Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը

Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ եւ այլն‚ բազմիցս հնչել են թե՛ Հայաստանում‚ թե՛ նրա սահմաններից դուրս։ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբեւէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երգացանկում։ Այս կոնցերտը «Նյու Յորք թայմսն» անվանել է «հնչեղ ստեղծագործություն»։ 

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում անցկացվելիք երեք սիմֆոնիկ եւ մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ալեքսանդր Հարությունյանի‚ այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

Փետրվարի 8-ին՝ փառատոնի բացման երեկոյին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, կկատարեն Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Հետագա համերգների ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի շեփորի‚ ջութակի եւ լարային նվագախմբի համար գրված կոնցերտները։ Ջութակի կոնցերտը կներկայացնի հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, իսկ Շեփորի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, միջազգային մրցույթի դափնեկիր Հայկ Գուրգենյանը։ Փառատոնը կեզրափակվի փետրվարի 25-ին։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակներում նաեւ ծավալուն երաժշտագիտական աշխատանք է կատարվել. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաեւ այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։