Հաց բերողի հուշակոթողը նախատեսում են տեղադրել Մաշտոցի պուրակում

Հաց բերողի հուշակոթողը նախատեսում են տեղադրել Մաշտոցի պուրակում
Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Ճարտարապետների միության շենքում սկսվել են նրա հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացումը եւ հանրային քննարկումը։



«Քիչ է լինում, որ տարելիցի կապակցությամբ այդպիսի տոնական տրամադրություն է լինում, բայց Արթուր Սարգսյանի դեպքում այդպես է։ Եվ ես ավելի լավ կզգամ ինձ, եթե Արթուրն ապրի ոչ միայն իր թողած գեղեցիկ հետագծով, այլեւ իր թողած պատգամներով, որ մենք վերագտնենք մեր իսկական էությունը»,- ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։



Հուշարձանի նախագծի ցուցադրումը կշարունակվի մինչեւ մարտի 16-ը ներառյալ եւ բաց կլինի բոլոր ցանկացողների համար, ավելին՝ նախագծի հեղինակ Անահիտ Թարխանյանն ու մտավորականների խումբն ուզում են, որ դրանով սկսվի նաեւ հանրային քննարկումների շարք, մարդիկ արտահայտվեն, իրենց կարծիքն ասեն։ ՖԲ-ում արդեն բացվել է «Արթուր Սարգսյանի հուշարձան» էջը, որտեղ բոլորը կարող են իրենց կարծիքն ու գնահատականը թողնել։



Դերասանուհին ընդգծում է՝ հեղինակն աշխատել է քանդակը մոտեցնել Արթուրի բնույթին․ «Որովհետեւ ջրերից դուրս է գալիս շատ ամուր, կամային մի բնավորություն, ինչպիսին Արթուրինն էր, եւ ապա ապակու միջոցով նորից մաքրվում, բարձրանում դեպի հավերժություն՝ մեզ թողնելով իր պատգամները, որ մարդը մարդու հանդեպ պետք է լինի ոչ թե գազան, այլ նրան օգնելու, ձեռք մեկնելու մտադրություն ունենա»։



Նախագծի հեղինակ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է, որ հուշարձանն ստեղծելու ընթացքում մտածել են գնալ սիմվոլիզմի ուղղությամբ եւ ձեւավորել մի հոշակոթող, որը բոլորի համար պարզ կլինի եւ կհիշատակի բարոյական մի շարք արժեքներ, որոնցով օժտված էր Հաց բերողը։



Թարխանյանը հիշում է՝ դեռ 2017-ի հոկտեմբերին Եղիշե Պետրոսյանը, Թամար Հովհաննիսյանը, Հասմիկ Պապյանը, Գարեգին Դավթյանը եւ ինքը նախագիծն առաջին անգամ ներկայացրին հանրությանը։



Հուշակոթողը նախատեսում են տեղադրել Մաշտոցի պուրակում՝ հիվանդանոցի դիմացի հատվածում․ «Տարբեր տեղեր ուսումնասիրելով հասկացանք, որ Երեւանի տարածքում կա մի տարածք, որը քաղաքացիական ոգուն լիովին համապատասխանում է, եւ դա Մաշտոցի պուրակն է։ Այստեղ մենք գտանք հատված, որտեղ ծառ չի կտրվելու։ Փոքր բազալտե հարթակով դրվելու է հուշարձանը։ Ինքը թվում է, թե շատ մեծ է, բայց իրականության մեջ մեծ հուշարձան չէ, ընդամենը 3/3-ի վրա քառանիստ է։ Հիմնական նպատակն այն է, որ մարքությունից բարձրանում է հայ ժողովրդի կարծր բնավորությունը՝ իր բազմազան կողմերով»։



Ճարտարապետը հույս ունի, որ քաղաքապետարանից կստանան դրական որոշում հուշարձանը կանգնեցնելու համար․ «Եթե՝ ոչ, ամբողջ կյանքը դեռ առջեւում է, օրերից մի օր այդ դրական պատասխանը կստացվի, եւ հուշարձանը կկառուցվի։ Եվ եթե ոչ մենք, ապա մեր երեխաներն ու թոռները կտեսնեն Հաց բերողի հուշարձանը»։



Երգահան Եղիշե Պետրոսյանը չգիտի, թե կա՞ արդյոք աշխարհում մի քաղաք, գյուղ, որտեղ լինի Հաց բերողի հուշարձան․ «Ես մտածում եմ՝ չկա, եւ հիմա՝ ինչու չէ, շատ լավ է, որ ունենք այդ առիթը՝ ունենալու մեզ մոտ նման սիմվոլ, եւ ամեն ինչ պետք է անենք դրա համար։ Հաց բերողի, նաեւ այդ կիսվելու գաղափարը շատ սազում է մեր տեսակին, թող այս սիմվոլը լինի մեր քաղաքում, 2-րդ՝ այն շատ մոդեռն եւ յուրահատուկ բան է։ Ես մի առաջարկ էլ ունեմ, մենք կարող ենք մեր ազգի մոտ մի նոր ավանդույթ էլ մտցնել, ամեն տարի մարտի 16-ին հացի կարիք ունեցող մարդուն հաց բաժանենք։ Դա մեզ բոլորիս միայն կվեհացնի, կմաքրի»։



Հանդիպմանը ներկա էր նաեւ Հաց բերողի մտերիմ ընկեր Գեւորգ Մնացականյանը, ում դիտարկմամբ՝ հուշարձանն ավելի մոդեռն է ստացվել։ Գեւորգն ընդգծում է՝ Հաց բերողի կերպարը կապ չունի ապստամբության կամ ապստամբներին օժանդակելու հետ․ «Նա ուղղակի քայլ է արել՝ հաց է տարել մարդկանց»։



**Սոնա Ադամյան**