Քաղաքական անմեղսունակություն

Քաղաքական անմեղսունակություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում «համաշխարհային նշանակության» հերթական միջոցառումն է կազմակերպել, որտեղ հանդես է եկել բացման խոսքով: Ինչպես ասում են՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին». Ալիեւը վերստին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, կրկնել բազմիցս հնչեցրած թեզերը: Այդ ելույթը կատարյալ անուշադրության կարժանանար, եթե նկատելի չլիներ մի հանգամանք. բավական կարճ խոսքում Ալիեւը ցուցաբերել է քաղաքական անմեղսունակություն: Որպեսզի դրանում համոզվենք, մեջբերենք ԼՂ խնդրի կարգավորման շուրջ նրա հնչեցրած երկու[ թեզերը](https://ru.oxu.az/politics/247067)՝ ըստ հաջորդականության: «Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության շրջանակներում»:



«Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան»:



Խոսքը ԼՂ կարգավորման մասին է: Բայց եթե նկատի ունենանք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության հետ ընդգծում է նաեւ ժողովուրդների իրավահասարությունը եւ ինքնորոշումը՝ որպես վիճելի հարցերի կարգավորման սկզբունքներ, ապա Ալիեւի երկրորդ թեզը հակասում է առաջինին, որտեղ նա ԼՂ կարգավորման միակ սկզբունք է մատնանշում տարածքային ամբողջականությունը: Այսինքն, նույնիսկ ադրբեջանական լսարանի համար դժվար կլինի հստակեցնել, թե ի վերջո ղարաբաղյան հակամարտության լուծման ի՞նչ տարբերակի է նախապատվությունը տալիս Ալիեւը: Հնարավոր է, նա յուրովի է հասկանում ինքնորոշման իրավունքը եւ այն դիտարկում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում:



Բայց Հելսինկայն եզրափակիչ ակտը ընդգծում է, որ ինքնորոշման իրավունքի հիմքը ժողովուրդների իրավահավասարությունն է: Այսինքն, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը հավասար իրավունքներ ունեցող սուբյեկտներ են, եւ Արցախի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Երեւում է, այս պարզ բաներն անգամ հասու չեն Ալիեւի ուղեղին: Նա, կարծես, կորցրել է փաստերը եւ երեւույթները տրամաբանորեն գնահատելու կարողությունը, եթե, իհարկե, երբեւէ ունեցել է եւ հայտնվել խղճահարություն հարուցող իրավիճակում: Այնքան, որ «Թուրան» գործակալության հեղինակներից մեկը նրան խորհուրդ է տալիս ընդունել իրականությունը, մարսել պատերազմում պարտության դառնությունը եւ առաջընթաց քայլեր ձեռնարկել՝ հասնելու հնարավոր ինչ-որ արդյունքի: Խելացի առաջարկություն է, բայց արդյոք Ալիեւը կարո՞ղ է ադեկվատ ընկալել իրականությունը: Դա արդեն Ադրբեջանի եւ նրա ժողովրդի խնդիրն է: