Կարո՞ղ եք թշնամու տանկերը խոցած սիրուն Տիկոյի եղբորը բան ասել․․․

Կարո՞ղ եք թշնամու տանկերը խոցած սիրուն Տիկոյի եղբորը բան ասել․․․
Հավատի բացակայությունը կասկած է, թերահավատություն, ի վերջո՝ պարտություն։ Ամեն օր պատերազմի վտանգի մասին են խոսում, ու ես զարհուրում եմ ոչ թե այն բանի համար, որ մեր զենքերը, տեխնիկան, տնտեսությունը․․․ այլ հավատի բացակայության համար։ Ամենակարևոր գործոնն է, ու Արցախյան նախորդ պատերազմի հաղթանակը կապում եմ մեր ժողովրդի միասնական հավատի հետ․․․



Երբ որևէ բարեգործության մասին գրվում է, որ արվում է բանակի համար, հատկապես, երբ դա անում է իշխանության ներկայացուցիչ, հարյուրավոր գրառումներ խեղդում են՝ բացասական առումով։ Մարդիկ չեն հավատում։



Դա խնդի՞ր չի բանակի ղեկավարության համար։ Այդ ուղղությամբ ինչ որ բան արվու՞մ է։



Դա ոչ թե խնդիր է, այլ խնդիրների խնդիրը։ Մինչև ժողովուրդը չհավատա պաշտպանություն իրականացնող կառույցին, իշխանությանը, պաշտպանական իր ներքին ատոմային էներգիան չի օգտագործի։



Երբեմն ուզում եմ իշխանության կողմից բազմիցս օգտագործված գործիքակազմին ասել՝ դուք լռե՜ք, ձեր բարեգործական հռետորաբանությամբ մի սպանեք մարդկանց հավատի վերջին փշուրը, թույլ տվեք խոսել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով, ապրելակերպով, գոյությամբ, առանց խոսքի օգնում, ամրապնդում են մարդու հավատը։



Թողեք խոսի արցախյան քառօրյայում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը։ Նրա մասին գրեք, որ հավատի արմատները հողի մեջ չչորանան, թեկուզ տնքան ցավից, գալարվեն, բայց կյանքի նշաններ ցույց տան։ Ցավը կենդանություն է, թող մեր սիրտը ցավի մասին հաղորդում տա ուղեղին, որ աշխատի, պայքարի ուղեղը․․․



Ժորան Ջեբրայիլում թշնամու 8 տանկերի դեմ կռիվ տված ու երեք տանկ ոչնչացրած հերոս 20-ամյա Տիգրան Աբգարյանի եղբայրն է։ Հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ: Ճանաչողներից մեկը պատմում էր, որ տանկիստին սիրուն Տիկո էին ասում։ Ժորան հպարտանում էր՝ ախպերս, տանկիստ ախպերս, գիտե՞ք ինչ ախպեր ունիմ։



Տիգրանի պարգևների մասին չեմ խոսում, որովհետև «հանրությունը խռովել է պարգևներից»։ Միայն ժողովրդի մի պարգևի մասին կխոսեմ։ Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղի բնակիչներ Խաչատրյանների ընտանիքում ապրիլի 10-ին տղա ծնվեց։ Տիգրան կոչեցին նրան։ Ծնողներն անվանակոչել են հերոս տանկիստի պատվին: Հերոսի մայրը գրկել էր փոքրիկ Տիգրանին ու լացում էր նրա ուսին․․․



Սրանից վեհ պարգև, մեդալ կա՞․․․



․․․ Ու հիմա լսենք Տիգրան Աբգարյանի եղբորը՝ Ժորային․



«Անընդհատ սահմաններ այցելելով, երբ որ տեսնում էի՝ ամբողջական համալրված ու կառուցված չէին մեր սահմանները որոշեցինք` ես, իմ ընկերների ու ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաների հետ, պիտի անվադողեր հավաքենք ու մեր ուժերով այն հասցնենք Արցախ»։



6 ամիսների անկոտրում ու քրտնաջան ջանքերի շնորհիվ հավաքվեց 12 ՈՒՐԱԼ և 2 ԿԱՄԱԶ անվադող...



Սահման։



Կարո՞ղ եք թշնամու տանկերը խոցած սիրուն Տիկոյի եղբոր բարեգործությունը համեմատել «հռետոր հայրենասերների արածի հետ»։ Կարո՞ղ եք բան ասել։



Ոչինչ չեմ ավելացնում, ձեր մեջ տեղավորեք ու փորձեք հող ստեղծել, որ հավատը հող գտնի՝ ամրանալու։ Հողը սահում է, ծառ պետք է տնկել,, որ այն չքշվի՝ գնա ու կորի․․․



Հասմիկ Բաբաջանյան