Կեղծիք ու դեմագոգիա

Կեղծիք ու դեմագոգիա
Ինչքան կեղծիք ու փարիսեցիություն կա մեր իրականությունում։ Մեկը օրնիբուն խոսում է միասնությունից, համախմբումից, բայց երբ հարցնում ես, թե ինչու չեք քաղաքական ուժերով միավորվում եւ համատեղ պայքար ծավալում հանուն ինչ-որ բանի, ասում է՝ ոչ մեկի հետ չենք միավորվի, բոլորը ծախված են, բոլորը պրոյեկտ են, միայն մենք ենք զուլալն ու արդարը։ Մյուսը դժգոհում է գործող իշխանությունից, քննադատում է ու դատափետում, իսկ երբ գալիս է իրական պայքարի ելնելու պահը, համակարգչի էկրանի մոտ է նստում եւ «վճռականորեն» հետեւում փողոցում ծավալվող իրադարձություններին։



Երրորդը քննադատում է կուսակցություններին, դատապարտում կուսակցական գործիչներին, որ հետեւողական չեն, խիզախ չեն, հարմարվող են, թույլ են, իսկ ինքն արդեն 4-5 կուսակցություն է փոխել՝ իրարից ծայրահեղ տարբեր մարտավարություն եւ ռազմավարություն որդեգրած, վերջում էլ հայտնվել է մի տաքուկ պաշտոնում։ Ահա՝ իրեն ընդդիմություն հռչակած ուժի ներկայացուցիչները, որոնք խմբով ներկայացել են իշխանական միջոցառմանը, ջերմ ողջագուրվում են իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչների հետ եւ իրենց զգում՝ ինչպես ձուկը ջրում։ Ոչ մի գաղափարական տարաձայնություն, ոչ մի դիսկոմֆորտ։ Մյուսը տապալել է իր բիզնեսն ու խոսում է գործարարության տարրական սկզբունքներից, աշխատասիրությունից, բիզնեսն առաջ տանելու ունակություններից։



Թալանչին առաջինն է բղավում՝ մի գողացեք, դավաճանը կուրծք է ծեծում, թե ամենակարեւորը սկզբունքներին հավատարիմ լինելն է, վախկոտը համարձակությունից է խոսում, շահամոլը՝ անշահախնդիր նվիրումից։ Այսքան կեղծիքի ու փարիսեցիության մեջ դժվար է զատել թացը չորից, ուստի մեղադրել մարդկանց, որ կորցրել են հավատն ամեն ինչի նկատմամբ, առնվազն անարդար է։