Մեհրիբանի պարտությու՞նը

Մեհրիբանի պարտությու՞նը
Ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարովան սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, որ 2019 թվականը պետք է դիմավորել առանց քաղբանտարկյալների: Այսպիսով նա ընդունել է, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ: Բայց ավելի ուշագրավ եւ ինտրիգային է Ջաֆարովայի կանխատեսումը, որ առաջիկայում ընդունվելիք համաներումը կտարածվի նաեւ Ալի Ինսանովի վրա:



Ինսանովը նախկինում զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը: Նա համարվում է Ադրբեջանում ծագումով հայաստանցիների ոչ պաշտոնական առաջնորդը: Ինսանովը երկարաժամկետ բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով: Բայց ադրբեջանական աղբյուրներն ասում են, որ նա մեկուսացվել է քաղաքական դրդապատճառներով: Անցյալ տարի լրացել էր նրա բանտարգելության ժամկետը, սակայն կալանավայրում դեղամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով նոր քրեական գործ է հարուցվել, եւ ինսանովը կրկին դատապարտվել է: Նրա գործը քննվում է ՄԻԵԴ-ում:



Նախկինում Ինսանովը մի քանի անգամ մերժել է ներման խնդրագիր ներկայացնելու առաջարկությունը: Դժվար է ասել՝ այս անգամ Ինսանովը ներման խնդրագիր ներկայացրե՞լ է, թե իշխանությունը որոշել է սեփական նախաձեռնությամբ նրան բանտից ազատ արձակել, բայց Նովելլա Ջաֆարովան հազիվ թե անհիմն հայտարարություն աներ: Ամենայն հավանականությամբ, Ինսանովի գործը վերանայվում է նախագահական ընտրություններից հետո սպասվող քաղաքական իրավիճակի համատեքստում, եւ Իլհամ Ալիեւը դրանով վարձահատույց է լինելու ծագումով հայաստանցիների կողմից իր նկատմամբ ցուցաբերվող լոյալությանը: Եթե դա այդպես է, ուրեմն պետք է արձանագրել, որ Մեհրիբան Ալիեւան ծանր պարտություն է կրում: Եւ Ադրբեջանի քաղաքական կյանքում հաղթում է նախիջեւանցիների եւ ծագումով հայաստանցիների կլանը:



Ի դեպ, որոշ մեկնաբաններ նաեւ դրանով են բացատրում Իլհամ Ալիեւի միլիտարիստական հռետորաբանությունը: Համարվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ նախիջեւանյան եւ ծագումով հայաստանցիների կլանն ավելի արմատական կեցվածք ունի: