Այս տարի Հրազդանում ընտրություն կլինի՞

Այս տարի Հրազդանում ընտրություն կլինի՞
2017թ.-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր համայնքները խոշորացան: Այս տարի ապրիլ ամսին պետք է հետեւյալ փունջը ձեւավորվեր՝ Լեռնանիստ, Սոլակ, Քաղսի, Ջրառատավան համայնքները միավորվեին, սակայն ապրիլին ընտրություններ չեն լինի: Գյուղապետերը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց համար դեռ պարզ չի, թե ինչու են հետաձգել ընտրությունները. «Որ ճիշտն ասենք, մենք չէինք ուզենա, որ այս 4 գյուղերը իրար միանան, քանի որ երբեք առաջընթաց չի գրանցվի: Ճիշտը կլինի, որ այս գյուղերը միանան Հրազդանին, ոնց որ Բջնի, Ալափարս, Արզական, Կամարիս, Ֆանտան գյուղերը միացան Չարենցավանին: Մանավանդ Ջրառատավանը շատ հեռու է, իսկ Հրազդանը գտնվում է այս գյուղերի կենտրում»,-ասաց գյուղապետերից մեկը: Ըստ գյուղապետերի` համայնքների խոշորացման ծրագիրն այս 4 գյուղերի դեպքում արդարացված չի:



Այս գյուղերի միացմանը դեմ են նաեւ Սոլակի, Քաղսիի եւ Ջրառատավանի բնակիչները: «Մեր գյուղն առանց այն էլ մեծ գյուղ է, միացնում են, որ ի՞նչ դառնա: Լավ կլինի Հրազդանին միանա, առաջվա պես քաղսովետ թող լինի: Թե չէ, մենք համաձայն չենք, որ Սոլակը միանա մյուս գյուղերին»,-ասում է Սոլակ համայնքի բնակիչ 56-ամյա Մանվելը:



Մեզ հասած տեղեկություններով ապրիլին կայանալիք ընտրությունները հետաձգվել են մինչեւ հոկտեմբեր: Խոսակցություններ կան, որ նշված համայնքները կարող են միանալ Հրազդան քաղաքին, եւ չի բացառվում, որ առաջիկայում Հրազդանում ընտրություններ լինեն: Գուցե ընտրություները հետաձգելու պատճառն այն է, որ ՀՀԿ-ն խոշորացված համայնքի ղեկավարի հարմար թեկնածու չունի այս պահին՝ Հրազդանի վարկաբեկված քաղաքապետ Արամ Դանիելյանից դժգոհների թիվը շատ մեծ է, բացի այդ նրա անչափահաս որդու կողմից մահվան ելքով վրաերթից հետո նրան նորից առաջադրելը ոչ մի ձեւով չի հասկացվի:



**Նելլի Կարապետյան**