Արթուրը հաց բերող չէր, նա հույս բերող էր․ այսօր Հաց բերողի մահվան տարելիցն է

Արթուրը հաց բերող չէր, նա հույս բերող էր․ այսօր Հաց բերողի մահվան տարելիցն է
Այսօր՝ մարտի 16-ին լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան 1 տարին։ Հաց բերողին իրենց հարգանքի տուրքը մատուցելու գնացին «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ՝ մի խումբ քաղաքացիների հետ։ Ծաղիկներ դրեցին Արթուր Սարգսյանի շիրիմին, խնկարկեցին, իսկ վերջում ներկաներին խորհրդանշական հացեր բաժանեցին։ Հավաքվածներին խոսքով դիմեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի գաղափարակից Խաչատուր Եփրեմյանը՝ հորդորելով աղոթել Սարգսյան համար․



«Աղաչանքս ամենքիդ, միակ բանը, որ հիմա կարող ենք անել, աղոթքն է, հավատավոր, թե անհավատ, հեթանոս, քրիստոնյա, Արթուրը էն մարդն է, որ բոլորին է միացնում։ «Սեր» հասկացությունը Արթուրն է, հիշո՞ւմ եք` Պավլիկը երեկ ինչ ասեց՝ հաց բերող չէր, հույս բերողն էր, լույս բերողն էր, ջերմություն ու միասնություն բերողն էր, ամեն ինչի դրականը բերողն էր։ Ու էդպիսի քչախոս լինելով՝ որակ էր ներկայացնում իրենից։ Ճանապարհ ցույց տվող՝ առանց խոսքի, մի բառ չասեց, թե ուր գնաց, բայց իր գործով ասեց՝ ինչպես պետք է անենք։



«Ո՞վ, եթե ոչ ես, ինչո՞ւ որևէ մեկը պիտի անի, իսկ ես չանեմ»։ Հիմա ուղղակի աղաչանքս՝ եթե ցանկանում ենք ինչ-որ մի բան անել Արթուրի համար, ջերմություն ուղարկել հանդերձյալ աշխարհ, ապա աղոթքի միջոցով։ Հիշեք նրան ձեր աղոթքներում՝ անկախ նրանից, թե ով ինչ հավատք ունի։ Թող հոգին լուսավոր լինի, Աստծո արքայությունը վայելի։ Ես դժվարանում եմ, իմ բառերը շատ քիչ են ու ցածր են Արթուրի մասին գովեստի խոսքեր ասելու համար։ Ինքը տեղով լույս էր»։



Այնուհետև ներկաները միասին աղոթեցին և շարժվեցին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի է ունենում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։



**Կորյուն Սիմոնյան**