Սեռական կյանքի մասին կարծրատիպերը՝ դավաճանության պատճառ

Սեռական կյանքի մասին կարծրատիպերը՝ դավաճանության պատճառ
_Հարցազրույց «Նաիրի» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան, հոգեթերապեւտ, հոգեբանական գիտությունների թեկնածու __**Քրիստինա Գալստյանի**__ հետ_



**- Ավելի հաճախ տղամարդի՞կ, թե՞ կանայք են դավաճանում:**



Եթե հարցը վերաբերում է մեր հասարակությանը, ապա, ստատիստիկայից եւ պրակտիկ գործունեությունից ելնելով, պետք է նկատենք, որ այսօր արդեն մեզ մոտ էլ գրեթե չկա դիսկրիմինացիա: Կարծես օրինաչափ է դարձել սեփական հոգեսեռական պահանջների բավարարման համար, առանց զույգի հետ առաջացած անհամատեղելիության հարցերին անդրադառնալու կամ մասնագետների հետ խորհրդակցելու, գտնել նոր օբյեկտ եւ անձնական կյանքը կազմակերպել տանիքից դուրս:



**- Հասարակությունը, կարծես, ավելի ներողամիտ է տղամարդկանց դավաճանության նկատմամբ: Մի՞թե միմյանցից տարբերվում է հակառակ սեռերի դավաճանությունը:**



Հասարակական կարծիքն ու մոտեցումներն արժե գնահատել գիտակցական մակարդակի չափորոշիչներով: Սկզբունքորեն քաղաքաբնակ հասարակությունն առավել հանգիստ եւ շատ դեպքերում չեզոք է հարցին մոտենում՝ երկու կարեւորագույն պատճառներով պայմանավորված. առաջին՝ մեծամասնությունն ունի զբաղվածություն եւ չունի նման հարցերին անդրադառնալու ժամանակ, եւ երկրորդ՝ հասարակական նմանօրինակ վարքագիծը վաղուց ընդունելի է նաեւ նրանց համար: Իսկ մարզերում ազգաբնակչության վերաբերմունքն այլ է. կա անսպառ ազատ ժամանակ դիմացինի անձնական կյանքով հետաքրքրված լինելու եւ գնահատականներ տալու: Բնականաբար, վերլուծությունները չեն վերաբերում անհատական մոտեցումներին: Այսինքն, կարեւոր չէ՝ դու որտեղ ես ապրում, կարեւոր է, թե ինչպես ես վերաբերվում տվյալ հարցին:



**- Որքա՞ն հաճախ են ամուսնալուծություններ լինում դավաճանության պատճառով:**



Այսօր առավել հաճախ ենք լսում նորաստեղծ զույգի բաժանության մասին, քան, ասենք, 15 տարի առաջ: Դավաճանությունն այն առաջնային պատճառը չէ, որը պառակտում է դեռ չկազմավորված կամ, ասենք, երկար տարիների նկարագիր ունեցող ընտանիքի ամբողջությունը: Զույգի անհամատեղելիությունն ու աններդաշնակությունն են այն դրդապատճառները, որոնցով պայմանավորված՝ մի կողմը կամ կողմերն սկսում են փնտրել այլ հետաքրքրություններ:



**- Հաճախ ամուսնական դավաճանության դեպքում ավելի շատ մեղադրվում ու քննադատվում է ոչ թե դավաճանողը, այլ՝ սիրուհին կամ սիրեկանը:**



Այո՛, կա այդ մոտեցումը, որը շատ նուրբ հոգեբանական բացատրություն ունի:



Երբ ողջ էությամբ քոնն ես համարում զույգիդ կյանքն ու ապրածը, ամբողջացած ես այդ ամենի հետ եւ շատ դեպքերում ոչ զգացմունքային, այլ սովորույթի ուժով, հոգեկանդ չունի մեղադրելու գործիք, քանի որ դա նույնն է, թե ինքդ քեզ մեղադրես: Բնականաբար, սթրեսային գործոնով պայմանավորված, իրավիճակը փոխվում է, եւ մեղադրանքները կարող են ուղղված լինել ում եւ ինչին ասես:



**- Որոշ կարծիքների համաձայն՝ «տղամարդիկ պոլիգամ են եւ պետք է շատ կանայք ունենան», «իսկական տղամարդը բացի կնոջից պետք է ունենա նաեւ սիրուհի»: Արդյո՞ք բոլոր տղամարդիկ են պոլիգամ:**



Երբ տղամարդն ունի ԻՐ ԿԻՆԸ, որը շատ դերերի հետ մեկտեղ համատեղում է նաեւ գրագետ սիրուհու դերը, Ձեր կողմից մեջբերված տերմինը կորցնում է իր կշիռն ու արժեքը:



**- Չեխ գրող Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» վեպի հերոսը՝ Թոման, դավաճանում էր կնոջը՝ փորձելով բացահայտել յուրաքանչյուր կնոջ մեջ ամփոփված միլիոներորդական տարբերությունը, որը դրսեւորվում էր միայն սեռական կյանքում՝ միաժամանակ, ըստ իրեն, սիրելով կնոջը: Հայ իրականության մեջ տղամարդկանց մի մասի համար պատահական սեռական հարաբերությունները դավաճանություն չեն, քանի որ, ըստ նրանց, իրենց զգացմունքները չեն փոխվում կնոջ նկատմամբ: Այդ դեպքում ի՞նչ են ցանկանում գտնել հայ տղամարդիկ:**



Սիրել հակառակ սեռին՝ նշանակում է սիրել ամբողջությամբ եւ բաց լինել սիրո բոլոր ձեւերի ու տեսակների համար: Սիրել առանձին մարմինը, հոգին, միտքը, գեղեցիկ աչքերը, պատրաստած ճաշը, խոսքը, ճաշակը, իր եւ երեխաների նկատմամբ խնամքը՝ նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել: Սերն ամբողջական, շատ խիտ արժեք եւ խորքային ապրում է, առաջին հերթին՝ ինքդ քո, ապա դիմացինի նկատմամբ: Առհասարակ, սերն ինքնաճանաչողություն է, ապա նոր ընտրություն: Իսկ այս ամենի համար կյանքի ռիթմին եւ որակներին համապատասխանող անձնային եւ մասնագիտական աճ է պետք:



**- Սեռական կյանքի վերաբերյալ կարծրատիպերն ինչպիսի՞ն են մեր հասարակությունում: Արդյոք դրանո՞վ չեն պայմանավորված ամուսնական դավաճանությունները: Օրինակ՝ «այս սեռական նախընտրությունը կարելի է անել կնոջ հետ, այս մեկը՝ ոչ»:**



Սեռական կյանքը մարդու համար առաջին հերթին առողջապահական նշանակություն ունեցող ցուցիչ է: Այն որեւէ դեպքում չի առանձնացվում եւ չի դիտարկվում որպես երկրորդային կամ քիչ կարեւոր: Սեռապես հասուն մարդը հիմնովին պետք է ճանաչի իր օրգանիզմը, լինի գրագետ: Այսինքն՝ սեռապես հասուն անձը պետք է ունենա ազատություն՝ սեռական հարթակում իր ցանկությունների եւ պահանջների մասին անկաշկանդ ու առանց ավելորդ կոմպլեքսների խոսելու: Մարմինների միաձուլումը շատ ավելի ամբողջական եւ լիարժեք հաճույք է պատճառում զույգին, երբ նրանցից յուրաքանչյուրը հստակ գիտի եւ տիրապետում է թե՛ իր, թե՛ կողակցի նախասիրություններին: Ինչ վերաբերում է կարծրատիպերին, այո՛, ցավոք, դրանք դեռ կան մեր իրականության մեջ եւ շատ դեպքերում վնասում ու խանգարում են անձի հոգեկան առողջությանը: Այստեղ կարեւորվում է այն հանգամանքը, որ տղամարդիկ փնտրում եւ գտնում են այն, ինչն իրենց պետք է, բայց մեծ թվով կանայք, թեպետ ունեն բուռն ֆանտազիա, սեռական առողջ էներգիա, բայց, դաստիարակչական նորմերով պայմանավորված, ունենում են մոբիլիզացման խնդիր:



Կցանկանայի ծնողների համար նշել երեխայի նկատմամբ կարեւոր մի մոտեցման ձեւ. դեռ վաղ տարիքց, դաստիարակչական գործընթացում երբեք չֆիքսվել «ամոթ» ասվածի վրա: Հատուկ չկենտրոնանալ եւ չմեղադրել երեխային, երբ բաց է սեռական օրգանը լողանալիս, հագնվելիս, պետքարան գնալիս: Սա գուցե տվյալ պահին աննշան թվա, բայց կարեւոր կոմպոնենտ է հետագայում սեռապես կազմավորվելու եւ դրսեւորվելու համար:



**- Հայ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի՝ թողնելով ընտանիքը: Որքանո՞վ է արտագնա աշխատանքը նպաստում արտամուսնական կապերի առաջացմանը:**



Տան տղամարդը մեկնում է արտագնա աշխատանքի հաց վաստակելու ակնկալիքով, բայցեւ վտանգում է ողջ ընտանիքի միասնականությունը: Երբ ընտանիքն ամբողջական չէ, կենսասոցիալական խնդիրներին ավելանում են հոգեմարմնական խնդիրները, որոնք առավել բարդ եւ խորքային հետագիծ ունեն: Տղամարդկանց մեծամասնությունը գտնում է ելքեր եւ հնարավորինս կազմակերպում իր անձնական, այդ թվում եւ՝ սեռական կյանքը: Նույնը չենք կարող ասել այն կանանց մասին, ովքեր խոնարհաբար պիտի սպասեն ամուսիններին՝ իրենց մեջ զսպելով ցանկացած մարդկային պահանջ: Այստեղ կորում են շատ մարդկային արժեքներ, եւ շատ դեպքերում անձն է կորում: Դրա համար կնոջ լուռ տառապանքի մեջ հասարակությունն առանձնացնում եւ կարեւորում է նրա «հայ կին» լինելու «մեծագույն շնորհը»: Սա, ինչ խոսք, սխալ է, բայցեւ տվյալ անհատի ընտրությունն է, որը ենթակա է վերլուծության կամ քննարկման միայն այն դեպքում, երբ հոգեսեռական խնդիրներն սկսում են խանգարել, եւ նա դիմում է մասնագիտական օգնության:



**- Ինչպե՞ս վարվի կինը կամ տղամարդը, ում դավաճանել են:**



Սա լավ հարց էր, քանի որ պրակտիկ պատասխան է ակնկալում: Կանգ առնել մի պահ, սթափվել եւ փորձել առանց ավելորդ էմոցիաների գնահատել իրավիճակը: Որքան էլ դժվար է չմեղադրել սեփական անձն ու դավաճանող կողմին, չփնտրել մեղավորներ: Հավասարակշռված զրույցն ու դիմացինին արտահայտվելու հնարավորություն տալը կարող են սկզբունքորեն փոխել իրավիճակը: Այստեղ կարեւոր է նաեւ հոգեբանական խնամք ցուցաբերել այն անձի նկատմամբ, ում հետ միասին ապրել եւ ստեղծել եք որոշակի արժեքներ կամ ունեք երեխաներ, ովքեր, երեւույթի որակական մեկնաբանություններով պայմանավորված, հնարավոր է եւս հայտնվեն սթրեսային իրավիճակում:



**Մարինե ՍԱՀԱԿՅԱՆ**