Ի՞նչ է ընտրում Վրաստանը

Ի՞նչ է ընտրում Վրաստանը
Մարտի 12-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը ընդունել է Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիին: Մինչ այդ Ադրբեջան էր այցելել Վրաստանի պաշտպանության նախարարը: Կողմերն ստորագրել են ընթացիկ տարվա ռազմական համագործակցության ծրագիրը: Վրաստանի վարչապետի ադրբեջանական ուղեւորության շուրջ տեղեկատվությունը չափազանց սուղ է:



Հայտնի է միայն, որ կայացել է Ալիեւ-Կվիրիկաշվիլի դեմ առ դեմ հանդիպում: Առայժմ կողմերը մամուլի համար հայտարարություն չեն տարածել: Ինտրիգն այն է, որ Վրաստանի վարչապետի այցին նախորորդած մի քանի օրերին ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնցում պաշտոնական Թբիլիսիի հասցեին կշտամբանքի եւ նույնիսկ կոշտ քննադատության պակաս չկար:



Ադրբեջանցի մեկնաբանները չէին զլանում անգամ հիշեցնել, թե Բաքուն Վրաստանի համար ծանր օրերին «անշահախնդիր օգնության ձեռք է մեկնել եղբայրական ժողովրդին»: Բացահայտ ասվում էր, որ Թբիլիսին Սաակաշվիլիից հետո «երկդիմի կեցվածք է դրսեւորում»: Տեղեկատվա-քարոզչական այդ արշավը պայմանավորված էր Վրաստանի վարչապետի Երեւան այցելությամբ եւ նրա որոշ հայտարարություններով, որոնցում ադրբեջանական կողմը նկատել էր «Հայաստանի մեկուսացմանը վերջ տալու»՝ Վրաստանի իշխանությունների մտադրություն:



Ամենայն հավանականությամբ, Վրաստանի վարչապետը Բաքու է ուղեւորվել, որպեսզի երկու հարեւան երկրների հետ հարաբերությունների պարիտետը պահպանվի: Եւ եթե նրա ու Ալիեւի միջեւ կայացել է դեմ առ դեմ հանդիպում, կարելի է ենթադրել, որ քննարկումներում տեղ է գտել նաեւ հայ-վրացական հարաբերությունների թեման: Ալիեւն, իհարկե, չի կարող իրեն թույլ տալ եւ Վրաստանի վարչապետից բացատրություն պահանջել: Նման դեպքերում դժգոհությունն արտահայտելու դիվանագիտական ձեւ գտնվում է:



Ինչպե՞ս կարձագանքի դրան Վրաստանը՝ ահա, թերեւս, ամենագլխավոր հարցը: Վրաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել եվրաինտեգրացիայի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ճանապարհին: Դա Թբիլիսիին տալիս է անվտանգության հարցերում ավելի վստահ լինելու հնարավորություն: Այս ուղղությունում Վրաստանը չունի Ադրբեջանի աջակցության կարիքը:



Բայց տնտեսության եւ հատկապես էներգետիկայի առումով Վրաստանում ադրբեջանական ներկայությունը բավական ծանրակշիռ լծակ կարող է լինել Բաքվի ձեռքին: Եթե, իհարկե, Վրաստանը չհակադարձի Ադրբեջանի համար իր կոմունիկացիոն եւ լոգիստիկ կարեւորությամբ: Վրաստանի վարչապետը Բաքվում խոսե՞լ է այդ մասին։