Փորձ է արվում ծնողների միջոցով ներազդել ուսանողների վրա.ՇՊՀ-ում իրադրությունը լարված է

Փորձ է արվում ծնողների միջոցով ներազդել ուսանողների վրա.ՇՊՀ-ում իրադրությունը լարված է
Արդեն երեք օր է՝ Շիրակի Պետական Համալսարանի ուսանողները դուրս են եկել բուհի ռեկտորի դեմ, հայտարարել անժամկետ դասադուլ՝ բոյկոտելով դասապրոցեսն ու ուսանողական խորհրդի աշխատանքները: Ուսանողները բաց նամակ են պատրաստել ՝ ուղղված Հանրապետության նախագահին:



Նրանք գտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելու քայլով ուղղակիորեն ոտնահարեց բուհի ուսանողների շահերը: Նշում են, որ բուհում ինքնուրույն մտածելակերպ և սեփական դիրքորոշում ունեցող մարդիկ հեռացվում են ասպարեզից: Բուհի ռեկտորի անձնական ցուցումով ուսանողների և դասախոսների նկատմամբ փորձում են տարբեր ճնշումներ գործադրել: Այս անգամ ուսանողների հետ պայքարի է դուրս եկել համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը: Նա, ի դեպ վերջին գիտական խորհրդում անվստահություն էր հայտնել աշխատանքից ազատված դասախոսներից մեկի՝ Խորիկյանի նկատմամբ:



Հիմա զղջում է՝ ասելով, որ բուհում տարածվում են ուսանողների անձը և ինքնասիրությունը վիրավորող բամբասանքներ, որոնք հնչեցվում են ռեկտորի կողմից: «Բուհի ռեկտորի հրահանգով, ճիշտ է` անարդյունավետ, բայց փորձ է արվում տարբեր ուսանողների և աշխատակիցների ինքնուրույն կամարտահայտման դեմ պայքարել: Բուհի աշխատողների կողմից կատարվում են զանգեր ուսանողների ընտանիքների անդամներին, և փորձ է արվում ծնողների միջոցով ներազդել գիտակից ուսանողների ազատ կամքի վրա: Ցավում ենք, որ «գիտական աստիճան» ունեցող մարդը բուհում կարող է իրեն թույլ տալ ստանձնել տարրական օղակի դաստիարակի դեր: Բուհի որոշ աշխատողների կարծիքով պետք է ուսանողների հարցով հրավիրվեն «ծնողական ժողովներ»՝ բարոյախրատական աշխատանքներ տանելու համար: Սա առնվազն ռեկտորի վերաբերմունքն է բացահայտում նույն բուհի ուսանողների և դասախոսական կազմի նկատմամբ: Համացանցում իրենց կարծիքն արտահայտող մարդկանց վերաբերյալ հավաքվում է տեղեկատվություն, կազմվում են, այսպես կոչված, «սև ցուցակներ»:



Իսկ սա արդեն խոսում է ազատ խոսքի և մարդու իրավունքների նկատմամբ ռեկտորի ունեցած պատկերացումների մասին: Ի դժբախտություն կազմողների` փաստենք, որ պայքարի հետագա ծավալումն անկասելի է, այն այլևս կրում է համընդգրկուն բնույթ: Բուհում տարածվում են կեղծ լուրեր, թե առկա վիճակը շատ արագ կլուծվի, խնդիրը միայն Խորիկյանի ու Համբարյանի մեջ է, բողոքող ուսնողները և բուհի դասախոսները մոլորյալներ են, որոնց ծառայեցնում են նեղ անձնական շահերին: Մեր խորին համոզմամբ` խնդիրը համընդհանուր է: Բուհի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի բուհում եղած խիստ մտահոգիչ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Դասախոսների հեռացմամբ խնդիրը չի լուծվելու: Սկսվելու է բուհի «անցանկալի տարրերից» մաքրման գործընթաց: Կլինի համատարած բարոյահոգեբանական անկում: Մարզում արմատապես կփոխվի վերաբերմունքը բարձրագույն կրթության նկատմամբ: Իր այս գործելաոճով ռեկտոր Սահակ Մինասյանը մեր համալսարանը տանում է կործանման»,-նշում է ուսխորհրդի նախագահը:



Մինչ ուսանողները պաստառներով, կոչերով եւ համացանցով բոյկոտ են սկսել, դասախոսներից ոմանք փորձում են համոզել, որ ռեկտորը օրենքով է շարժվում: ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ է մտածում կամ պատրաստվում անել: «Այն, ինչ կատարվում է, մի քանի հոգու անձնական նկրտումների դրսևորումն է: Ես խնդրում եմ, ծանոթացեք մեր գիտական խորհրդի որոշմանը, հենց այնպես ոչ ոք որոշում չի կայացնում: Կրկին սին տեղեկատվություններով ապակողմնորոշում են ուսանողներին, ես հանդիպել եմ նրանց, խոսել ենք»,-ասաց ռեկտորը՝նշելով, որ կոչեր հնչեցնելով դեռ ոչ ոք արդյունքի չի հասել:



Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահակ Մինասյանն աշխատանքից ազատեց բուհի երկու «ըմբոստ» դասախոսներին, ովքեր ամիսներ շարունակ պայքարում են ապացուցելու, որ բուհի ռեկտորը մի շարք ապօրինությունների հեղինակ է: