Երբ երկիրը մոնոէթնիկ է, բանակն ինչպե՞ս է բազմազգ

Երբ երկիրը մոնոէթնիկ է, բանակն ինչպե՞ս է բազմազգ
Վերջին հարցազրույցներից մեկում գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, որպես Ադրբեջանի նկատմամբ առավելություն, նշել է, որ մեր բանակում միայն հայեր են, միասնական, իսկ հակառակորդի զինված ուժերում ծառայում են նաեւ այլազգիներ, որոնք հայերի դեմ պատերազմել չեն ուզում: Սա դեռեւս 1992-94թ.թ. պատերազմի ժամանակներից շրջանառվող քարոզչություն է, որը երբեմն նաեւ քաղաքագիտական հեռու գնացող ենթադրությունների տեղիք է տալիս:



Ընդ որում, ադրբեջանական կողմը բավական հաճույքով է ընդունում մարտահրավերը եւ հակադարձում, որ՝ այո, Ադրբեջանը «բազմազգ երկիր է» եւ մատնանշում պատերազմի այլազգի «հերոսների, որոնք կռվել են հանուն հայրենիքի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության»: Ադրբեջանի ազգային հերոսների շարքում կա մեկ հրեա, մի ուկրաինացի վարձկան, իսկ թե նրանցից ով է լեզգի կամ թաթ, թալիշ՝ հայտնի չէ: Բայց այդ ժամանակներից անցել է քառորդ դար, Ադրբեջանում շատ բան է փոխվել: Ըստ պաշտոնական տվյալների, այդ երկրի բնակչության 98 տոկոսից ավելին կազմում են էթնիկ թուրք-ադրբեջանցիները: Նախիջեւանում եւ շրջաններում այդ թիվը հասնում է հարյուրի:



Այսինքն, այլ ազգության ներկայացուցիչները կազմում են Ադրբեջանի 10 միլիոն բնակչության ոչ ավելի, քան 2 տոկոսը: Թվաքանակով ամենամեծ էթնիկ խումբը լեզգիներն են, ապա՝ ռուսները: Վերջիններս գերազանցապես ապրում են Բաքվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ Ադրբեջանի ռուսական համայնքը ծերանում է: Եւ հեռու չէ այն օրը, երբ նրանց թիվը կհասնի մեկ-երկու տասնյակ հազարի: Այսպիսով, Ադրբեջանը ներկայումս մոնոէթնիկ երկիր է: Եւ նրա բանակը չի կարող բազմազգ լինել: Եթե առաջնորդվելու լինենք միջին-վիճակագրական ցուցանիշներով, ապա կստացվի, որ զորակոչվածների միայն 2 տոկոսն է այլազգի:



Իսկ եթե նկատի ունենանք, որ ռուսական եւ հրեական համայնքներում մարդկանց միջին տարիքը հասնում է 60-70-ի, կստացվի, որ նրանք զորակոչային տարիքի մարդիկ չունեն: Արդյունքում կարող ենք ասել, որ էթնիկ խմբերից Ադրբեջանի զինված ուժեր են զորակոչվում միայն լեզգիներ եւ թալիշներ: Այսինքն, 100 զորակոչվածից մեկը կամ լեզգի է, կամ՝ թալիշ: Սա է իրական պատկերը: Եւ հարկ չկա այդ թեմայի շուրջ ինչ-որ հեռանկար կառուցել: