ստեղծման նպատակն է «քաղաքի կայուն զարգացումը եւ բարելավումը, համայնքում առկա հրատապ խնդիրների հնարավորինս արագ լուծումը»:



Այս հիմնադրամին գումարներ են փոխանցել Թալինի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ- ձեռնարկությունները, քաղաքում գտնվող բանկերի մասնաճյուղերը, անհատ անձինք: 2014թ. տարեվերջին հիմնադրամի հաշվին 1 մլն 390 հազար 358 դրամ էր հավաքվել: Հիմնադրամը 2015թ. փոխատվության պայմանագրով, չորս տարի ժամկետով 1 մլն 398 հազար դրամ է հատկացրել «Թալին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողկան կոոպերատիվի (ՍԿ) տնօրեն Արարատ Գասպարյանին՝ համայնքի համար գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ավագանին 2016 թ․ դեկտեմբերին 26-ին հաստատել է այս որոշումը. «Տալ համաձայնություն Թալինի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվին՝ նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով փոխատվությամբ չորս տարի ժամկետով հատկացնելու 2 մլն ՀՀ դրամ»: Ավագանու նիստում այս որոշմանը ձեռնապահ էր քվեարկել ավագանու անդամ Թամարա Գեւորգյանը։ «Որքան հիշում եմ, այդ պահին ես մտածել եմ, թե որքանով իրեն կարդարացնի այս որոշումը, դրանց էլ ձեռնպահ եմ քվեարկել, զարմանում են, որ դեմ չեմ քվեարկել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Գեւորգյանը:



Մի քանի հարց ուղղեցինք «Թալին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի, «Հրշեջ Թոռնիկ» ՍՊԸ-ի տնօրեն, ավագանու անդամ **Արարատ Գասպարյանին**:



-**Պարոն Գասպարյան, ավագանու որոշմամբ Ձեզ 2 մլն դրամ են հատկացրել, ի՞նչ գյուղտեխնիկա եք գնել**:



-Բայց էտի հեռախոսով ասելու բա՞ն ա, տեսնենք՝ ով եք, ինչ եք: Ես գյուղտեխնիկա ձեռք բերել եմ, եւ այն աշխատում է:



-**Քանի՞ գյուղտեխնիկա եք ձեռք բերել, համայնքի բնակիչներն օգտվո՞ւմ են դրանից**:



-Էդ Ձեզի ի՞նչ ա հետաքրքրում:



-**Գումարը համայնքի բյուջեի՞ց է հատկացվել, թե՞ զարգացման հիմնադրամի կողմից**։



-Դուք կգաք, տեսնեմ ով եք, նոր կասեմ:



-**Տրված գումարը ե՞տ եք վերադարձնելու**:



Այս հարցը լսելով՝ Արարատ Գասպարյանն անջատեց հեռախոսը:



«Թալին եւ ընկերներ» զարգացման հիմնադրամի տնօրեն Ավետիք Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե հիմնադրամի միջոցով քաղաքում առկա խնդիրների լուծման համար ինչ քայլեր են ձեռնարկվել, անձամբ ինքն ու Թալինի քաղաքապետը որքան գումար են փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Ավետիսյանն ասաց, որ զբաղված է, ավելի ուշ մեզ կզանգահարի: Բայց այդպես էլ չզանգահարեց, իսկ քաղաքապետի հետ զրուցել մեզ չհաջողվեց:







**Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ**