Հոքինգի համառոտ պատմությունը

Հոքինգի համառոտ պատմությունը
Մարտի 14-ին գիտության համառոտ պատմությունների հեղինակ, անգլիացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտությունը հանրայնացնող հրաշալի Սթեֆըն Ուիլիամ Հոքինգը հեռացավ կյանքից՝ աշխարհին թողնելով իր ուշագրավ գրքերը, աշխատությունները, ուսումնասիրություններն ու հոդվածները: Հոքինգը թերեւս վերջին տասնամյակներում ամենաճանաչված եւ, իհարկե, լայն շրջանակների կողմից սիրված գիտնականներից էր՝ «Ժամանակի համառոտ պատմությունը» գրքի հեղինակը, մարդ, ով աննկուն կենսասիրություն ուներ, նրա կյանքն ու ծավալած գործունեություն, իսկական ոգեւորություն էին երիտասարդության ու, առհասարակ՝ բոլոր այն մարդկանց համար, ովքեր կանգնած էին «սահմանափակ կարողություններ» ասված փորձաքարի առջեւ:



Հոքինգը 21 տարեկան էր, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին Լու Գեհրիգի սարսափելի հիվանդությունը: Բայցեւայնպես, անդամալույծ լինելը, հաշմանդամության սայլակը, խոսելու անկարողությունը՝ ոչինչ, որեւիցե դժվարություն, արգելք չկանգնեցրին հիրավի զարմանահրաշության աստիճան այս քաջ աշխատավորին: Հոքինգը հատորներ թողեց, բացահայտումներ՝ սեւ խոռոչների, լարերի տեսության եւ այլ եղելությունների ու երեւույթների վերաբերյալ: Սթեֆըն Հոքինգը նաեւ գրելու վարպետ էր, նրա 10 միլիոն օրինակով վաճառված «Ժամանակի համառոտ պատմությունը» գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Հնարավորինս մատչելի ու ըմբռնելի լեզվով, հետաքրքրաշարժ եղանակով գրված այս գիրքն իսկական նվեր է գիտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու համար, ով ցանկություն ունի թափանցել ու փորձել ճանաչել տարածության ու ժամանակի, ընդարձակվող տիեզերքի, սեւ խոռոչների, ֆիզիկայի միասնականացման զարմանալի կալվածքները: Հիշում եմ՝ առաջին անգամ ինչպիսի հափշտակությամբ էի ընթերցում «Ժամանակի համառոտ պատմությունը», որը, ի դեպ, հայերեն լույս է տեսել դեռ 2001 թվականին (Երեւան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, թարգմանությունն անգլերենից՝ Տիրան Քրմոյանի, Աննա Մխիթարյանի):



20-րդ դարի երկրորդ կեսի մեծագույն աստղագետներից մեկը՝ Կարլ Սագանը, «Ժամանակի համառոտ պատմությունը» գրքի նախաբանում գրում է․ «1974-ի գարնանը, «Վիկինգ» տիեզերանավի՝ Մարսի վրա վայրեջք կատարելուց երկու տարի առաջ, Անգլիայում ես մասնակցում էի մի գիտաժողովի, որը կազմակերպել էր Լոնդոնի Թագավորական ընկերությունը եւ նվիրված էր արտերկրային քաղաքակրթության հայտնաբերման հարցերի հետազոտմանը։ Ընդմիջման ժամանակ նկատեցի, որ հարակից սրահում ավելի բազմամարդ մի հավաք կար, եւ հետաքրքրությունից մղված՝ ներս մտա։ Անմիջապես գլխի ընկա, որ այնտեղ տեղի էր ունենում հինավուրց մի արարողություն, ականատես էի դառնում մեր մոլորակի ամենահին գիտական կազմակերպություններից մեկի՝ Լոնդոնի Թագավորական ընկերության նոր անդամների ընդունման ծիսակատարությանը։ Առաջին շարքում իր անվակավոր բազկաթոռին նստած մի երիտասարդ դանդաղորեն իր անունն էր գրում այն գրքում, որի առաջին էջերից մեկում զետեղված էր Իսահակ Նյուտոնի ստորագրությունը։ Երբ ի վերջո նա ավարտեց ստորագրելը, սրահում թնդացին ծափահարություններ։ Այդ ժամանակ արդեն Ստեֆըն Հոքինգը լեգենդ էր։ Ներկայումս Հոքինգը Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի լուկասյան պրոֆեսոր է, ինչպես ժամանակին Նյուտոնն ու ապա Պ․ Ա․ Մ․ Դիրակն էին, երկու նշանավոր հետազոտողներ, որոնցից մեկն ուսումնասիրել է ամենախոշորը, մյուսը՝ ամենափոքրը։ Ստեֆըն Հոքինգը նրանց արժանավոր հաջորդն է։ Հոքինգի այս առաջին հանրամատչելի գրքով ընթերցողը բազմակողմանիորեն կվարձատրվի։ Այս գրքի բազմաբովանդակ պարունակության չափ հետաքրքիր է նաեւ ընթերցողին մատուցվող հեղինակի մտածելակերպը։ Այս գիրքը պարունակում է ֆիզիկային, աստղագիտությանը, տիեզերագիտությանը, ինչպես նաեւ մտքի խիզախության հետ առնչվող պարզ հայտնություններ։ Այս գիրքը նաեւ Աստծո մասին է…․ կամ, թերեւս՝ Աստծո բացակայության մասին։ Գրքի էջերում հաճախ է հանդիպում «Աստված» բառը։ Հոքինգը ձգտում է պատասխանել Էնշտեյնի այն նշանավոր հարցին, թե տիեզերքն արարելիս Աստված ընտրության որեւէ հնարավորություն ունե՞ր։ Իր իսկ միանշանակ պնդմամբ նա փորձում է հասկանալ Աստծո բանականությունը։ Ավելի անսպասելի է եզրակացությունը, թերեւս ժամանակավոր, որին հանգեցրել են հետազոտությունները։ Տիեզերքը տարածության մեջ անեզր է, ժամանակի մեջ՝ անսկիզբ եւ անվերջ, իսկ Արարիչն այնտեղ անելիք չունի»:



**Արամ ՊԱՉՅԱՆ**