Որքա՞ն խիճ պիտի փռի Ադրբեջանը

Որքա՞ն խիճ պիտի փռի Ադրբեջանը
Բաքվի քարոզչությունն արդեն երրորդ օրն է, տարփողում է լայնածավալ զորավարժությունները: Մերթ պաշտպանության նախարարին են ցուցադրում զինվորների հետ նախանովրուզյան խարույկի վրայից ցատկելիս, մերթ գրում են, որ տանկերը նախապատրաստվում են «հուժկու հակագրոհի»:



[Ցուցադրվել](http://minval.az/news/123772006) է նաեւ հրթիռահրետանային զորքերի տեղաշարժը:



Չլինելով ռազմական բնագավառի մասնագետ, դժվարանում ենք ասել, որ տպավորությունը ճիշտ է, բայց կադրերից երեւում է, որ ինքնագնաց հրետանային միջոցների տեղաշարժի համար նախօրոք անցնելիք ճանապարհը թարմ խճապատված է, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք անցանելության հետ խնդիրներ ունեն: Ավելի պարզ ասած՝ ոչ գրունտային տեղանքում չեն կարող ազատ տեղաշարժ իրականացնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ըստ զորավարժությունների ծրագրի, հրթիռա-հրետանային միջոցները «դուրս են բերվում կրակային դիրքեր»:



Հարց է առաջանում՝ որքա՞ն խիճ պետք է փռվի, որպեսզի ինքնագնաց հրետանային կայանքները դուրս բերվեն մարտական դիրքեր: Այսինքն, եթե Ադրբեջանն իրական ռեժիմում որոշի դրանք օգտագործել, ապա հարկ կլինի նախապես կամ ասֆալտապատել ճակատային գոտու բոլոր ճանապարհները, կամ նվազագույնը՝ խիճ փռել: Կամ էլ այդ կայանքները պետք է դիրքեր զբաղեցնեն Թարթառ, Նավթալան, Գերանբոյ քաղաքներում, այլ բարեկարգ բնակավայրերում կամ հարակից ավտոմայրուղիներում: Համենայն դեպս, դատելով ցուցադրված կադրերից, որ հասանելի են վերոհիշյալ հղումով, այն եզրակացությանը կարելի է գալ, որ գովազդված ինքնագնաց հրետանային միջոցները դաշտային, մանավանդ՝ լեռնային ռելիեֆի, պայմաններում տեղաշարժի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն եւ հեշտությամբ կարող են թիրախ դառնալ: