Գուցե շահագրգռե՞նք ընդդիմությանը

Գուցե շահագրգռե՞նք ընդդիմությանը
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից չորսում կայանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 14 համայնքներից 12–ում մեկական թեկնածու կա. այսպես կոչված` «այլընտրանքային» թեկնածուներն ընթացքում աստիճանաբար «մաղվել» են՝ ինքնաբացարկ հայտարարել կամ հետ վերցրել թղթերը: ՏԻՄ ընտրությունների հերթական փուլն անցնում է առանց ընդդիմության և նրա թեկնածուների մասնակցության: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված մրցակցություն ակնկալել չի կարելի, որովհետև, հիմնականում, համայնքի ղեկավարի ընտրության պարագայում կա մեկ թեկնածու:



Պատկերը, ինչպես տեսնում ենք, հաճելիներից չէ, թեև մենք վաղուց է, ինչ չենք զարմանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմության բացակայությունից կամ, ասենք, գյուղապետի պաշտոնի համար փեսայի և քենու մրցակցությունից: Տեղական ինքնակառավարման տեսանկյունից Հայաստանը, փաստորեն, անհրապույր երկիր է: Այդպես է ստացվում, երբ ամբողջ համայնքում ընդամենը մեկ մարդ է ճարվում, որ համաձայնում գյուղապետ դառնալ, կամ ավագանի կամ մի ուրիշ բան: Մարդիկ ձգտում չունեն, կարծես, չեն ուզում անցավ գլուխները ցավի տակ դնել:



Առանձին հրապարակումներ եղան այս օրերին, որոնց հեղինակները, ինչպես միշտ, պնդում են, որ դիցուք՝ ընդդիմության բացակայությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պայմանավորված է ՀՀԿ-ի ամենատիրությամբ: Ասում են՝ ՀՀԿ-ն տեղերում ամեն ինչ իրենով է անում, իր մարդկանց նշանակում համայնքապետեր՝ ի նշան երախտիքի համապետական ընտրություններում «տոկոս խփելու» դիմաց: Նման հայտարարությանը կարելի էր միանգամից համաձայնել, եթե ՀՀԿ-ի մարդիկ բոլոր տեղերում հաղթեին ընդդիմության ներկայացուցիչներին: Բայց ամբողջ հարցն այն է, որ նրանք հաղթում են հպարտ մենության մեջ, առանց ընդդիմության: Ես կասեի՝ ՀՀԿ-ն ոչ այնքան ամեն ինչ իրենով անելու ձգտում ունի, որքան ծակերը փակելու մտահոգություն: Ի վերջո ավելի մեծ խայտառակություն է 1-2 համայնքում համայնքապետ չունենալը, տեղական ինքնակառավարման մարմին չունենալը, քան 1-2 «ընդդիմադիր» համայնք ու համայնքապետ ունենալը:



Լրջագույն ընդդիմադիր հակումներով որոշ լրատվամիջոցներ էլ մեղադրում են սահմանադրությանը, որն, իբր, ընդդիմադիրների մեջ «էլ հավես չի թողել ընտրությունների մասնակցելու»: Կարելի է մտածել՝ սրանից մի քանի տարի առաջ ընդդիմադիրներն իրենց կոտորում էին տեղական ինքնակառավարման մարմնում ավագանի կամ հենց համայնքապետ դառնալու համար: Մի բան ասելուց առաջ, երևի պետք է մի քիչ մտածել, հարգելիներս: Եթե ընդդիմությունը մտածում է մեկ թափավազքով Ազգային ժողովում հայտնվելու մասին, ապա դա ընդդիմություն չէ: Եթե ընդդիմությունը կա, բայց գործում է միայն մայրաքաղաքում, ուրեմն նա առավելագույնը կարող է ձգել Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու նշաձողին: Եթե դու տվյալ գյուղի տեղը չգիտես քարտեզի վրա, ուրեմն չես կարող այդ գյուղում գյուղապետ ընտրվել, հետո էլ այդ գյուղի ձայներով՝ ԱԺ պատգամավոր: Եթե դու մեծ-մեծ բրդում ես Ազատության հրապարակում, բայց կուսակցական գոնե մեկ խումբ չունես Գյումրիում, ուրեմն իրավունք չունես բողոքելու, թե ինչու է Գյումրիում Սամվել Բալասանյանը քաղաքապետ:



Շատ ընդդիմադիրներ այս կամ այն ընտրություններին իրենց բացակայությունը բացատրում են փող չունենալով: Նրանց թվում է, թե դա շատ զորեղ պատճառաբանություն է, մինչդեռ դա քաղաքական գործընթացը կենցաղային մակարդակի իջոցնող լալկանություն է: Ես ոչինչ չեմ ասի, դուք բնութագրեք այն կուսակցությանը, որը գյուղերում մարդիկ ունի, բայց գյուղապետի 3 թեկնածու առաջադրելու փող չունի:



Գուցե ծիծաղելի թվա, բայց ես այս իրավիճակից այլ ելք չեմ տեսնում, քան ընդդիմությանը մի բանով շահագրռելն է: Կարելի է ԿԸՀ-ին մի քիչ փող տալ՝ ընդդիմության թեկնածուների համար մրցանակային ֆոնդ ստեղծելու համար: Կարելի է նույնիսկ անվանակարգեր մտածել, օրինակ՝ «ամենահաջողակ ընդդիմադիր թեկնածու», «հեղինակությունների սարսափ ընդդիմադիր թեկնածու», «մեկ գյուղում ամենաշատ ձայներ ունեցող ընդդիմադիր թեկնածու» և այլն: Ընդդիմադիր թեկնաուների համար կարելի է նաև վիճակահանություն անցկացնել, որ մի փոքր բան շահեն՝ ավտո, լվացքի մեքենա, հեռուստացույց, էլեկտրական թեյնիկ: Այս փորձը մենք ունենք չէ՞:



**Էդիկ Անդրեասյան**