Սխալվելու իրավունք

Դատապարտել են, բզկտել, անարգանքի սյունին գամել, գործած մեղքերին հավելել բազում չգործածները, տնտղել մարդու բոլոր թերություններն ու վրիպումները, երեսով տվել գենետիկան եւ այլն, եւ այլն։ Այդ «չապրված» հուշերն են երեւի պատճառը, որ երբ հանրությունը կոլեկտիվ դատապարտումի ակցիաներ է կազմակերպում, փորձում եմ հասկանալ ու պաշտպանել «թիրախին»։ Ի վերջո, մարդը սխալական էակ է, եւ թող առաջինը քար նետի նա, ով երբեք չի սխալվել։
Ի՞նչ է տեղի ունեցել․ հեռուստատեսությունում աշխատող մի սկսնակ լրագրող խախտել է լրագրողական էթիկայի ու մարդու իրավունքների նուրբ սահմանները եւ իր հաղորդման ռեյտինգի շահից ելնելով՝ ծաղրել կալանավայրում գտնվող կանանց։ Եվ հասարակությունը, որը, որպես կանոն, չի էլ հիշում այդ կանանց գոյության մասին, չգիտի, թե ինչ պայմաններում են նրանք ապրում, ինչով են շնչում, ինչի կարիք ունեն, հանկարծ մեկ մարդու նման կանգնել է այդ կանանց պաշտպանության դիրքերում եւ քարկոծում է հարցազրույց արած աղջնակին։
Ամենադաժան գնահատականներն են հնչում նրա հասցեին։ Մինչդեռ, վստահ եմ՝ աղջիկը ոչ թե կոնկրետ այս կանանց ծաղրելու մտադրություն է ունեցել, այլ ընդամենը հետաքրքիր ու դիտարժան հաղորդում պատրաստելու։ Նա գուցե անգամ ավելի առողջ մոտեցում ունի նրանց նկատմամբ, քանզի նրանց վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր ազատության մեջ գտնվողներին։
Կարծիքներ