Պատմությունը վկայում է

Պատմությունը վկայում է
Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջանը 1992-94թ.թ. պատերազմում կրած նյութական վնասները գնահատում է 884 միլիարդ դոլար: Ընդամենը մի քանի տարի առաջ այդ թիվն ավելի համեստ էր, ներկայացվածի կեսի չափ: Ընդ որում, հաշվարկներ անելիս գնահատվում են նաեւ «բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանները»:



Ըստ Ադրբեջանի մշակույթի նախարարության, դրանց թիվն անցնում է հինգ հարյուրից: Խոսքը, կրկնենք, զուտ պատմաճարտարապետական հուշարձանների մասին է, որոնք «հիմնովին ավերվել են»: Թե ինչ են Բաքվում նկատի ունենում «պատմաճարտարապետական հուշարձան» անվան տակ՝ պարզ չէ: Բայց տեղն է եկել, պետք է հիշեցնել պատմական մի փաստ: «Ղարաբաղի պատմության» հեղինակ Միրզա Ջեմալ Ղարաբաղին իր աշխատության վերջում [նշում](http://zerrspiegel.orientphil.uni-halle.de/t1154.html) է Փանահ եւ Իբրահիմ խաների օրոք կառուցված շինությունների ցանկը: Ըստ այդմ, Փանահը կառուցել է՝



Բայաթի ամրոցը, շուկա, բաղնիք, շինություններ, որոնք 19-րդ դարի առաջին կեսին, ինչպես հեղինակն է վկայում, ամբողջովին ավերված էին:



Շահբուլաղի ամրոցը, աղբյուրի մոտ՝ մզկիթ, բաղնիք, քաղաքային շինություններ եւ շուկա՝ կառուցված քարուկրով:



Նախկին Շուշիի ամրոցի պատերը եւ շինություն, որը հեղինակի կենդանության օրոք օգտագործվում էր որպես հացահատիկի պահեստ:



Մի փոքր ավելի մեծ է Իբրահիմ խանի «պատմաճարտարապետական» վաստակը: Նրա օրոք խանության ամբողջ տարածքում կառուցվել են՝

Շուշիում՝ մզկիթ, որը հետագայում վերանորոգվել է նրա դստեր Գյովհար աղայի կողմից: Այն մինչեւ օրս կանգուն է: Շուշիի ամրոցի պատերը,որ ոչ ոք չի քանդել: Ասկերանի երկու ամրոցները: Պատերը մինչ օրս պահպանվում են: Խազինե կոչվող կիրճում շենք եւ սենյակներ, որ կառուցված են քարայրում:



Շինություն Խանբաղիում, որը Շուշիից մեկ փարսախ հեռավորության վրա է:



Աղդամի այգու պատերը՝ Փանահ խանի եւ նրա զավակների գերեզմանների վրա բարձր գմբեթներով, ինչպես նաեւ ջրանցքներ:

Եթե նկատի ունենանք, որ Ղարաբաղի խանությունը գոյություն է ունեցել 1747-1823 թվականներին, ապա, ինչպես տեսնում ենք, այդ ընթացքում նրա կառավարիչները պատմաճարտարապետական նշանակության միայն մեկ-երկու կառույց են ստեղծել: Ռուսական տիրապետության եւ խորհրդային իշխանության տասնամյակներին հասկանալի պատճառներով այդ կարգի շինարարություն չի իրականացվել, բացառությամբ 1880-ականներին կառուցված Աղդամի մզկիթի, որը նույնպես կանգուն է:



Ահա դա է Ղարաբաղի խանությունից մնացած պատմամշակութային ողջ ժառանգությունը, որի մի մասն ավերվել է ցարական եւ խորհրդային իշխանության տարիներին, մյուսը մինչ օրս պահպանվում է: