Թբիլիսին, Բաքուն, Անկարան եւ Թեհրանը արձանագրել են, որ հակամարտությունները պետք է կարգավորել խաղաղ եղանակով

Թբիլիսին, Բաքուն, Անկարան եւ Թեհրանը արձանագրել են, որ հակամարտությունները պետք է կարգավորել խաղաղ եղանակով
Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարները Բաքվում տեղի ունեցած վերջին քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են առավել սերտորեն համագործակցել: Այս մասին հայտնում է civil.ge-ն:



Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել դեռ մարտի 15-ին: Ըստ հաղորդման, չորս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են ռեգիոնալ գործակցության ընդլայնման հիմնական ուղղությունները, որոնք են` տնտեսությունը,տրանսպորտը, զբոսաշրջությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը:



Տրանսպորտային գործակցության մասով կարեւորվել է` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը կկապի իրանական նավահանգիստները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ: Կողմերը կարեւորել են նաեւ, հրապարակված համատեղ հայտարարության մեջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջկանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններում սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հարգումը, որպես հավատարմություն միջազգային իրավունքի նորմերին եւ արձանագրել, որ հակամարտությունները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: