Քարոզչական հնարք, որով բթացնում են հայ ժողովրդի ուղեղը

Քարոզչական հնարք, որով բթացնում են հայ ժողովրդի ուղեղը
Անդրադառնամ ևս մեկ կեղտոտ քարոզչական հնարքի, որը կիրառվում է արդեն 25 տարի` մեր ժողովրդի ուղեղները բթացնելու նպատակով: Խոսքը այն մասին է, որ իբրև թե Ադրբեջանը հարուստ ընդերք ունի (նավթ, գազ), իսկ ահա Հայաստանը` ոչ: Ու երբ հարցնում ես, թե ինչու՞ այս տարիների ընթացքում Ադրբեջանը կարողացավ այդպես զինվել, իսկ Հայաստանը մնաց 80-ականների սովետական մետաղաջարդոնի հույսին, ասում են․ «Դե ադրբեջանցիները նավթադոլարներ ունեն»: Հարց է առաջանում, բա ու՞ր են մեր պղնձադոլարները, մեր մոլիբդենադոլարները, մեր ոսկու, մեր անագի ու մնացած հանածոների դիմաց ստացվող դոլարները: Հարգելիներս, Հայաստանի ընդերքը նույնպես շատ հարուստ է ու այդ ամբողջ հարստությունը ուղղակի թալանվում է (սերունդներին թողնելով ընդամենը բռնաբարված էկոլոգիա):



Եթե Ադրբեջանի օլիգարխիկ կլանները թալանում են իրենց հարուստ ընդերքը, այնուամենայնիվ իրենց երկրին ու ժողովրդին մի փոքր բաժին են տալիս դրանից, այնուամենայնիվ բանակ են զինում ու պատերազմի են պատրաստվում: Իսկ հայոց քրեաօլիգարխիան թքած ունի հայ ժողովրդի վրա էլ, Հայաստան երկրի վրա էլ: Բոլորս գիտենք, որ Հայաստանից ապօրինի տարեկան մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի կարգի փող է դուրս գալիս ու նստում օֆշորային հաշիվների վրա: Բազմապատկեք այդ գումարը 25-ով ու կստանաք այն թիվը, որ մեր, այսպես կոչված, «անկախության» տարիների ընթացքում թալանվել է մեզանից (էլ չեմ խոսում 90-ականների սկզբներին իրագործված խայտառակ «սեփականաշնորհման» մասին, որի արդյունքում ուղղակի փոշիացվեց հարյուրավոր միլիարդների հասնող մեր ազգային հարստությունը):



Եթե օֆշորներում հանգրվանած այդ գումարների ընդամենը մեկ քառորդը ներդրվեր մեր բանակաշինության մեջ, մենք իսկապես կունենայինք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, ու անգամ Թուրքիային ի վիճակի կլինեինք ատամ ցույց տալ: Բայց հայ ժողովուրդը հանձնեց իր իրավունքները, հետևաբար նաև ընդերքն ու վերջին ունեցվածքը, ազգի տականքին, ու դրա համար վճարում է սահմանում կանգնած իր զավակների արյամբ, իսկ վաղը կվճարի նաև իր հայրենի հողով ու բյուրավոր անմեղ մարդկանց ընդհատված կյանքերով և խեղված ճակատագրերով։