Կադրերն արժանի են ուսուցչին

Կադրերն արժանի են ուսուցչին
Պուտինի` ՌԴ նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը որոշեց ետ չմնալ ավագ եղբորից եւ հայտարարեց, որ ստանձնելու է վարչապետի պաշտոնը: Իհարկե, դա բաց տեքստով չասվեց, այլ այն կոնտեքստում, որ եթե ՀՀԿ ներկուսակցական եւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն քննարկումների արդյունքում որոշվի, որ վարչապետի պաշտոնը պետք է ստանձնի ինքը, ապա կգնա նման անձնազոհության։



Ձեռքի հետ էլ ապագա վարչապետն ինստրուկտաժ արեց, թե ժամանակին պաշտոնապես հայտարարած իր հանձնառությունն առ այն, որ անձամբ չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոնին, ինչպե՞ս պետք է հասկանալ: Ըստ Սարգսյանի՝ մեկ բարդ նախադասությամբ ձեւակերպված իր հայտարարության մեջ նախագահի պաշտոնին առնչվող հատվածում «չեմ հավակնի» պրեդիկատը պետք է հասկանալ մի կերպ, վարչապետի պաշտոնի առնչությամբ՝ այլ կերպ:



Ուղղակի դարակազմիկ խոսք թե՛ քերականության, թե՛ տրամաբանության անդաստանում։ 2000 տարի առաջ վախճանված Արիստոտելից եթե մի մասունք մնացել էր, հիմա դա էլ շիրիմում շուռ եկավ: Բայց նախորդ դարերում վախճանվածները՝ ոչինչ, մեր ժամանակներում ապրողներն ի՞նչ անեն, երբ Սերժ Սարգսյանը քառորդդարյա իր ներկայությամբ Հայաստանի ժողովրդին դեպի անհայտություն ուղեկցելուց հետո այժմ էլ իր կերպարով եւ նմանությամբ նոր սերունդ է ցանկանում թրծել:



Մեկը հարցնի՝ իսկ մինչեւ հիմա ի՞նչ էիք անում։ Գեորգի Կուտոյանին ԱԱԾ-ի պետ նշանակելը, Գեւորգ Կոստանյանին, ապա Արթուր Դավթյանին դատախազ դարձնելը, Վիգեն Սարգսյանին Պնախարար կարգելը, Հրայր Թովմասյանին, ով կյանքում գեթ մեկ մարդու չի պաշտպանել իբրեւ փաստաբան, գեթ մեկ անգամ արդարադատություն չի իրականացրել, բարձրագույն ատյանի դատավոր ու նախագահ նշանակելը կադրեր թրծել չէ՞: Նրանցից դժգո՞հ եք: Իզուր՝ կադրերն արժանի են իրենց թրծողին: