Դռնփակ նիստերով եվս մի դուռ է փակվում

Դռնփակ նիստերով եվս մի դուռ է փակվում
«Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության անդամ, երաժիշտ **Եղիշե Պետրոսյանը** շատ վատ է գնահատում Երեւանի ավագանու եւ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումները։ «Ցանկացած ծածուկ բան վատ տպավորություն է թողնում։ Եթե բյուջեի միջոցներն են օգտագործվում, եւ այնտեղ էլ այդ միջոցներով վարձված մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքով պատասխանատու են իրենց գործունեության համար, ու նրանց աշխատավարձերն էլ ձեւավորվում են բյուջեից, որը մեր՝ հարկատուների հաշվին է գոյանում, ի՞նչ իրավունք ունեն այդ նիստերը ծածուկ անեն: Այսինքն՝ աչքակապոցի է, իրենց անձնական կյանքի հետ կապված ցանկացած հարցի առնչությամբ թող ինչ ուզում են՝ անեն, բայց ինչ վերաբերում է հանրային կյանքի լուսաբանմանը եւ դրա միջոցներին, պարտավոր են թափանցիկ անել»,- ասում է նա ու նկատում, որ սա նշանակում է նաեւ, որ դրանով փորձում են ժողովրդին հասնող ինֆորմացիայի հոսքը փակել․ «Մենք մտնում ենք սովետիզմի դարաշրջան, որտեղ ժողովուրդն ընդհանրապես իրենից ոչինչ չի ներկայացնելու, իրենք որոշելու են, իրենք ընտրելու են եւ անելու են այն, ինչ ուզում են, ժողովրդին մնալու է միայն դակիչի դեր կատարել։ Սա սրան է բերում»։



Չնայած ժողովրդավարական մի շարք կառույցներ դատապարտեցին այս քայլը, բայց կարծես՝ անարդյունք․ «Արեւմուտքն աչք է փակում ամեն ինչի վրա, բայց ինչի՞ դիմաց, այ, սա պետք է հասկանալ, ինչո՞ւ է այսքան բան ներում մեր իշխանություններին»։



Այդ դռնփակ նիստերով եւս մի դուռ է դրվում ժողովրդի եւ իշխանության միջեւ, որովհետեւ եթե լրատվամիջոցները միջնորդն էին ու այդ խոսքի փոխանցողը ժողովրդին, հիմա այլեւս դա չի լինի, որովհետեւ վերջին մի քանի ազատ լրատվամիջոցների ճանապարհն էլ են փակում։ Արդյունքում ստացվում է, որ հասարակությանը միայն պաշտոնական հաղորդագրություններով է տեղեկատվություն մատուցվելու, այս դեպքում՝ նաեւ իրենց ուզած տեղեկատվությունը։ «Հիմա էլ կառավարության ղեկավար նախապատրաստում են Սերժ Սարգսյանին, որն էլ մամուլի հետ չունի, նրա բոլոր հարցազրույցներին նախօրոք մի քանի լրատվամիջոցների են հրավիրում, հանդիպումներն էլ մոնտաժվում են եւ եթեր հեռարձակվում»։



Այսպիսի փակ դռներով էլ մտնում ենք նոր՝ 4-րդ հանրապետություն, որն ավելի շատ կհիշեցնի Սովետական Միությունը․ ««Պրավդան» էլ կգրի ինչ որ պետք է «գենսեկին»․ այդ ճանապարհն է, հատկապես, որ այս վերջին փոփոխություններն էլ հաջողեցին՝ հորով-մորով արեցին՝ նախագահի հարցը լուծեցին, հիմա էլ վարչապետի հարցն են լուծում, դրանից հետո մենք կգանք՝ հենց այդ կետին կհասնենք»։





**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**