Նույն մշակութային դաշտում են քաղաքապետարան կեղտաջուր բերածներն ու նրանց զսպածները

Նույն մշակութային դաշտում են քաղաքապետարան կեղտաջուր բերածներն ու նրանց զսպածները
Hraparak.am-ի** **հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ **Միքայել Հայրապետյանը**։



**-Հայաստանում եւ սփյուռքում տարբեր ընդդիմադիր ուժեր այս օրերին հրավիրում են հանրահավաքներ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերարտադրության։ Մասնավորապես ակտիվ են ԱԺ «Ելք» դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է կրկնվել 2008թ. փետրվարյան տասնօրյակի ֆենոմենը, երբ հասարակությունն ընդվզեց՝ հանուն իր իրավունքների։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ (նկատի ունենանք, որ Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանավարման ընթացքում միայն աճել են արտագաղթը, աղքատությունը, տոտալ անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ)։**



-Դիպուկ եք նկատել. 2008-ին հասարակությունն ընդվզել էր հանուն իր իրավունքների: Այն ժամանակ եղծվել էր ժողովրդի սահմանադրական իրավունքի իրացումը: Իսկ հիմա՞: Սահմանադրությամբ Խորհրդարանին է վերապահված վարչապետ «ընտրելու» իրավունքը: Խորհրդարանն էլ «կընտրի»: Այլ բան է, որ ներկա Խորհրդարանն ինքն ազատ ընտրության արդյունք չէ, այլ ամենապարզ ապրանքափոխանակության: Իհարկե, խնդիրն այլ հատույթ էլ ունի. ժողողուրդը հրաշալի զգում է, թե երբ է օրակարգը քաղաքական, հրատապ, անկեղծ, իրատեսական, երկրի համար՝ շահեկան: Եվ, փառք Աստծո. մեր ապագայի եզակի հույսը հենց այդ ժողովրդային ներքին զգացողությունն է:



**-Կան վերլուծաբաններ, որոնք պնդում են՝ իշխանափոխություն պահանջելը տրորված ճանապարհ է, ոչ մի տեղ չտանող, 22 տարի շարունակ այդ պահանջի արդյունքում իշխանություն չի փոխվել։ Ի՞նչ օրակարգ պետք է այդ դեպքում առաջարկեն ընդդիմադիր ուժերը։**



-Վերջերս Սլովակիայում լրագրող սպանվեց, և իրար ետևից ոչ միայն նախարարներ փոխվեցին, այլև Կառավարությունը հրաժարական տվեց ժողովրդի՝ իշխանափոխության պահանջի արդյունքում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե իշխանափոխության պահանջի ծեծված ճանապարհ լինելու, այլ քաղաքական մշակույթի, պետական ավանդույթի, հասարակության արժեհամակարգի, պետական անվտանգության հակաքաղաքակրթական համակարգում լինելու մեջ է: Սակայն դրա այլընտրանքն էլ այսօր խիստ ռիսկային, եթե չասվի՝ արկածախնդրական կարող է լինել: Օրակարգն այս հարթությունում պետք է փնտրել. եթե միայն դա հնարավոր լինի, որը խիստ կասկածելի է: Ի՞նչ քաղաքական օրակարգ կարող է լինել ռազմակալված, գերված տարածքում - բացառապես ազատագրության օրակարգ, սակայն դա էլ ունի իր նպաստավոր և ոչ նպաստավոր ժամանակը: Իսկ այսօր մեզանում, ինպես Դուք նշեցիք, օրակարգ է փորձում դարձվել Ս. Սարգսյանի՝ վարչապետությամբ վերարտադրումը կանխելը: Կարծում եմ՝ բոլորն էլ պարզ հասկանում են, որ այս պարագայում Ս. Սարգսյանի անձն իրենից ոչինչ չի ներկայացնում, չարիքի ակունքը նրա անձի մեջ չէ, այլ համակարգի: Ասացեք, խնդրեմ մեկին, լինի իշխանության միջից կամ ընդդիմությունից, որին վարչապետ դարձնելով որևէ բան է փոխվելու, եթե քաղաքակրթական ռելսերի փոփոխություն չի լինելու, եթե մեր երկիրը շարունակելու է մնալ ռուսական կայսերական ծայրագավառ: Եթե սա չեն հասկանում, դա այլ հարց է. բարեբախտաբար, մեր ժողովուրդը հրաշալի զգում է դա: Իսկ եթե հասկանում են, բայց շարունակում են, ուրեմն շատ ավելի վտանգավոր հանգրվանում է մեր պետականության ապագան, քան կարելի է պատկերացնել:



**-Եթե Սերժ Սարգսյանը ԱԺ-ի կողմից ընտրվի ՀՀ վարչապետ, պահպանվի ստատուս-քվոն իշխանական վերնախավում, ապա առաջիկա տարիներին ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել։**



-Հիմա մեր ամբողջ քաղաքական ընտրանին է Ս. Սարգսյան: Կրկնեմ՝ խնդիրը նա չէ: Բացի այդ, ընտրություն բառն այս պարագայում կիրառելն ինքնախաբեություն է: Հայաստանում ոչ մի մակարդակում ընտրություն չկա և չի կարող լինել: Ասում եք՝ ստատուս-քվո, բայց ո՞ւմ և ո՞ւմ միջև: Անտրամաբանական է: Երկրորդ կողմ լինել չի կարող: Երկրորդի տեղը լուսանցքն է: Փոխեք բոլոր գործող անձանց անխտիր, և դարձյալ ոչինչ չի փոխվելու. խնդիրն անձինք չեն, ավելին՝ խնդիրը նույնիսկ այդ անձանց որակն էլ չէ, ցավոք սրտի: Չէ ո՞ր վերջերս տեսաք, որ նույն մշակութային դաշտում են թե՛ ժողովրդի համար դրական փոփոխության ակնկալիքով քաղաքապետարան կեղտաջուր բերածները, թե՛ նրանց զսպածները, հրապարակավ թե՛ ճարտարապետն է նույնը ասում, թե՛ երկրապահը, թե՛ դաշնակցականը, թե՛ սպորտսմենը, թե՛ կղերականը, թե՛ ուսանողը, թե՛ ձեր հիշատակած վերլուծաբանները, թե՛ սերիալները, թե՛ հրապարակային երաժշտությունը: Համատարած դեգրադացիա է, համատարած կոլաբորացիոնիզմ: Հնարավո՞ր է դրական բան ակնկալել այս խայտառակ վիճակում. այո՛, հնարավոր է, սակայն միայն կոսմետիկ, ոչ երբեք հիմնավոր ու պետական ապագա խոստացող: Կարելի է մինչև քաղաքակրթական շրջադարձ կատարելը գոհանալ նույնիսկ այդ կոսմետիկով, եթե այն ուղղված լինի արժեքներին, քարոզչությանը, միով բանիվ՝ հոգևորին:



**Թագուհի Հակոբյան**