Հայաստանը կներկայանա ուզբեկ ռեժիսորի նախագծով

Հայաստանը կներկայանա ուզբեկ ռեժիսորի նախագծով
Մարտի 13-17-ը Երեւանում կանցկացվի «Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը, որին կմասնակցեն կառույցի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան եւ անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված 65 հոգանոց աշխատանքային խումբը:



«Եվրիմաժը» համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի եւ ցուցադրության աջակցության հիմնադրամ է: Ստեղծվել է 1988 թվականին՝ Եվրոպայի խորհրդին առընթեր: Այսօր ունի 38 անդամ պետություն, ներառյալ՝ Հայաստանը: Հիմնադրամի ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչեւ 500 հազար եվրո: Երեւանում կայանալիք նիստի օրերին «Եվրիմաժի» աշխատանքային խումբը կդիտարկի եւ կգնահատի այս ժամանակահատվածի համար ներկայացված կինոնախագծերը:



Հայաստանը «Եվրիմաժին» անդամակցում է 2016 թվականից: Այս ժամանակահատվածում «Եվրիմաժից» ֆինանսավորում է ստացել համատեղ արտադրության երկու կինոնախագիծ. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) եւ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):



Երեւանյան գագաթնաժողովին ներկայացված է 54 կինոնախագիծ: Հայաստանը ներկայանում է մեկ նախագծով: Խոսքը վերաբերում է «Մարս մեդիա» կինոընկերության նախաձեռնած Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմին: Ֆինանսական հիմնական ներդրողը ռուսական կողմն է, ինչպես նաեւ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: «Սուսերով պար»-ի ռեժիսորն ու սցենարիստը Յուսուպ Ռազիկովն է: Ազգությամբ ուզբեկ ռեժիսորը հայկական մշակույթին ու միջավայրին ծանոթացել է ազգությամբ հայ խորթ հոր շնորհիվ: