Երեք ընտրող էլ լիներ քվեարկության, ես կանցնեի. Հացավանի գյուղապետ

Երեք ընտրող էլ լիներ քվեարկության, ես կանցնեի. Հացավանի գյուղապետ
Մարտի 11-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:



Կոտայքի մարզի Հացավան համայնքնում միակ թեկնածուն գործող գյուղապետ Շավարշ Սարգսյանն էր, ով կրկին վերընտրվեց: «Չեմ գնացել ընտրության, քանի որ չեմ հավատում, որ ինչ որ բան կփոխվի, մեր գյուղը ոնց կա էս տարիների ընթացքում, այնպես էլ կմնա: Մարդիկ արդեն հիասթափվել են, էսօր նրանք քնում արթնանում են, մտածում, թե ի՞նչ եփեն, որ օրը ինչ ապառիկ ունեմ եւ մտածում են ոնց փակեն: Դրանից էլ գյուղում շատերն ընտրության չեն գնացել: Ժամանակին մեր գյուղում լավ հացահատիկ էին ցանում, այս տարի դա էլ չի լինի, քանի որ դիզվառելիքը թանկացել է եւ գյուղացուն վարուցանքը ձեռք չի տալիս»,-ասում է 55-ամյա Հովհաննեսը:



Հացավան համայնքում ընտրողների ընդանուր թիվը՝ 456-ն է, որից ընտրությանը մասնակցել ընդամենը 169-ը:



Թե ինչո՞ւ են հացավանցիները պասիվ մասնակցություն ունեցել ընտրություններին, համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանն ասաց. «Համայնքում ավագանու ընտրություն չկար, ես էլ միակ թեկնածուն էի: Իմ հնարավորության սահմանում այդքան են ընտրել: 3 ընտրող էլ լիներ քվեարկության, ես կանցնեի»:



**Նելլի Կարապետյան**