Արուսը տաղանդավոր և սուր միտք ունեցող լրագրող է

Արուսը տաղանդավոր և սուր միտք ունեցող լրագրող է

Միջազգային հարաբերությունների լեզվով ասած՝ ես հակահեգեմոնիալ դաշինքների կողմնակից եմ, իսկ քուչի լեզվով ասած՝ պարզապես չեմ սիրում, երբ վայրի գազանի պես, հազար հոգով հարձակվում եմ մեկի վրա: Ո՞վ երբևէ սխալ չի գործել, ո՞վ երբևէ տափակ միտք չի արտահայտել, բոլորն էլ գործել են ու ասել, ես էլ եմ ամեն օր ասում, հա ի՞նչ, և՞, դրա համար արժե՞ մարդուն խարույկ բարձրացնել: Մարդիկ ունեն սխալվելու իրավունք: Արուս Տիգրանյանն էլ ունի սխալվելու իրավունք։

Իմ խորին համոզմամբ՝ Հ1-ի հաղորդավարուհու առջև ինչ-որ պահանջներ դնելու փորձերը անիմաստ են: Միևնույնն է, ուզենք, թե չուզենք, նրա աշխատելաոճն այդպիսին է և կառուցվում է հենց այդ տրամաբանության վրա, որն է՝ ծաղրը, սև հումորը և այսպես շարունակ: Եվ այդ տեսանկյունից մենք որևէ նշանակալի արդյունքի հասնել չենք կարող: Այսինքն՝ բողոքի թիրախ պետք է դառնա ոչ թե հաղորդավարուհին, այլ հեռուստաընկերությունը, որը պատվիրում կամ էլ գնում է հաղորդավարուհու ռեպորտաժները: Մեծ հաշվով հաղորդավարուհին որևէ պատասխանատվություն չի կրում հանրության առջև, իրական պատասխանատուն Հանրային հեռուստաընկերությունն է, որը գործում է քաղաքացիների հարկերի հաշվին և դրանից ելնելով հաշվետու է հանրությանը:

Մի օրինակ բերեմ: Ինչ էլ ինձ հետ անեն, որքան էլ բողոքեն ու հայհոյեն, միևնույնն է, ես իմ գրելու ոճը չեմ փոխելու: Դրանից ելնելով առավել խելամիտ է ոչ թե պայքարել իմ դեմ, այլ թերթի ու կայքի գլխավոր խմբագրից պահանջել իմ հեռացումը, քանզի թերթում և կայքում հայտնվող ցանկացած հոդվածի առաջնային պատասխանատուն հենց նա է: Նույն տրամաբանությունը գործում է նաև «Լավ երեկո» հաղորդման պարագայում: Որքա՞ն կարելի է հողմաղացների դեմ պայքարել ու անիմաստ գոռգոռալ: Եթե իսկապես փոփոխություններ եք ուզում, ապա պայքարեք բուն խնդրի և առաջնային պատասխանատուների դեմ:

Օրինակ՝ Դիանա Գրիգորյանն ի՞նչ մեղք ունի, որ ինքը անտաղանդ է: Որքան էլ հայհոյեք, միևնույնն է, նա դրանից առավել տաղանդավոր չի դառնալու: Բայց «Արմենիա» հեռուստաընկերությունը, չգիտես ինչու, գնում է նրա արտադրանքը: Է, թո՛ղ չգնի, ո՞վ է ձեռքը բռնել: Այսինքն՝ անորակ սերիալների բուն պատճառը գնորդ հեռուստաընկերությունն է, այլ ոչ թե՝ սցենարիստը:

Եվ վերջում մի բարոյախրատական բան ասեմ: Արուսիկն ընդամենը ուսանող է, նոր-նոր կարիերա ձևավորող անփորձ մի լրագրող: Հայհոյելով նրան, մենք ոչ թե նպաստում ենք, որ հարկատուների հաշվին գոյություն ունեցող հեռուստաընկերությունը բարեփոխվի, այլ՝ մարդկային տեսանկյունից ոչնչացնում ենք ընդամենը մի երեխայի: Կրկնում եմ, նա սխալվել է, բայց այդ սխալի համար պատասխանատու են նրա խմբագիրները: Ես, որ սխալ եմ անում, իմ խմբագիրը ինձ կանչում է իր աշխատասենյակ ու բացատրություն պահանջում, քանի որ թերթի/կայքի պատասխանատուն նա է:

Արուսը տաղանդավոր, սուր միտք ունեցող լրագրող է, վստահ եմ՝ նրան շատ զիլ կարիերա է սպասվում։ Նա անում է այն, ինչին հավատում է, պարզապես պետք է հասկանալ, որ սահմանների ու սահմանագծերի մասին պատկերացումները բոլորի մոտ չեն կարող նույնը լինել։ Իհարկե, որոշակի խաղի կանոններ կան, բայց համընդհանուր կրեդոներ լրագրողի համար գոյություն չունեն: Հատկապես հումորով և սև հումորով զբաղվող լրագրողի համար: Թերևս այսքանը, շարունակեք ձեր հակահեղափոխական պայքարը հողմաղացների դեմ: