Ոչ միջին վիճակագրական արցախցու երազախաբությունից Աստված հեռու տանի

Ոչ միջին վիճակագրական արցախցու երազախաբությունից Աստված հեռու տանի
Իմ արցախցի գործընկեր Վահրամ Աթանեսյանը կրկին փայլել է, շատ ներողություն, բոլշևիկի իր բացառիկ տաղանդով: Չէ, իսկապես տաղանդ է պետք, այն էլ բոլշևիկի, որ հայտարարես, թե ումն են պետք սփյուռքի հայկական կառույցներն ու որն է դրանց օգուտը:



Ժամանակին մեզ Սփյուռքից հեռու էին պահում հենց բոլշևիկները: Եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ: Իսկ այսօր իմ արցախցի գործընկերն է ասում, համոզում, փորձում ապացուցել, որ, օրինակ, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը մի մեծ բան չի արել՝ ԱՄՆ կոնգրեսի 36 անդամի հավաքելով Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ Ֆրենկ Փալոնեի շուրջը, որպեսզի ԱՄՆ ներկայացուցիչների պալատին համոզեն՝ որոշում ընդունել Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ Վահրամ Աթանեսյանին գումարը քիչ է թվում: Ասում է՝ այդ գումարը հայ օլիգարխները միայն հանգստանալու վրա են ծախսում:



Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, բնականաբար, մեղավոր չէ, որ հայ օլիգարխներից Վահրամ Աթանեսյանը չի կարողանում այդ գումարը վերցնել և տալ Արցախին, բայց, ահա, Վահրամ Աթանեսյանի կողմից առնվազն «նեոբոլշևիկություն» է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի աշխատանքը թերագնահատելն ու չարախանդալը, թե արածներն ինչ է, որ, մեր օգուտը դրանից որն է, որ:



«Կարդում է միջին-վիճակագրական քաղաքացին՝ Արցախում եւ Հայաստանում, եւ առաջին բանը, որ անցնում է մտքից, երախտագիտությունն է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, որ Վաշինգտոնում օրնիբուն աշխատում է ի բարօրություն պատմական հայրենիքի, ոչ մի խոչընդոտի առջեւ չի ընկրկում: Երկրորդ տեղում երախտագիտության է արժանանում կոնգրեսական Փալոնեն, որ նվիրված է Հայաստանին եւ հայ ժողովրդին: Եւ հուսավառվում է միջին վիճակագրական քաղաքացին՝ Արցախում եւ Հայաստանում, որ Միացյալ Նահանգները՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, բարեհաճ է հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանդեպ»,- գրում է Վահրամ Աթանեսյանը:



Վահրամ, նախ՝ մի ուղղում: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը Հայ դատի հանձնախմբերի համար պատմական հայրենիք չեն, այլ այսօրվա ռեալ, իրական հայրենիք: Մեր պատմական հայրենիքը, գուցե, Կիլիկիան է: Եվ նույնիսկ Արևմտյան Հայաստանը, ընդհուպ Վիլսոնի գծած հայ-թուրքական սահմանով, սխալ է պատմական հայրենիք անվանելը, որովհետև դեռ ոչ մի միջազգային իրավարար կառույց չեղյալ չի հայտարարել ԱՄՆ նախագահի մեծ կնիքով, կրկնում եմ, մեծ կնիքով կնքված այդ իրավարար վճիռը, որի մանդատը միջազգային բոլոր օրենքներով ունեցել է ԱՄՆ-ը: Թուրք-բոլշևիկյան մնացած ավանտյուրաները, որոնցով Հայաստանը ծվեն-ծվեն է արվել այդ երկուսի միջև, մի գեղեցիկ օր պատմություն կդառնան, ինչպես պատմություն դարձավ «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ» կոչվող անհեթեթությունը:



Գնանք առաջ: «Միջին-վիճակագրական քաղաքացին Արցախում եւ Հայաստանում իրեն նեղություն չի տալիս, չի հետաքրքրվում, չի պարզում, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ունի 435 անդամ եւ, ուրեմն, Հայաստանին եւ Արցախին օգնություն ցուցաբերելու կոչին միացածներն ամերիկյան օրենսդիրների ընդհանուր թվի 10 տոկոսն էլ չեն կազմում: Ե՞րբ, ի՞նչ ջանքերի գնով կոնգրեսականների գոնե կեսից ավելին կմիանա Փալոնեի նախաձեռնությանը՝ ոչ ոք չգիտի»: Պետք է ենթադրել, որ Վահրամ Աթանեսյանը իրեն միջին վիճակագրական քաղաքացուց մի փոքր բարձր է դասում և իսկապես մտածում է, որ Կոնգրեսում որոշում անցկացնելու համար պետք է հարաբերվել, աշխատել կոնգրեսականների կեսից ավելիի հետ, այս դեպքում առնվազն 218 մարդու հետ: Վահրամ ջան, դու մի հատ մտքով 36 կոնգրեսական պատկերացրու, էն էլ ամերիկացի: Ու այդ մարդիկ Կոնգրեսում հիմա պետք է նախագիծ ներկայացնեն և 36 հոգով պաշտպանեն այն: Այդ 36 հոգուց ամեն մեկը, ոնց էլ չլինի, մի 7-8 ծանոթ կունենա այդ նույն Կոնգրեցում, այնպես չէ՞: Գիտես ինչ, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Դոնալդ Թրամփը չէ, որ Կոնգրեսում մեծամասնություն ունենա և իր ուզած գումարը պահանջի բանակի կամ այլ ծախսերի համար: Բայց, պատկերացրու, նույնիսկ Դոնալդ Թրամփին են երբեմն մերժում: Ուրեմն պետք է աշխատել և ոչ թե «պատմական հայրենիքից» մեծ-մեծ խոսել:



Վահրամ Աթանեսյանն իր [«Հայկական հիվանդություն»](https://www.hraparak.am/posts/5aabba25e6d7580a30e2021b/) հոդվածն ավարտում է ողջ հոդվածին հարիր մի տկար վերջաբանով. «Իսկ գուցե ժամանա՞կն է, որ մենք բուժվենք հայկական այդ հիվանդությունից, կենտրոնանք մեր խնդիրների վրա եւ, որքան էլ դառը լինի, խոստովանենք, որ Հայաստանի եւ Արցախի համար պատասխանատու ենք մենք՝ հայրենիքում ապրողներս: Միայն մենք: Մնացածը երազախաբություն է, որից արդեն մեկ դար է ոչինչ էլ չի ստեղծվում»: Անկեղծորեն ասեմ՝ անհասկանալի է, թե ինչից է բողոքում Վահրամ Աթանեսյանը: Ո՞վ է բռնել մեր՝ հայրենիքում ապրողներիս ձեռքը, որ չենք «կենտրոնանում» մեր խնդիրների վրա, որ չենք խոստովանում մեր «պատասխանատվությունը» Հայաստանի ու Արցախի համար: Սա իսկապես հետաքրքիր է: Իսկ ահա, 100 տարվա երազախաբության մասին հաստատումը, մեղմ ասած, խելամիտ մարդուն սազական չէ: Պետք է առնվազն ապերախտ լինել՝ չտեսնելու համար Սփյուռքի այն հսկայական ջանքը, որի շնորհիվ է նաև, որ այսօր Արցախի Հանրապետություն ունենք և ոչ թե «պատմական Արցախ»:



**Հ.Գ**. Պարոն Աթանեսյանին կխնդրեի աչքի անցկացնել հենց «Հրապարակ»-ում զետեղված հոդվածները Արցախի ղեկավարների՝ ԱՄՆ և Ավստրալիա կատարած այցերի մասին: Հուսամ՝ նրա ներսում ահագին բան կփոխվի դրանից հետո, մանավանդ, երազախաբության առումով:



**Էդիկ Անդրեասյան**