Մարդիկ մեղավոր չեն, որ իրենց չեն ասոցացնում ՀՀ-ի հետ

Մարդիկ մեղավոր չեն, որ իրենց չեն ասոցացնում ՀՀ-ի հետ

ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին վերլուծաբան կոչվածները մեղադրում են ստրկության և պակաս հայրենասեր լինելու մեջ: Պետք է փաստենք, որ գործ ունենք ոչ միայն տոտալ կիսագրագիտության, այլ նաև լայնախոհության իսպառ բացակայության հետ: Եվ խնդիրն այն չէ, որ այդ դիրքավորման արդյունքում պիտակվում են միլիոնավոր մարդիկ, այլ առաջին հերթին ջրի երես են դուրս գալիս մարդկանց ձևախեղված պատկերացումները պետության գաղափարի վերաբերյալ:

Բազմիցս նշել ենք, որ հայաստանցիների և առհասարակ ռուսահայերի մի զգալի մասը իրենց ավելի շատ ասոցացնում են Ռուսաստանի Դաշնության, քան՝ Հայաստանի Հանրապետության հետ: Իսկ ինչո՞ւ: Մի՞թե այդ մարդիկ պակաս հայրենասեր են կամ էլ պարզապես ստրուկները Պուտինյան քարոզչամեքենայի:

Ես որևէ կասկած չունեմ, որ այդ մարդիկ չափազանց հայրենասեր են, ավելին՝ Հայաստան անունը լսելիս նրանք հուզվում են և անհանգստանում:

Բայց բուն խնդիրը հենց այստեղ է քողարկված: Բանն այն է, որ մարդկանց և պետության փոխհարաներությունները սահմանափակված են զուտ հայրենասիրությամբ, զգայական ու վերացական ինչ-որ տիրույթում, առարկայական ու նյութական երկխոսությունից անդին:

Մի՞թե մարդիկ են մեղավորն ու պատասխանատուն ստեղծված իրավիճակի: Երիցս ո՛չ: Միակ մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է, որն իր գոյության 30 տարիների ընթացքում չի կարողացել քաղաքակրթական կամուրջներ կառուցել ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ՝ արտերկրում ապրող այն մարդկանց հետ, որոնց համար ինքը հոգևոր հայրենիքի կարգավիճակ ունի: Կամ պետք է ունենար:

Եթե մի փոքր ձևախեղենք Հոբսի հայտնի ձևակերպումը, ապա կստանանք հետևյալ պատկերը. Քաղաքացիական հասարակությունը եսասիրական շահերի հիմքի վրա կառուցված համակարգ է: Այսինքն հանրույթը եսասեր ու ինքնաբավ տարբերների գոյացություն է, որի առանձին միավորները պայմանագրականության սկզբունքով կազմում են հասարակական դաշինք: Վերջինս որոնումների արդյունք է, դրա մեջ մարդիկ փնտրում են ազատության ու հավասարության գաղափարները և այս երկուսի չընդհատվող դիմակայության տիրույթում փորձում են հասնել սոցիալական արդարության և իրավական կոմպրոմիսի վրա խարսխված հասարակարգի կառուցմանը:

Եթե չկա հասարակական դաշինք, ապա վրա է հասնում համընդհանուր իրավական նիհիլիզմը, և որքան էլ մարդիկ հայրենասեր լինեն, միևնույնն է, պատրաստ են ամեն պահ հրաժարվել քաղաքացիությունից, խուսափել նույնիսկ սահմանները պաշտպանելու պատասխանատվությունից ու հեռանալ՝ հայրենիք կոչվածը հեռվից սիրելու: Անհատը չի կարող ապրել առանց սոցիալական ֆունդամենտի, չի կարող կյանք կառուցել առանց արդար ինստիտուտների՝ խաղի կանոնների, որովհետև ինքը եսասեր էակ է՝ երջանկության չընդհատվող իմաստասիրական որոնումների մեջ ներքաշված:

Հայրենասիրությունը մետաֆիզիկայի ժանրից է, իսկ Հայաստանի քաղաքացի լինելու համար անհատին էմպրիկ հիմքեր են պետք: Հաճախ Հայաստանի անկախ լինելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար Խորհրդային Միության պրոդուկտ հանդիսացող ազգայնականները դիմում են փիլիսոփայական մի շատ հայտնի տաֆտալոգիայի օգնությանը, այն է՝ մենք անկախ ենք, որովհետև անկախությունը բարձրագույն արժեք է: Սրանք իսկապես դատարկ խոսքեր են և նման են Տերտուղիանոսի այն հայտնի բանաձևին, որն է՝ Ես հավատում եմ, որովհետև դա աբսուրդ է:

Այսպես մենք մարդկանց երբեք չենք համոզի անկախ լինել: Դրա համար անհրաժեշտ է պատասխանել մի շատ պարզ հարցի. Ո՞վ է հայաստանցին: Կրկնում եմ. ոչ թե ո՞վ է հայը, այլ՝ հենց հայաստանցին: Եթե մենք չգիտենք, թե ով է հայաստանցին, ապա բնական է, որ Հայաստանում ապրող մարդիկ չպետք է իրենց ասոցացնեն ՀՀ-ի հետ, կստանան ռուսական ու ամերիկյան անձնագրեր և հեռվից կսիրեն Հայաստանը: Ու ամենակարևորը՝ Նժդեհի աֆորիզմների ներքո և Թալեաթի պոռնիկ մոր նվագակցությամբ հերթեր կգոյացնեն ՌԴ դեսպանատան դիմաց:

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից