Ստի մեջ թաղված

Ստի մեջ թաղված

Սուտն ու կեղծիքն այնքան են մտել մեր իրականություն, ներծծվել մեր արյան մեջ, որ մենք անգամ չենք նկատում դրա տարբեր դրսեւորումները, չենք դատապարտում կեղծիքը, չենք մեղադրում ստախոսներին:

Նորմալ է, որ քաղաքական գործիչը, պետական պաշտոնյան երեկ մի բան է ասել, այսօր` մեկ այլ բան, հույսը դրած մարդկանց կարճ հիշողության եւ այն գիտակցության վրա, որ բոլորը ստում են, ուստի հանդուրժող են ստի նկատմամբ: Եթե մեր ժամանակների ամենամեծ ստախոսին` Արծրուն Հովհաննիսյանին, մենք ներեցինք: Ոչ միայն ներեցինք, այլեւ խորհրդարանում պաշտոն տվեցինք, եւ նա ծանր ու մեծ բազմում է ԱԺ հանձնաժողովի նիստերին, հարցեր ու հարցազրույցներ տալիս, արդեն շատ բան է ասում ստի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի մասին:

Ընդ որում` սուտն ու սխալը, միտումնավոր կեղծիք տարածելն ու թյուրիմացության մեջ լինելը պետք է հստակ տարանջատել իրարից: Երկրորդը ներելի է, առաջինը` չէ: Ոչ մի ազնիվ նպատակ, ոչ մի հանրային շահ չի կարող արդարացնել միտումնավոր սուտն ու կեղծիքը: Դա ներելի չէ ոչ միայն կենցաղային, միջանձնային հարաբերություններում, այլեւ լրատվության մեջ, քաղաքական դաշտում, հանրային հարթակներում, աշխատանքային հարաբերություններում: Մանավանդ իբրեւ թե հանուն պետական շահի սուտ ասողներն ակնհայտորեն չեն էլ պատկերացնում, թե որն է այդ շահը, եւ ինչպես է ստացվել, որ, ասենք, սահմանին թշնամու զորքի կուտակումների մասին լռելը-հերքելը-ստելը բխում են մեր պետական շահից, իսկ այդ մասին ճշմարտությունն ասելը-գրելը վնասում են մեր պետությանը:

Իսկ երբ շարքային քաղաքացին մանր հարցերում է ստում-կեղծում, նա այլեւս իրավունք չունի բարձրաստիճան պաշտոնյայից ճշմարտություն, ազնվություն, անկեղծություն պահանջելու, նրա պարզունակ կրուտիտներից դժգոհելու: