Նույնիսկ Իրաքում ավելի երջանիկ են, քան Հայաստանում

Նույնիսկ Իրաքում ավելի երջանիկ են, քան Հայաստանում
Աֆրիկայում հրապարակվել է ՄԱԿ-ի այս տարվա Երջանկության համաշխարհային զեկույցը` UN World Happiness Report 2018-ը, որը ներառում է տվյալներ այն մասին, թե աշխարհի 156 երկրներից որտեղ է բնակչությունն առավել երջանիկ զգում իրեն: Հայաստանն զբաղեցնում է 129-րդ տեղը՝ 4.321 միավորով: Մեկ հորիզոնականով մեզնից երջանիկ են հարեւան վրացիները՝ 128-րդ: Ըստ զեկույցի՝ Հայաստանից ավելի երջանիկ են Ադրբեջանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, մենք գտնվում ենք նույն մակարդակում, ինչ Մոզամբիկը, Քենիան, Կամբոջան, Մալին: Նույնիսկ Իրաքում, որտեղ պատերազմ է, ավելի երջանիկ են, քան Հայաստանում: Ի դեպ, ամեն ինչ կորսված չէ Հայաստանի համար:



Մեզնից ավելի նվազ երջանիկ կամ դժբախտ են Ուկրաինայում, Ուգանդայում, Բենինում, Չադում, Հնդկաստանում, Կոնգոյում, Մյանմարում: Ամենաերջանիկ երկիրն է Ֆինլանդիան, որին հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները։ Ամենադժբախտը Բուրունդին է: Ի դեպ, անցյալ տարի մենք գտնվում էինք 121-րդ հորիզոնականում եւ ունեինք 4.376 գործակից, ինչը նշանակում է, որ օր ու գիշեր մեզ համար անդադրում աշխատող մեր հայրենի իշխանությունները չեն կարողացել մեզ լիարժեք երջանկացնել, եւ անցյալ տարվա համեմատ մենք դժբախտացել ենք յոթ մակարդակով: «Ուրախացնողն» այն է, որ անցյալ տարի վրացիները մեզնից ավելի դժբախտ են եղել, մինչդեռ այս տարի` ավելի երջանիկ: