Հրայր Թովմասյանի ճակատին նոր անուն գրվեց

Հրայր Թովմասյանի ճակատին նոր անուն գրվեց
Ազգային ժողովում երեկ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի թեկնածությունը քննարկելու հարցը վերածվեց կենդանական աշխարհից համեմատականների մրցույթի։ Սկզբում այն դրսեւորվեց «պահապան շան» տեսքով, ապա՝ «հաչող շան»։ Կենդանական զեղումները, ինչպես պնդեցին դրանց հեղինակները, կրում էին բացառապես քաղաքական կոնտեքստ։



Հրայր Թովմասյանը, հիշեցնենք, ՍԴ անդամ ընտրվելուց հետո հիմա էլ առաջադրվել է ՍԴ նախագահի պաշտոնում։ Ընդ որում՝ նրա թեկնածության հարցը քննարկում են հիմա եւ հին Սահմանադրությամբ, այլ ոչ թե ավելի ուշ, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտներ նոր Սահմանադրությունը։ Այս մանիպուլյացիան արել են, որպեսզի 48-ամյա Թովմասյանը ՍԴ նախագահ դառնա 22 տարով՝ մինչեւ 70 տարեկանը լրանալը, ոչ թե վեց տարով, ինչպես նախատեսված է նոր Սահմանադրությամբ։



Թովմասյանի թեկնածության վերաբերյալ ելույթ ունեցողները շատ չէին։ ՀՀԿ-ից նրան գովերգողները՝ նույնպես։ Հերթագրվել էր ընդամենը երեք հոգի, որոնցից երկուսը՝ «Ելք»-ից։ Միակ ՀՀԿ-ականը **Սամվել Ֆարմանյանն** էր, ով հիշեցրեց, որ Թովմասյանը կարեւոր դերակատարում է ունեցել սահմանադրական փոփոխությունների հարցում, եւ կարեւոր է, որ հենց նա զբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը։



Հետո ելույթ ունեցավ «Ելք» խմբակցությունից **Էդմոն Մարուքյանը**, ով համարեց, որ սա Հրայր Թովմասյանին երրորդ շանսն է, բայցեւ նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու այդ շանսին։



Առաջին շանսը, ըստ ՀԿ սեկտորում աշխատած Մարուքյանի, Թովմասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելն էր, երբ նրանից սպասելիքներ ունեին, որ ՀԿ դաշտից մարդ է գնում գործադիր իշխանություն, եւ իրենց ձայնը լսելի կդարձնեն գործադիրում։ Բայց Թովմասյանը եկել է նախարար ու ՀԿ-ների վերաբերյալ մի կարգ է հաստատել, որով ՀԿ-ներն ավտոմատ փակվում էին, եթե չէին վերագրանցվում։ «Այսինքն՝ Հրայր Թովմասյանը ստացել էր շանս Հայաստանում բարեփոխումներ անելու՝ որպես արդարադատության նախարար»,- ասաց Մարուքյանը։



Երկրորդ շանսը, ըստ Մարուքյանի, Հրայր Թովմասյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակվելն էր, սակայն չասաց, թե Թովմասյանն այս պաշտոնում ինչպես է իրեն դրսեւորել։ Մարուքյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը մի յուրահատուկ հաջողության եւ բախտի տեր մարդ է, որ ստանում է երրորդ շանսը՝ ղեկավարել մի լրջագույն ինստիտուտ, որն այս դեպքում Սահմանադրական դատարանն է։



Թե ինչ կարծիքի է նա Սահմանադրական դատարանի մասին, Մարուքյանը նախընտրեց խնայել իր առողջությունը եւ այդ մասին չխոսել։



Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի՝ «Ելք» խմբակցության ղեկավար **Նիկոլ Փաշինյանը**, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, որ ինքը հիմա իր առողջությունը մի քիչ կքայքայի։ Ու անցավ քայքայմանը։ Նախ հիշեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ կազմակերպված պետություն ստեղծելու մասին, ապա հիշեցրեց Սերժ Սարգսյանի օրերս տված հարցազրույցը՝ դա համարելով հայտարարություն կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին։ Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է միանգամայն այլ պետություն ստեղծելու դարաշրջանի մեկնարկի մասին, եւ այդ պետությունը պետք է անվանել ստահոդ պետություն։ Փաշինյանի ելույթի սկիզբն ու վերջն ասես նրա՝ Ազատության հրապարակից առաջիկայում սպասվող ելույթների նախերգանքը լինեին։ Փաշինյանի համար ՍԴ նախագահի ընտրությունն ընդամենը առիթ էր՝ հիշելու Սերժ Սարգսյանի խոսքերն ու հայտարարելու նրա դեմ պայքարի իր ծրագրերի մասին։ Բայց որպեսզի «չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել», Փաշինյանն այս ամենը բերեց կապեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հետ։



«Կապը Հրայր Թովմասյանի հետ անմիջական է, որովհետեւ, օրինակ, հայտարարվում է երկար ժամանակ, թե Հայաստանի Հանրապետությունն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, բայց նաեւ հիմնականում Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ խորհրդարանական քննարկումները վերածվում են շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են միժամանոց ռեժիմով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



Նա նաեւ թվարկեց Հրայր Թովմասյանի այլ «արժանիքներ», որոնք գնահատել է Սերժ Սարգսյանը, ու դրա համար էլ նա հիմա Թովմասյանին նշանակում է այս պաշտոնին։ Այս կոնտեքստում Փաշինյանը Թովմասյանին համեմատեց «պահապան շան» հետ։



«Այսքանից հետո ինչի՞ պիտի Սերժ Սարգսյանը նրան չգործուղի Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան եւ նշանակվում է նախագահ, որպեսզի լինի էս ստահոդ պետության, ինչպես միջազգային տերմինաբանությամբ է ընդունված ասել՝ watchdog-ը, որը հայերեն թարգմանաբար կոպիտ է հնչում, բայց շատ ճիշտ է հնչում՝ պահապան շուն, բառիս, իհարկե, քաղաքական իմաստով»,- ասաց Փաշինյանը։



Սրանով Հրայր Թովմասյանի ճակատին նոր անուն գրվեց՝ «պահապան շուն»։ Տարիներ առաջ էլ դաշնակցական Արմեն Ռուստամյանը, հատուկ Թովմասյանին պիտակավորելու համար, բառարանից դուրս էր բերել «չաթլախ» բառը, որը երկար ժամանակ շաղկապվում էր նրա անվան հետ։



Մինչ Թովմասյանի եզրափակիչ ելույթին հերթը հասնելը, նրա անձի պաշտպանությանը նետվեցին ՀՀԿ-ականներ **Էդուարդ Շարմազանովն** ու **Վահրամ Բաղդասարյանը**։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, օրինակ, մինչ Թովմասյանի գովերգմանն անցնելը, որոշեց նախ պահել նրա թասիբը՝ Փաշինյանի պորտը տեղը դնելով․ «Բնականաբար, ես չեմ անդրադառնա ստահոդ հայտարարություններին, բայց, քանի որ այստեղ կենդանական աշխարհից օրինակներ բերվեցին, բառիս բուն քաղաքական իմաստով մի ժողովրդական ասացվածք կա՝ հաչող շունը չի կծում»։



Հետո անցավ Հրայր Թովմասյանին դրվատելուն՝ որպես ՍԴ նախագահի թեկնածուի։ Բաղդասարյանից հետո այլ գովեստի խոսքեր չհնչեցին Հրայր Թովմասյանի հասցեին։ ԱԺ փոխխոսնակ **Արփինե Հովհաննիսյանն** էլ, ում լեզուն երբեւէ չի պտտվել որեւէ դրվատանքի խոսք ասել Հրայր Թովմասյանի հասցեին, եթե չհիշենք նրանց միջեւ սառը հակամարտությունը, թերեւս քաղաքավարությունից ելնելով՝ Թովմասյանի ելույթից հետո ընդամենը մի կեսբերան հաջողություն մաղթեց նրան։



Իսկ **Հրայր Թովմասյանն** իր հասցեին հնչած բոլոր գնահատականներից հետո ասաց․ «Դժվար է խոսել, որովհետեւ հնչում են հարցեր, որոնց չես կարող պատասխանել»։ Հետո հիշեց իր անցած ուղին, երբ 8 տարի առաջ փորձագետ, «սիրված ու ընդունված Հրայր Թովմասյանը, որին ոչ ոք չէր քննադատում», որոշեց զբաղվել քաղաքականությամբ։ «Բայց երբ որ դու ստանձնում ես որոշակի պաշտոն, պիտի պատրաստ լինես, որ լինելու է քննադատություն, լինելու է օբյեկտիվ քննադատություն, լինելու է մտացածին, անտեղի քննադատություն, լինելու է նաեւ քննադատություն, որ իրոք պետք է հաշվի առնել եւ դրանով առաջ գնալ»,- խեղճացած նկատեց թեկնածուն։ Թովմասյանը համաձայն է Էդմոն Մարուքյանի հետ, որ իր բախտը բերել է, եւ ճակատագիրն իր հանդեպ բարեգութ է գտնվել, քանի որ իրեն տրվել է շանս՝ լինելու գործադիր, օրենսդիր, հիմա էլ դատական համակարգում։



ՍԴ նախագահի քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ փակ-գաղտնի կարգով։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**