Նույնիսկ իրենց պատմությունն են կեղծում

Նույնիսկ իրենց պատմությունն են կեղծում
Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը ԱԴՀ հռչակման 100-ամյակին ընդառաջ ֆեյսբուքում գրառում է արել: «Ինչպես չհպարտանանք, որ մենք այն երկիրը եւ էթնոսն ենք, որ մուսուլմանական Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում ճանաչել ենք կանանց հավասար իրավունքները, Արեւելքում առաջինն ենք այբուբենի եւ լեզվի բարեփոխում կատարել, առաջինն ենք ստեղծել թատերական եւ ժամանակակից երաժշտության ավանդույթներ եւ առաջինն ենք դարձել նաեւ այլ բնագավառներում»,- [գրել](https://news.day.az/politics/986151.html) է Հասանովը։



Ալիեւի օգնականի պաթետիկ ճոռոմախոսությունը մի կողմ դնենք եւ ուշադրություն դարձնենք նրա այն ձեւակերպմանը, ըստ որի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը համարվում է մեկ, տվյալ համատեքստում՝ ադրբեջանական, էթնոսի պետություն: Հասանովը դրանով կոպտորեն նեգափոխում է ԱԴՀ հռչակագիրը, որտեղ [ասվում](https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0) էր. «Այսուհետեւ Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրող, իսկ Ադրբեջանը, որ բաղկացած է արեւելյան եւ հարավային Անդրկովկասից, լիիրավ, անկախ պետություն է»:



Ինչպես տեսնում ենք, 1918թ. մայիսի 28-ին Ադրբեջանը հռչակվել է ոչ թե որպես մեկ էթնոսի՝ թուրք-ադրբեջանցիների, այլ՝ նրա բոլոր ժողովուրդների պետություն: Այլ բան է, որ մեկ դար հետո Ադրբեջանը գերազանցապես մոնոէթնիկ պետություն է, որի սահմանադրությունը ադրբեջանական ժողովրդին է ճանաչում իշխանության միակ կրող: Դրանից չի հետեւում, թե Հասանովն իրավունք ունի նաեւ ԱԴՀ տիտղոսակիր էթնոս համարել թուրք-ադրբեջանցիներին: Բայց նա կեղծում է նույնիսկ իր երկրի պատմությունը եւ փաստացի արժեզրկում ԱԴՀ հռչակագիրը: Նմանից ի՞նչ սպասես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանը, Արցախին: