«ՄերժիրՍերժին» նախաձեռնության մասին

«ՄերժիրՍերժին» նախաձեռնության մասին
Նորաբաց «Մերժիր Սերժին» ֆեյսբուքյան հրավերը երեկ ազդարարեց նոր քաղաքացիական ձեւաչափով նախաձեռնության մասին, որը մարտի 24-ին պատրաստվում է անցկացնել իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջով երթ: Նախաձեռնության կազմում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, հայտնի քաղակտիվիստներ, անհատ քաղաքացիներ՝ Դավիթ Սանասարյան, Մարիա Կարապետյան, Արմեն Գրիգորյան, Արեն Մկրտչյան եւ այլք: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, կան այլ հայտնի անուններ եւս, որոնք հետագայում կխոսեն իրենց մասին:



Հարցին, թե ինչու այս՝ ՀՀ քաղաքացիների ձեւաչափն ընտրվեց, արդյոք ձե՞ռք են քաշել Հայաստանի քաղաքական ուժերից, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ոչ թե քաղաքական ուժերի հետ կապված, պարզապես մտածել ենք, որ նման բան պետք է կատարվի, որ կա հասարակությունում դրա պահանջը, եւ դա ինչ-որ մեկը պետք է կատարի: Ու քանի որ դաշտում էլի մարդիկ կան, որ դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկում են, որոշեցինք մենք էլ ինչ-որ ձեւով մեր ներդրումն ունենալ այդ գործողությունների մեջ, եւ կարծում եմ, որ կունենանք շատ աջակիցներ, որովհետեւ շատ մարդիկ կլինեն, որ չեն ուզենա տեսնել եւս մի քսան տարի բրեժնեւյան կառավարում»: Ըստ Գրիգորյանի՝ այս քաղաքացիական հարթակը կարող է առանցք դառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած տարբեր քաղաքական ուժերի համար: «Քաղաքական դաշտում, հայտնի է, որ խնդիր կա, որ երբեմն քաղաքական ուժերը դժվարանում են իրար հետ համագործակցել, եւ Հայաստանում էլ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական նախաձեռնություններն էդ տեսանկյունից լավ պլատֆորմ են քաղաքական ուժերի համագործակցության համար»:



Քաղաքագետը նշեց, որ մինչեւ երեկ՝ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, իրենց համար պարզ է եղել, որ նա գնում է վարչապետության՝ անմիջապես սահմանադրական փոփոխություններից հետո, սակայն շատ շատերը մինչեւ վերջին պահը մտածել են, որ այդպես չի լինի: «Երբեք ուշ չէ, եւ նաեւ պետք է հաշվի առնել, որ շատ ավելի շուտ սկսելն էլ կարող էր իր խնդիրներն ունենալ: Ինչքան մոտ լինի, այնքան հստակ, այնքան լավ»:



Նա նշեց, որ, միանշանակ, պատրաստ են փողոցային պայքարի. «Ինչպես դասականի տատն էր ասում՝ մենք հենց դրա համար ենք հավաքվել»:



Երթը կանցկացվի մարտի 24-ին, ժամը 14։00-ին Թամանյանի արձան-Սարյան-Պուշկին-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Հանրապետության հրապարակ- Նալբանդյան-Թումանյան-Մաշտոցի փողոցներ երթուղով:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**