Ադրբեջանը հրաժարվում է պատմականությունից

Ադրբեջանը հրաժարվում է պատմականությունից
Արցախի նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցի առթիվ Ադրբեջանի նախագահի առընթեր Ռազմավարական հետազոտությունների տնօրեն Ֆարհադ Մամեդովը հոդված է հրապարակել ամերիկյան The national interst պարբերականում: Հոդվածից որոշ առանցքային դիտված հատվածներ հրապարակել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:



Ամերիկյան կողմին կշտամբելով երկակի ստանդներ կիրառելու համար, հեղինակը մասնավորապես [ընդգծում է](http://www.1news.az/news/farhad-mamedov-o-dvoynyh-standartah-ssha-v-nagorno-karabahskom-konflikte), որ ղարաբաղյան հակամարտությունը «պետք է կարգավորվի ոչ թե պատմականության հիման, այլ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»: Բոլոր հրապարակային ելույթներում Ադրբեջանի նախագահը զարգացնում է այն տեսակետը, որ «պատմականորեն Ղարաբաղն ադրբեջանական տարածք է», մինչդեռ նրան ենթակա կառույցի ղեկավարը փաստացի առաջարկում է մի կողմ թողնել պատմությունը եւ հիմք ընդունել «ՄԱԿ-ի Կանոնադրությամբ պայմանավորված՝ արդի միջազգային իրավունքի համակարգը»:



Այսպիսով, Ադրբեջանը կարծես ԼՂ հարցում հրաժարվում է պատմական փաստարկներից, քանի որ դրանք արժանահավատ չեն: Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, ապա այստեղ էլ Բաքվի դիրքերը չափազանց խախուտ են, քանի որ եւ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը միջազգային խաղաղության եւ անվտանգության աղբյուր են գնահատում ժողովուրդների իրավահավասարությունը, ազատ ինքնորոշման նրանց իրավունքը: Ադրբեջանի քարոզչությանը ներկայումս այլ բան չի մնացել, քան այն, ինչ օրերս հնչեցրել է նախագահի օգնական Հասանովը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հայերը «ոչ թե ժողովուրդ են, այլ՝ էթնիկ փոքրամասնություն, որը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի Բաքվում համոզվեն նաեւ այս թեզի անկատարության մեջ: