Իսկ դու Պուտինին շնորհավորե՞լ ես

Իսկ դու Պուտինին շնորհավորե՞լ ես
Արդեն երրորդ-չորրորդ օրն է, Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեման թեժ է հայրենական մամուլում: Բոլորը կարծես իրենց պարտքն են համարում ինչ-որ ձեւով «շնորհավորել» Պուտինին: Եւ այնպես են ջանում, որ տպավորություն ես ունենում, թե Երեւանի ռուսական դեսպանատանը կա «գրանցամատյան», որտեղ հաշվառվում են հայկական արձագանքները, մամուլը տեղյակ է դրան եւ ճգնում է «սեւ ցուցակ չընկնել»: Հետո էլ սոցցանցերում զարմանում են, թե քվեարկության օրը դեսպանատան մոտ ահռելի հերթ էր գոյացել: Այդ մարդկանց հասկանալ կարելի է՝ չեն ուզում խնդիրներ ունենալ կամ էլ, իրոք, այնքան են նվիրված իրենց նոր հայրենիքին ու նրա անփոխարինելի առաջնորդին, որ հոգու անկեղծ պոռթկում են ունեցել: Իսկ լրագրողներին եւ որոշ խմբագիրների ի՞նչ ցավն է, թե Պուտինի հաղթանակը որքանով էր «տպավորիչ» կամ «միանգամայն կանխատեսելի»:



Թեմային եթե անդրադարձի հարկ կա, ապա՝ միայն մի կտրվածքով. այսուհետ ինչպիսի՛ն են լինելու ռուս-հայկական, Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունները, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ո՞րն է լինելու Ռուսաստանի կեցվածքը ԼՂ հարցում, խորանալու՞ է ռուս-թուրքական համագործակցությունը, շարունակելու՞ է Ռուսաստանը ժամանակակից սպառազինություններ վաճառել Ադրբեջանին, հնարավո՛ր է, որ նախագահության վեցամյա շրջափուլում Պուտինը լուրջ քայլեր անի ԽՍՀՄ-ը վերստին «ժողովելու» ուղղությամբ: Ահա, մոտավորապես, սա է Պուտինի ընտրությունից հետո մեզ համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը: Իսկ թե ռուսներն ինչու են պաշտում նրան, ի՞նչ զսպանակներ եւ մեխանզմներ են գործի դրվել դրա համար՝ դա ռուսաստանցիների եւ իրենց իշխանության հարաբերությունների տիրույթում է: Բայց լուրջ հարցերի մասին խոսելու համար պետք է բավարար գիտելիքներ եւ քաղաքական հոտառություն ունենալ:



Մենք ծայրահեղ աղքատ ենք այդ հարցում: Եւ, թերեւս, բազմաթիվ «աղքատությունների» հիմնական պատճառներից մեկն էլ դա է: Որ չենք կարողանում գլխավորը զանազանել երկրորդականից, հատիկը՝ թեփից: Եւ ընկնում ենք քաղաքակրթական տուրբուլենտության մեջ: Մերթ դեպի Ռուսաստան ենք նայում, մերթ՝ Արեւմուտք: Երբեմն էլ՝ հարավ՝ իրանական ուղղությամբ: Ահա այս վիճակում է, որ Պուտինի վերընտրությունը ոմանք ընկալում են ներհայկական նշանակությամբ՝ կամա, թե ակամա ստեղծելով ֆոն, որ «ամեն ինչ որոշվում է նախաթոռ մայրաքաղաք Մոսկվայում, եթե Պուտինը չցանկանա, ապա Հայաստանում իշխանական բոլորովին այլ դասավորություն կլինի»: Ռուսաստանի ազդեցությունը կա պոստխորհրդային բոլոր երկրներում, ներառյալ մերձբալթյան հանրապետությունները: Ըստ էության, Ռուսաստանը, անձամբ Պուտինն է երաշխավորում Ադրբեջանում Ալիեւի իշխանության «օրինաչափությունը եւ պատմական անհրաժեշտությունը»:



Բայց այդ մասին ադրբեջանական մամուլում հեռավոր իսկ ակնարկ չես գտնի: Ոչ էլ՝ Պուտինի վերընտրության առթիվ «լավաշ» խմբագրականներ, հարցազրույցներ եւ մեկնաբանություններ: Իսկ մենք շտապում ենք ժամ առաջ «շնորհավորել»: Ասես Պուտինը ոչ թե Միացյալ Նահանգների նախագահի հեռախոսազանգին, այլ հայկական ամենահետին կայքի խմբագրի խոսքին է սպասում: Հետո զարմանում ենք, թե ինչու՞ Հայաստանում մարդիկ իրենց ավելի դժբախտ են զգում, քան՝ հարեւան Վրաստանում: Վրաստանում կարողանում են էջ փակել եւ սկսել մաքուր թերթից: Մենք ոչ միայն սեփական, այլեւ ուրիշների հոգսերի գերին ենք դառնում, մի տեսակ «ճորտանում»: Իսկ գնահատանքի արժանանում են նրանք, որ կարողանում են գեղեցիկ լռել: Երբեմն էլ՝ «ժանիք ցույց տալ»:



-Իսկ դու Պուտինին շնորհավորե՞լ ես...