Մշակույթի նախարարը տրանսպորտի նախարարի բիզնե՞սն է առաջ տանում

Մշակույթի նախարարը տրանսպորտի նախարարի բիզնե՞սն է առաջ տանում
Հայրենի կառավարությունը որոշել է «կանոնակարգել» տոմսերի էլեկտրոնային վաճառքի ոլորտը։ Կարծում են՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, շրջանառություն է թաքցվում եւ այլն։ Ու դրա համար 2017 թվականի հուլիսին 13-ի 850-Ն որոշմամբ հայտարարել են մրցույթ՝ էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգի ներդրման համար։ Մրցույթը կազմակերպել ու անցկացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հաղթող կազմակերպությունը պետք է ստեղծի մի միասնական համակարգ, որով թատրոնների, համերգասրահների, ժամանցի այլ կենտրոնների տոմսերի էլեկտրոնային վաճառք է տեղի ունենալու։ Քաղաքացին կարողանալու է ցանկացած ժամանցի վայրից ձեռք բերել ոչ միայն տվյալ, այլեւ որեւէ այլ ժամանցի վայրի միջոցառման տոմս։



Սա մեծ դժգոհություն է առաջացրել այս ոլորտում գործող երկու-երեք «խաղացողների» մոտ։ Տոմսերի էլեկտրոնային վաճառքով զբաղվող երեք հարթակ կա այսօր՝ toms.am, tomsarkgh.am եւ tomser.am: Դրանցից եւ ոչ մեկը չի մասնակցել մրցույթին ու մրցույթի նախաորակավորման փուլին։ Մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգ» ՍՊԸ-ն, որը հանդես է եկել ռուսական «ԻնֆոՏեխ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիումով։ Այսինքն՝ հայկական ընկերությունը, որը, ի դեպ, գրանցվել է ընդամենը 2017 թ․ մարտի 15-ին, օգնության է կանչել ռուսական խոշոր ընկերությանը, որպեսզի միասին բավարարեն մրցութային հանձնաժողովի առաջադրած չափազանց բարձր պահանջները։ Իսկ պահանջներն այսպիսին են։ Օրինակ՝ մրցույթի մասնակիցը պետք է վերջին 3 տարվա ընթացքում նմանատիպ համակարգերի ներդրման ոլորտում առնվազն 1 միլիոն դոլարի շրջանառություն ունեցած լինի։ Սրանով ինքնըստինքյան ոլորտից դուրս են մնում հայաստանյան շուկայում երկար տարիների փորձն ունեցող ընկերությունները։ Կամ մեկ այլ պահանջ՝ ընկերությունը պետք է ունենա նմանատիպ համակարգերի ներդրման փորձ առնվազն 50 թատերահամերգային, թանգարանային եւ մարզական կազմակերպություններում։ Ակնհայտ է, որ մրցույթի պահանջները «կարվել» են այնպես, որ դա լինի ընդամենը մեկ կազմակերպության՝ «ԻնֆոՏեխի» հետ միասնաբար հանդես եկող հայկական այդ մեկամյա ընկերության «հագով», որն էլ վերջերս մասնակցել ու հաղթել է մրցույթում։ Հիմա ընթանում է պայմանագրի ստորագրման գործընթացը։



Ի դեպ, միասնական համակարգ ստեղծելու փորձ նախկինում էլի է եղել մշակույթի նախարարության կողմից, երբ նախարարը Հասմիկ Պողոսյանն էր։ Այն ժամանակ ստեղծվեց tomser.am հարթակը, որը հավակնում էր դառնալ հենց այդ՝ միասնական օպերատորը, բայց նախարարը փոխվեց, պլաններն էլ՝ հետը, ու tomser․am-ի հավականություններն ի չիք դարձան։ Այս հարթակի հետեւում, ըստ տեղեկությունների, կանգնած է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ է։ Հիմա այս հարթակը գրեթե չի գործում ու մեկ-երկու հայտարարություն հազիվ ունի իր կայքում։ Այս ոլորտը համակարգելու անվան տակ բիզնես-նկրտումներ, փաստորեն, վաղուց են եղել ու եղել են նախարարների մակարդակով։ Հիմա էլ Արմեն Ամիրյանն է նման ձեռնարկով հանդես եկել, ու նրան, ի տարբերություն Պողոսյանի, սա կարծես թե հաջողվում է։ Այս դեպքում հաղթող ընկերության անունը, սակայն, կապվում է ոչ թե Ամիրյանի, այլ մեկ այլ նախարարի՝ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի, մասնավորապես՝ նրա բիզնես-գործընկեր Արա Յաղջյանի անվան հետ։ Այսինքն՝ այս «պրոյեկտների» հետեւում կանգնած անձինք պատահական դեմքեր չեն։



Տոմսերի էլեկտրոնային վաճառքով զբաղվող toms.am հարթակի ղեկավար Արուսիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ անգամ՝ մրցույթը եղե՞լ է, թե՞ ոչ․ «Էն ժամանակ, երբ դրվում էր էն առաջին համակարգը, որը «Լոմա սիսթեմսն» էր դնում, մրցույթի մասին խոսք չկար։ Էդ ժամանակ ես էլ հարց բարձրացրի՝ բա ինչի՞ տենդեր չկա, կարող է ես էլ եմ ուզում մասնակցել։ Իսկ էս երկրորդ անգամվա մասին լսել էինք, բայց չգիտեմ՝ մրցույթ կա՞, թե՞ չկա։ Գիտեմ, որ ինչ-որ կրետերիաներ կան, որ պետք է կազմվեն, նաեւ գիտենք, որ համապատասխան ընկերություն էլ չկա, որը կարողանում է էդպիսի ծրագիր կազմել»։ Իսկ երբ նրան տեղեկացրինք, որ արդեն կա հաղթող ընկերություն, Արուսիկ Պետրոսյանը զարմացավ․ «Էդ ե՞րբ հաղթեցին՝ խաբար չեղանք։ Իրենք իրենց մրցույթ արեցին ու հաղթեցին երեւի»։



Tomsarkgh.am էլեկտրոնային հարթակի ղեկավար **Արամ Բադալյանը** եւս նշեց, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել մրցույթի մասին, այդ մասին իմացել են մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից, երբ 2017-ի հոկտեմբերին մրցույթի նախաորակավորման փուլի արդյունքների մասին ինֆորմացիա էին տեղադրել։ Բադալյանն անիրատեսական է համարում մրցույթի համար առաջադրված պահանջները՝ նշելով, որ Հայաստանում ոչ ոք չէր կարող բավարարել այդ պահանջները։ Նա նաեւ նշեց, որ իրենք ունեն տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգ, որը տեղադրել են մի քանի թատրոններում, որով հնարավոր է տոմսերի վաճառք իրականացնել ցանկացած մշակութային կենտրոնից։ Այլ հարց է, որ դրանք հիմա միացված չեն ընդհանուր ցանցին։ Այսինքն՝ նմանատիպ համակարգի ներդրման փորձ ունեն։ Արամ Բադալյանը, ի տարբերություն Արուսիկ Պետրոսյանի, կանխատեսում է, որ սրա արդյունքում հնարավոր է իրենք փակվեն։ «Այո, միանշանակ։ Միասնական համակարգի էդ գաղափարի մեջ նշված էր, որ ով ուզում է, կարող է համագործակցել։ Բայց պայմանները ոչ մի ձեւ նշված չեն։ Մենք փորձում էինք մասնակցել էդ քննարկումներին, որպեսզի պայմաններն էլ բարձրաձայնեինք, բայց պայմանների մասին ոչ ոք ոչ մի բան չասաց։ Ու հիմա, եթե էդ համակարգը ներդրվի, կարող են լինել էնպիսի պայմաններ, որ ոչ մեկին ձեռնտու չլինի էդ համակարգին միանալ եւ տոմս վաճառել»։ Նա նաեւ հիշեցրեց tomser.am-ի բացման պատմությունը՝ ժամանակին այս ընկերությունը մտավ դաշտ, հարթակ ստեղծեց նորից նույն նպատակով, բայց ձախողվեց․ «Էն ժամանակ մեզ թույլ չէին տալիս համակարգ տեղադրել որեւէ տեղ, որովհետեւ իրենք էին գալու, իրենք եկան, դրեցին ֆիլհարմոնիկում եւ Օպերայում՝ նախարարի թույլտվությամբ, ու հետո, ինչպես ասում են, քարը գցեցին ոտքերին, չկարողացան աշխատել, վեց ամիս հետո իրենց հանեցին էնտեղից։ Հիմա իրենք կողքից ուղղակի մնացել են, չեն փակվում՝ էնքան որ, բայց ոչ մի բան չեն վաճառում»։



Մենք զանգահարեցինք tomser.am-ում նշված հեռախոսահամարով՝ նրանց կարծիքը եւս լսելու, բայց մեր զանգերին պատասխանող չեղավ։



Զրուցեցինք նաեւ մշակույթի նախարարության՝ այս մրցույթը կազմակերպած հանձնաժողովի քարտուղար **Արսեն Սողոմոնյանի** հետ։ Նա ասաց, որ իրենք մրցույթին մասնակցելու համար պաշտոնական հրավեր ուղարկելու խնդիր չեն ունեցել։ «Լրատվամիջոցներով էդ մասին ասվել է, մշակույթի նախարարության կայքում դրվել է»,- ասաց նա՝ թողնելով առանց մեկնաբանության, թե ինչպես է ստացվել, որ մյուսները չեն իմացել այդ մասին։ Դիտարկմանը, թե մրցույթի չափորոշիչներն այնպես են կազմվել, որ միայն մեկ ընկերություն մասնակցի եւ հաղթի, պարոն Սողոմոնյանն ասաց․ «Տեսեք, էնպիսի չափանիշներ են դրվել, որ հնարավորինս մեծ փորձառություն ունեցող կազմակերպություն լինի, նման ծավալի աշխատանք արած կազմակերպություն լինի՝ տարբեր ոլորտների, եւ որպեսզի կարողանա հետո պետության հետ աշխատել»։



Չափորոշիչները որոշողն էլ կառավարությունն է եղել, ո՛չ մշակույթի նախարարությունը, որն ընդամենը իրականացնողն է մրցույթի։ Հատուկ այնպիսի պայմաններ են առաջադրել, որ տեղական ընկերությունները չկարողանա՞ն մասնակցել, այլ հաղթի ռուսական ընկերության հետ կոնսորցիումով հանդես եկող մեկը։ Սողոմոնյանն ասաց․ «Ինքն ինչի՞ է գնացել կոնսորցիումի, որպեսզի էդ պայմաններն ապահովի։ Ցանկացած էստեղի կազմակերպություն, եթե էդ պայմանները չէր ապահովում, կարող էր ցանկացած նման փորձ ունեցող կազմակերպության հետ կոնսորցիումով հանդես գալ»։



Նկատեցինք, որ այդ հայկական ընկերությունը, որն ստեղծվել է 1 տարի առաջ եւ փորձ չունի այս ոլորտում, թերեւս ի սկզբանե իմացել է այս պահանջների մասին ու հենց այդ նպատակով է բացվել։ Սողոմոնյանն ընդամենը ասաց՝ չեմ կարող նման բան ասել, եւ թեման շեղեց դեպի ռուսական ընկերություն․ «Ամեն դեպքում, եթե հետաքրքրվել եք «ԻնֆոՏեխ»-ով, բավականին մեծ փորձառություն ունեցող ընկերություն է, եւ հանձնաժողովի կողմից դիտարկվել է «ԻնֆոՏեխ»-ի փորձառությունը, որը կոնսորցիումի անդամ է»։ Նա ընդունեց նաեւ, որ եթե դաշտում առկա ընկերությունները համագործակցեն մրցույթը շահածի հետ, չեն ստանա այն միջնորդավճարները, ինչ ստանում են այսօր, այլ ավելի քիչ կստանան։ Սողոմոնյանը դա պայմանավորում է նրանով, որ այդ ընկերություններն այլեւս այնքան ծախս չեն անի, ինչքան հիմա են անում։ Բայց դա գնահատման հարց է, եւ խիստ կասկածելի է, թե որքանով ձեռնտու կլինի այդ ընկերություններին, որոնք այս տարիներին ներդրումներ են արել, ռեսուրս են ծախսել ու հիմա ստիպված են իրենց հասույթը կիսել մեկ մոնոպոլ ընկերության հետ։



Ինչ վերաբերում է նրան, որ նորահայտ ընկերությունը, որը հաղթել է մրցույթում, կապվում է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի մտերիմների հետ, եւ թելերը տանում են դեպի «Ռոստելեկոմ» ընկերություն, որը նախկինում ղեկավարել է հենց Մարտիրոսյանը, Արսեն Սողոմոնյանը չմեկնաբանեց․ «Նման տեղեկություններ ես չունեմ»։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**