Մտնում ենք քաղաքական տուրբուլենտության շրջան

Մտնում ենք քաղաքական տուրբուլենտության շրջան
Ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը կհաղթի նախագահական ընտրություններում ու կշարունակի ղեկավարել Ռուսաստանը, բայց կկարողանա՞ արդյոք ղեկավարել մինչև նոր ժամկետի ավարտը, դա արդեն շատ մեծ հարցական է: Կոլեկտիվ Արևմուտքը չնայած ոչ մեծ արագությամբ, սակայն արդեն հաստատ կսկսի գործել ընդդեմ պուտինյան ռեժիմի, քանի որ այդ գործընթացին միանշանակորեն օրերս խառնվեց Մեծ Բրիտանիան, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային էլիտաների, այսպես կոչված, անգլոսաքսոնական թևը որոշումը կայացրել է արդեն:



Հետընթաց չի լինի այլևս, և դժվար թե հրեական էլիտար խմբերը կարողանան ինչ որ կերպ փրկել պուտինյան ռեժիմին: Արևմուտքը այսպես կոչված «վիշապի խեղդոց» կոչվող քաղաքականությունը կսկսի իրականացնել ընդդեմ Ռուսաստանի, այսինքն դա նշանակում է, որ շատ դանդաղ, սակայն խեղդող օղակը ավելի ու ավելի կսեղմվի Ռուսաստանի կոկորդին, որի արդյունքը կանխորոշված է: Պուտինը անձեռքսեղմելի է (нерукопожатный) հայտարարվել, նրա հետ այլևս ոչ ոք չի համագործակցի մինչև նրա լիակատար գահավիժումը:



Իր ու իր թիկունքում կանգնածների արկածախնդրության արդյունքում կտուժի ոչ միայն ինքը ու իր շրջապատը, այլ ամբողջ Ռուսաստանի ժողովուրդը ու Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրների (Հայաստանը նույնպես այդտեղ է) ժողովուրդները: Մենք նորից մտնելու ենք քաղաքական տուրբուլենտության ժամանակաշրջան, ու հաշվի առնելով մեր ազգի վերնախավի մարդկային ու պրոֆեսիոնալ որակները, կամ ավելի ճիշտ` անորակությունը, որևէ լավ բան կանխորոշել անհնար է: Մեր անվտանգությունը մեծ սպառնալիքի տակ է հայտնվելու։